Հանրագիտարան

Սալմաստ

Սալմաստը հնում սովորաբար կոչվել է Սաղամաս, Սաղամաստ, հետագայում նաև Սալմաս։ Գ. Խալաթյանի կարծիքով առաջացել է Ասորեստանի Սալմանասար թագավորներից մեկի անունից։ Հիշատակվում է նաև իբրև գյուղ։

Պարսկահայաստանի քաղաքներից է։ Գտնվում է Ուրմիա լճի հյուսիսարևմտյան ափի մոտ, Խոյ քաղաքից հարավ, հարթավայրում, Ուրմիա լիճը թափվող համանուն (Սալմաստ) ձկնառատ գետակի ափին։ Կանաչազարդ քաղաք էր, ուներ ընդարձակ փարթամ այգիներ։

Հնում Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի նշանավոր բնակավայրերից էր, ֆեոդալական փոքրիկ բերդաքաղաք, որը IX— XI դարերում ենթակա էր Վասպուրականի Արծրունիներին։ Հիշատակում են Փավստոս Բուզանդը, Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Գունդստաբլը, Յակուտը և ուրիշներ։ Դժվար է ասել, թե երբ է այն հիմնադրվել։ Համապատասխանում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Սագամասում վայրին։ Յակուտին իր «Աշխարհագրական բառարանում» համարել է «հռչակավոր քաղաք»։
 
Սալմաստը շատ է տուժել 1791 թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած սաստիկ երկրաշարժից։ Հետագայում քաղաքն ավելի է կորցրել իր նշանակությունը և եթե մի ժամանակ այն համանուն խանության, իսկ հետո Սալմաստի գավառի կենտրոնն էր, ապա այժմ սովորական գյուղ է։ XXդ. սկզբներից դադարել է գավառի կենտրոն լինելուց։ Գավառը շարունակվում է կոչվել Սալմաստ, բայց կենտրոնը արդեն Դիլման գյուղաքաղաքն է։ Սալմաստի գավառից 1829—1830 թթ. մեծ թվով հայեր են գաղթել Արևելյան Հայաստան, սակայն հետագայում էլ նրա բնակչության հիմնական զանգվածները շարունակում էին կազմել հայերը։ 1906թ. դրությամբ Սալմաստի գավառը (մահալ) ուներ հայկական 75 գյուղ՝ Հավթվան, Մահլամ, Ղալասար, Փայաջուկ (Րաֆֆու ծննդավայրը), Սավրա և այլն։
 
XIX դարի սկզբում Սալմաստն ուներ մոտ 1200 տուն հայ, քուրդ և ասորի բնակչություն, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին միայն հայկական տների թիվը հասնում էր 700-ի։
 
1923 թվականին Սալմաստի հայ բնակիչներից շատերը գաղթել են Սովետական Հայաստան և բնակություն հաստատել Գետազատ (մինչև 1948 թ.՝ Աղջաղալա) գյուղում։
 
Սալմաստը ունի ցորենի և գարու ընդարձակ դաշտեր։ Նրա հայ բնակիչներից շատերը տոհմիկ այգեգործներ էին և քաղաքը հայտնի էր իր ընտիր խաղողով ու գինով։ Ուներ տեղական աշխույժ առևտուր, քաղաքում գործում էին տասնյակ արհեստանոցներ, որոնց արտադրանքը հիմնականում սպառվել է գավառի շրջանակներում։
 
Ինչպես ասվեց, քաղաքն այժմ ավեր վիճակում է։ Նշմարվում են նրա միջնադարյան բերդի մնացորդները, առանձին կառույցների ավերակներ։ Այժմյան դրությամբ այն ոչնչով չի տարբերվում սովորական գյուղից։ Հայերն ունեին 3 եկեղեցի՝ ս. Հովհաննես, ս. Թովմաս և ս. Գևորգ, որոնց կից կա յին կրթարաններ։ XV դ. 50—80-ական թվականներին այստեղ գրվել է մի ավետարան, որին կից կա ընդօրինակող գրչի հիշատակարանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: