Հանրագիտարան

Սղերդ

Սղերդ քաղաքն այլ անուններ չունի։ Սակայն հիշատակվում են նույն անվան մի շարք տարբերակներ՝ Սղերտ, Սերդ, Սիրթ, Սիերդ և այլն։ Թուրքերն այժմ կոչում են Սիիրդ։ Սովորաբար միշտ համարվել է քաղաք, թեպետ իրականում սոսկ գյուղաքաղաք է։

Գտնվում է Արևմտյան և Արևելյան Տիգրիսների միախառնվելու տեղից ոչ հեռու, Արևելյան Տիգրիսի աջակողմյան վտակ Բիթլիսի (Բաղեշ) գետի ստորին հոսանքի շրջանում, Սղերդ գետակից 5—6 կմ հեռավորությամբ, սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1100 մ է և Արևմտյան Տիգրիսից գտնվում է ընդամենը 2—3 կմ հեռավորության վրա։ Կլիման շոգ է, ցամաքային։ Հողերը ոռոգվում են Տիգրիսի և նրա վտակների ջրերով։ Հայտնի է իր մրգաստաններով, հատկապես խաղողով։ Շրջակայքում կան կրաքարեր, մետաղական երևակումներ, ջերմուկներ։

Հնում Աղձնիք աշխարհի Խերհեթ կամ Սերխեթք գավառի կենտրոնն էր և դրանից էլ ծագել է նրա անունը։ XVI—XVIII դարերում մտնում էր Դիարբեքիրի նահանգի (վիլայեթ), իսկ դրանից հետո՝ Բիթլիսի նահանգի մեջ, դարձյալ լինելով Սղերդ համանուն գավառի կենտրոնը։ Այն գավառի միակ քաղաքն է։
 
Սղերդը գոյություն ունի շատ հնուց։ Նրա հիմնադրումը ոմանք կապում են Տիգրան Մեծի, ոմանք էլ՝ Սկայորդու անվան հետ։ Նույնիսկ մի ժամանակ ենթադրում էին, որ Սղերդը կառուցվել է հին Տիգրանակերտ քաղաքի տեղում։ Աղբյուրների հիշատակություններից երևում է, որ Սղերդը բավական բարգավաճ քաղաք է եղել նաև միջին դարերում։ Յակուտին իր «Աշխարհագրական բառարանում» այն համարել է «համբավավոր փոքր քաղաք»։
 
Սղերդը XVIII դարում ունեցել է 5600 տուն հայ բնակիչ։ XIX դարի սկզբներին նրա ունեցած 2500 տուն բնակիչների մոտավորապես կեսը դարձյալ կազմում էին հայերը։ 1800 — 1830 թթ. ուներ մոտ 17 հազար բնակիչ, որից 10000-ը հայեր, 1830 — 1850թթ.՝ 15 հազար բնակիչ, որից հայեր 6000: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին այստեղ կար 13000 բնակիչ, որից հայերը դարձյալ 6000 էին, մնացածները թուրքեր, արաբներ, քրդեր և ասորիներ։ 1895-ի կոտորածի ժամանակ թուրքերը կողոպտել են այստեղի եկեղեցին, առաջնորդարանը և դպրոցը, հայ բնակչության մեծ մասին բռնությամբ մահմեդականացրել, հոգևորականներին՝ կոտորել, կանանց՝ անարգել: Իսկ 1915-ի մեծ եղեռնի ժամանակ երիտթուրքերը բնաջնջեցին այստեղի հայությանը, խնայելով միայն 100 արհեստավորների, որպեսզի աշխատեն թուրքերի համար։
 
Սղերդում հավասար չափով զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, երկրագործությամբ և այգեգործությամբ։ Արհեստներով ու առևտրով գերազանցապես զբաղվում էին հայերը։ Տարածված արհեստներից էին պղնձագործությունը, դարբնությունն ու զինագործությունը, մանածագործությունն ու ջուլհակությունը, կոշկակարությունն ու դերձակությունը։ Առանձնապես մեծ համբավ ունեին այստեղ պատրաստված պղնձի ամանները, որոնց մի մասը վաճառվում էր գավառի և, նույնիսկ, նահանգի սահմաններից դուրս։ XIX դարի երկրորդ կեսից այստեղ աստիճանաբար առաջացել են նաև ավելի խոշոր տիպի ձեռնարկություններ՝ կաշվի, տեքստիլ, շալի «գործարաններ», որոնք սակայն քիչ են տարբերվել տնայնագործական և մանուֆակտուրային ձեռնարկություններից: Կրաքարով հարուստ Սղերդում գործում են կրի մի քանի գործարաններ, որոնց արտադրանքի մի մասը տարվում է այլ վայրեր։
 
Արտաքին և տարանցիկ առևտրի առումով Սղերդի դիրքը գրեթե միշտ նպաստավոր է եղել։ Հնում նրա մոտով էր անցնում VI դարից (մ. թ. ա.) բանուկ Պարսից «արքայական ճանապարհը», հետագայում այն միշտ հարմար դիրք է ունեցել Հայաստանից Միջագետք և Արևելքն Արևմուտքի հետ միացնող քարավանային ճանապարհների նկատմամբ`   գտնվելով դրանց հանգուցակետերից մեկում։ Նոր ժամանակներում քաղաքից դուրս էին գալիս մի քանի խճուղային և գյուղամիջյան ճանապարհներ։ Այնպես որ, Սղերդը արտաքին առևտրի համար և՛ տարանցիկ կետ էր, և՛ իր արհեստավորական արտադրանքներով ու գյուղատնտեսական մթերքներով մասնակցում էր այդ առևտրին։ Քաղաքն ուներ, իր շուկան, որտեղ XIX դարի վերջերին կային մինչև 100 խանութ ու կրպակ։
 
Յուրահատուկ գյուղատնտեսական բնակավայր է Սղերդը։ Նրա գյուղատնտեսական որոշ մթերքները`   սեխը, վարունգը, թուզը, նուռը բարի համբավ ունեին ամբողջ նահանգում։ Նա հայտնի էր նաև խաղողով։ Այստեղ մշակվում էր տեղական Շաֆի կոչված խաղողատեսակը, որի մասին այնքան մեծ գովեստով են խոսում տեղացիներն ու օտարերկրացի ճանապարհորդները։
 
Ներկայումս Սղերդը անշուք գավառական քաղաք է, չունենալով տարրական կոմունալ պայմաններ։ Թեպետ շրջակայքում կան խմելու ջրի պաշարներ, բայց ջրմուղ չի կառուցված և բնակչությունը խմում է գետի ջուրը առանց մաքրելու։ Քաղաքի տները հիմնականում երկհարկանի են, քարաշեն։ Ունի և կամարաձև կառուցված տներ։
 
Այստեղ կարելի է տեսնել պատմական տարբեր ժամանակներում կառուցված հուշարձանների և հնությունների ավերակներ ու հետքեր։ Քաղաքի շրջակայքում կան հին հայկական բերդերի ավերակներ։ Նրա տարբեր կողմերում կան հղկված ժայռեր, որոնց վրա քանդակված են հայերեն վիմագիր արձանագրություններ։ Սղերդում գործել է ս. Հակոբ անունով հայկական վանքը, որը XX դարի երկրորդ տասնամյակում արդեն ավերակի էր վերածվել։ Քաղաքն ունեցել է 3 եկեղեցի, որոնք մինչև առաջին համաշխարհային պատերազմը կանգուն էին և գործում էին։
 
Սղերդը հայկական գրչության կենտրոններից է։ XV դարի երկրորդ կեսում այստեղ գրված մի ճառընտիր հայտնի է մեր մատենագրությանը։ XIX —XX դարերում քաղաքում կային հայկական երկու կրթարան՝ մեկը տղաների, մյուսը՝ աղջիկների։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: