Հանրագիտարան

Ջերմուկ

Պատմական Հայաստանում բազում ջերմուկներ կան, որոնցից ոմանց մոտ առաջացել են մեծ ու փոքր բնակավայրեր։ Գրականության մեջ այս Ջերմուկը հիշատակվում է Ջերմեկ, Ջերմիկ աղավաղված ձևերով։

Հնում կոչվում էր Աբառնե կամ Ամմիանոս։ Ենթադրաբար նույնացնում են ասորեստանյան արձանագրություններում հիշատակվող Արանա կամ Արանիա երկրանվան հետ։ Տարբեր ժամանակներում և տարբեր հեղինակների մոտ համարվել է գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք։

Գտնվում է Պատմական Հայաստանի հարավարևմտյան մասում, Արևմտյան Տիգրիսի ակունքում գտնվող Ծովք (Գյոլջիկ) լճից հարավ, Դիարբեքիր քաղաքից հյուսիս-արևմուտք, Չնքուշի և Արղնիի միջև, լեռան ստորոտում։ Ջրառատ է. գյուղաքաղաքի միջով է անցնում Եփրատի ձախակողմյան մի փոքրիկ, քաղցրաջուր և ձկնառատ վտակ։ Կլիման մեղմ է։ Սքանչելի ամառանոցավայր է։ Ունի բարեբեր հողեր, պտղատու շատ այգիներ։ Հատկապես հայտնի է տանձով («ջերմուկի տանձ»), նռով և խաղողով։ Գյուղաքաղաքից 1 — 2 կմ հեռավորությամբ բխում են ծծմբային տաք աղբյուրներ՝ ջերմուկներ, որոնք խմելու համար պիտանի չեն, սակայն ունեն բուժիչ հատկություններ։ Դրանց մասին հիշատակություն ունի Մատթեոս Ուռհայեցին (XII դ.)։ Տեղացիները դեռևս միջնադարում պարզունակ եղանակով այդ աղբյուրներում բուժել են իրենց հոդացավերը։ Հնում Ջերմուկի շրջանը Չնքուշի հետ միասին կազմում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Դորեք (կամ Գորեք) գավառը, իսկ նոր ժամանակներում առանձին վարչական միավոր էր`   գավառակ (երբեմն՝ գավառ) Դիարբեքիրի նահանգում, կենտրոն ունենալով Ջերմուկ գյուղաքաղաքը։
 
Ջերմուկը XIX դարի սկզբներին ուներ մոտ 1000 տուն բնակիչ, իսկ 1872 — 73 թթ. շուրջ 350 տուն, որի մոտ կեսը կազմում էին հայերը, իսկ մյուս կեսը՝ թուրքերն ու քրդերը22: Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին նրա տների թիվը ավելի քան 400 էր։ Ջերմուկի և համանուն գավառակի հայ բնակչությունը ևս Արևմտյան Հայաստանի մյուս մասերի հայերի հետ միասին 1915 թվականին մասամբ ոչնչացվել և մասամբ էլ տեղահանվել է թուրքերի կողմից։ Ըստ թուրքական աղբյուրների, մեծ եղեռնի ժամանակ Ջերմուկի գավառակից, տեղահանված հայերի թիվը հասնում էր մոտ 3100 մարդու։
 
Ջերմուկի բնակչությունը զբաղվում էր բամբակի, ցորենի, գարու, բրնձի, խաղողի մշակությամբ։ Նրա խաղողը ընտիր էր և մասամբ վաճառվում էր այլ գավառների գյուղերում։ Սակայն գյուղաքաղաքի հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր առևտրով ու արհեստագործությամբ`   կաշեգործությամբ ու կոշկակարությամբ, ղարբնությամբ, մանածագործությամբ ու կտավագործությամբ, ջրաղացպանությամբ և այլ արհեստներով։
 
Ջերմուկի մոտ, լեռան վրա գտնվում է համանուն բերդը, որը կառուցվել է հայերի ձեռքով տակավին IX դարում։ Այժմ էլ միջնադարյան այդ բերդը, որ թուրքերը աղավաղված ձևով կոչում են Ջերմիկ, կանգուն է և իբրև տեսարժան վայր նշված է թուրքական տուրիստական քարտեզում։ Բերդի մոտ, լեռան ստորոտին կան հայկական երկու եկեղեցու ավերակներ։ Գյուղաքաղաքի մայր եկեղեցին, որ կառուցվել է 1300 թվականին, կոչվում էր ս. Աբդըլմսեհ:
 
Հայերն ունեին երկու վարժարան, որոնցից մեկը տղաների, մյուսը՝ աղջիկների։ 1872 — 73 թթ. երկու վարժարանի աշակերտ-աշակերտուհիների թիվը հասնում էր 71-ի, իսկ հետագայում`   XX դարի սկզբներին՝ ավելի քան 100-ի։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: