Հանրագիտարան

Սպեր

Սպերը թուրքերն այժմ կոչում են Իսպիր։ Սպերը սովորաբար նույնացնում են Յակուտի հիշատակած Ասբիրան կամ Ասպիրան բնակավայրի (գյուղի) հետ։ Անտիկ պատմագիրների մոտ կոչված է Սիսպիրատիս (հունական աղբյուրներում) կամ Սիսպիրա (լատինական աղբյուրներում):

Սպեր անվան ծագումը գիտականորեն վերջնականապես լուսաբանված կարելի է համարել։ Այդ անունը կապում են Հերոդոտի (V դ. մ. թ. ա.) հիշատակված ժողովուրդներից մեկի`   սասպեյրների անվան հետ։

Հիշատակվում է իբրև ավան, բերդաքաղաք, քաղաք։ Գտնվում է Ճորոխի և նրա վտակ Սպերի գետախառնուրդի մոտ, Ճորոխի աջ ափին, բլրի վրա։ Ունի մեղմ կլիմայական պայմաններ, ջրառատ է և ամբողջովին շրջապատված է փարթամ այգիներով։ Հնից ի վեր հայտնի է իր ոսկու հանքավայրերով, որոնց պաշարները տակավին չեն սպառվել։ Ստրաբոնն (I դ. մ .թ. ա. — I դ. մ. թ. ) այստեղ հիշատակում է նաև այլ հանածոներ, որոնց թվում և պղնձի երևակումներ։
 
Հնում Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Սպեր գավառի կենտրոնն էր և գավառի հետ միասին համարվում էր Բագրատունիների սեփականությունը։ Թուրքական վարչական բաժանմամբ մտնում է Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ իբրև Սպեր գավառակի կենտրոն։
 
Ակնհայտ է, որ եթե Սպեր անունը կապված է հնագույն սասպեյրներ ժողովրդի անվան հետ, ապա իբրև բնակավայր գոյություն ունի վաղագույն ժամանակներից: Այդ ժամանակներում առանձնապես հայտնի են եղել նրա ոսկու հանքավայրերը, որոնք շահագործման են ենթարկվել մեր թվականությունից հարյուրամյակներ առաջ։ Նա այնքան է հայտնի եղել, որ Ալեքսանդր Մակեդոնացին (356— 323 թթ. մ. թ. ա.) դեպի Արևելք կատարած իր արշավանքի ժամանակ Մենոն զորավարի հրամանատարությամբ մի հատուկ ջոկատ է ուղարկում այդտեղ արդյունահանված ոսկին ավարի ենթարկելու համար: Աղբյուրները հաղորդում են, որ տեղացիները քաջաբար պաշտպանել են իրենց արդյունահանած ոսկին և մեծ զորավարի ուղարկած ջոկատն անհաջողության է մատնվել, դրանց մեծ մասին տեղական ջոկատները ջրասույզ են արել Ճորոխ գետում, իսկ մնացորդները վերադարձել են ձեռնունայն։ Ոսկու հանքավայրում աշխատում էին հույները, որոնք առանձին գաղութներով Սև ծովի հարավային ափերին հաստատվել էին դրանից դարեր առաջ։ Ոսկու հանքերի հնագույն շահագործման հետքերը՝ հանքախորշերի, լվացման ավազանների, ավազի մնացորդները XIX—XX դարերում դեռևս նշմարվում էին։
 
Սպերի երբեմնի գրաված ընդարձակ տարածությունը, ավերակ բերդերը, դարավոր այգեստանները ցույց են տալիս, որ նա մի ժամանակ եղել է մարդաշատ ու ավելի հայտնի բնակավայր։ Նրա մասին հիշատակություններ ունեն հույն ու հռոմեացի պատմագիրները, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Աեբեոսը, Թովմա Արծրունին, Արիստակես Լաստիվերտցին, ավելի ուշ շրջանի պատմագիրները, վրաց հեղինակ Վախուշտին և ուրիշներ։ I դարում նրա տեղում գտնվում էր Սմբատավան բերդավանը՝ Բագրատունիների մի ճյուղի աթոռանիստը, որի տեղում հետագայում բարձրացել էր Սպեր քաղաքը։ Թուրք-պարսկական պատերազմների ընթացքում չնայած մեծապես ավերվել էր պարսիկների կողմից (1548 թվականին), սակայն նոր ժամանակների համեմատությամբ այն բավական մարդաշատ էր՝ նրա տների թիվը հասնում էր 4000—5000-ի։ Մինչդեռ XIX դ. սկզբին ուներ 900 տուն բնակիչ, իսկ մեր հարյուրամյակի սկզբին՝ շուրջ 350 տուն։ Այստեղի հայ բնակչությունը բնաջնջվեց 1915թ. եղեռնի հետևանքով, իսկ մի կերպ փրկվածները տարագրվեցին զանազան կողմեր։ Բնակչության զբաղմունքների մեջ կարևոր տեղ էին գրավում հանքային գործը և այգեգործությունը։ Զբաղվում էին նաև արհեստներով ու առևտրով։ Սպերը (Իսպիր) այժմ նույնպես փոքրիկ գյուղաքաղաք է, որի շուրջը փռված են նրա այգիներն ու պարտեզները։
 
Քաղաքի մոտ, անմատչելի ժայռի վրա պահպանվել են պատմական Սմբատավան բերդի ավերակները՝ պաշտպանական պարիսպների, դարպասների, աշտարակների, առանձին շենքերի չնչին մնացորդները։ Ճորոխ գետի վրա պահպանվել են նաև մի հին կամուրջի ավերակներ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: