Հանրագիտարան

Վաղարշավան

Վաղարշավան անունը ստացել է Վաղարշ Բ (196—215) թագավորի անունից, որին Մովսես Խորենացին, Ստեփանոս Ասողիկը և այլ պատմիչներ վերագրում են դրա հիմնադրումը։

Կիսավանդական պատմության համաձայն, Վաղարշը ծնվել է հենց այդտեղ և իբր ի հիշատակ իր ծննդի էլ հիմնադրել է այդ քաղաքը։ Ոմանք նույնացրել են այժմյան Հասանկալայի հետ, որ անընդունելի է։

Հիշատակվում է իբրև ավան, բերդաքաղաք և քաղաք։ Գտնվում էր Արաքսի և նրա ձախակողմյան վտակ Մուրցի (Հասանկալա) գետախառնուրդում, այժմյան Քյոփրիքյոյ գյուղի տեղում, ջրառատ ու գեղատեսիլ վայրում։ Թուրքերն Արևմտյան Հայաստանի հնագույն մի քանի բերդերի նման (Վանի բերդ, Ալաշկերտի բերդ և այլն) Վաղարշավանը նույնպես կոչում են Թոփրախկալա («հողե բերդ»). վարչական առումով հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Բասեն գավառի, իսկ թուրքական տիրապետության շրջանում Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ։
 
Վաղարշավանը մարդաշատ քաղաք չի եղել։ Արշակունիների թագավորության ժամանակներում հիմնադրված այդ քաղաքը երկար ժամանակ հիշատակվում է իբրև սովորական ավան և վարչական առումով գավառական քաղաք էր։ Այն սովորաբար նույնացնում են Մովսես Խորենացու հիշատակած «մեծ աւան Բասենոյի» հետ։ Իսկ պատմահայրը Վաղարշավան մեծ ավանի հիմնադրման մասին հաղորդում է. «Սա [Վաղարշակը] շինէ աւան մեծ զտեղի ծննդեան իւրոյ ի վերայ ճանապարհին,... ի գաւառին Բասենոյ, ի տեղւոջն, ուր խառնին Մուրց ու Երասխ. զոր շինեաց յիւր անուն և կոչեաց Վաղարշաւան» (Խորենացի, էջ 199)։ Անկասկած է, որ «մեծ աւան Բասենոյն» և Վաղարշավանը նույնն են։ Բասեն գավառում այդ պատմաշրջանում նշանավոր այլ բնակավայր՝ մեծ ավան կամ քաղաք չի հիշատակվում։ Այդ ավանն ուղղակի գտնվում էր Հասանկալայի արևելյան շարունակության վրա, վերջինից 3 — 4 կմ հեռավորությամբ և դրանց իրար հետ նույնացնելը, որ ենթադրաբար արել են որոշ ուսումնասիրողներ, ունի իր աշխարհագրական ու պատմական ելակետերը։
 
Վաղարշավանի ծաղկուն շրջանը Բագրատունիների թագավորության ժամանակներն էին։ Գտնվելով Արևելքն Արևմուտքի հետ միացնող Հայաստանի հյուսիսային քարավանային մեծ ճանապարհի վրա՝ Վաղարշավանը X — XI դարերում դարձել էր տնտեսական կյանքի աշխույժ կենտրոն, «մեծ դաստակերտ», ինչպես այն կոչել է Արիստակես Լաստիվերտցին։ Նրա հնավայրում պահպանված են մի ընդարձակ քարավանատան ավերակներ, իսկ մոտակայքում գտնվում է Հովվի հայտնի կամուրջը, որի վրայով անցնում էր նշված ճանապարհը։
 
XI դարում՝ 1048 — 49թթ. սելջուկ թուրքերն իրենց ավարառուական առաջին արշավանքների ժամանակ, ի թիվս Հայաստանի մյուս բազմաթիվ բնակավայրերի ու գավառների, գրավել և ավերել են նաև Վաղարշավանը։ Դեպքերին ժամանակակից Արիստակես Լաստիվերտցի պատմագիրը գրում է. «...և եկեալ [սելջուկները] մինչև ի գաւառն Բասեան, և մինչև ի դաստակերտն մեծ՝ որ կոչի Վաղարշաւան, քանդեալ ապա կանեցին գաւառս քսան և չորս սրով, և հրով, և գերութեամբ»:
 
Դրանից հետո Վաղարշավանն առանձին զարգացում չի ունենում, իսկ թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում հետադիմելով՝ վերածվել է անշուք գյուղի՝ Քյոփրիքյոյ անունով։ Այդ գյուղում, նրա կենտրոնում, պահպանվել են տաշած քարից կառուցված զանազան շենքերի ավերակներ, որոնց վրա արձանագրություններ չեն հայտնաբերված։ Բնակիչները դրանք անվանում են քարվանսարա կամ խան։ Եվրոպական ճանապարհորդները դրանք համարում են ճենովական կառուցվածքի ավերակներ, որ անընդունելի է։ Վաղեմի Վաղարշավանի հուշարձանների պսակը կազմում է Հովվի կամուրջը, որին թուրքերը թարգմանաբար կոչում են Չոբանաքյոփրի։
 
Այն գտնվում է պատմական Վաղարշավանի մոտ, Մուրց և Արաքս գետերի խառնարանի շրջանում, Արաքսի վրա։ Հավանաբար կառուցվել է IV դարում և կանգուն ու բանուկ է մինչև օրս։ Քարակերտ է, ունի 7 կամար և համարվում է Արաքսի պատմական ամենակարևոր կամուրջներից մեկը։ Ավանդությունը կամուրջի կառուցումը վերագրում է հովիվներին և դրանց անվան հետ էլ կապում նրա անունը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: