Հանրագիտարան

Ոստան

Վաղագույն ժամանակներից ի վեր Վանա լճի ավազանը դարձել էր հասարակական կյանքի աշխույժ կենտրոն, Հայկական լեռնաշխարհի ամենախիտ բնակեցված երկրամասերից մեկը։ Միայն Վանա լճի ափերին առաջացել էին 10-ից ավելի քաղաքներ ու գյուղաքաղաքներ՝ Վան, Բերկրի, Արճեշ, Արծկե, Խլաթ և այլն։ Դրանց թվում էր նաև Ոստանը։

Ոստան նշանակում է «արքունի կալված», «իշխանանիստ», «մայրաքաղաք»։ Այն տարբեր ժամանակներում և տարբեր պատմագիրների կողմից հիշատակվում է իբրև բերդ, գյուղ, ավան, քաղաքավան, քաղաք։

Պատմական Ոստան քաղաքը, որի ավերակների վայրը նոր ժամանակներում տեղացիները կոչում են Հերիշատ, գտնվում էր Վանա լճի հարավային ափի մոտ, լճափից մոտ 1 կմ հարավ, Աղթամար կղզու դիմաց, Արտոս լեռան հյուսիսարևմտյան լանջերին ու ստորոտին։ Քաղաքը բոլոր կողմերից շրջապատված էր պտղատու այգիներով։ Ուներ անուշահամ աղբյուրներ և գեղեցիկ պարտեզներ։ Նրա գեղատեսիլ բնությունը և անզուգական համայնապատկերը վարպետությամբ է նկարագրել Րաֆֆին, նրա անցյալ ժամանակների մասին ընդարձակ վկայություններ ունի Թովմա Արծրունի պատմագիրր, որին լրացնում են հետագա ժամանակների հեղինակները`   Մատթեոս Ուռհայեցին, Յակուտը և ուրիշներ։
 
Ոստանն իբրև բնակավայր գոյություն ուներ անհիշելի ժամանակներից։ IX դարից նրա մասին հիշատակություններ կան մեր մատենագրության մեջ։ IV—V դարերից Ոստանը Ռշտունյաց նախարարների աթոռանիստն էր, Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառի կենտրոնը։ Հետագայում, X դարի երկրորդ կեսում և XI դարի սկզբներին Ոստանը Աղթամար քաղաք-կղզու հետ միասին Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքն էր, իսկ նոր ժամանակներում՝ Վանի նահանգի (վիլայեթ) Գավաշի գավառի կենտրոնը։ Վերջինս մինչև առաջին համաշխարհային պատերազմը հիմնականում հայաբնակ էր և ուներ 35 հայկական գյուղեր, որոնց բնակիչները եռանդագին մասնակցություն են ունեցել Վանի 1915 — 1916 թվականների ինքնապաշտպանական կռիվներին և 1916 թ. նահանջող ռուսական զորքի հետ միասին գաղթել ու բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
 
Ոստանի ծաղկած ժամանակների՝ XI—XIII դարերի, բնակչության թվի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Բացառված չէ, որ այդ դարերում ունեցել է մինչև 15 հազար հայ բնակիչ, այսինքն այնքան, որքան ունեցել են Հայաստանի մյուս ոչ խոշոր տասնյակ քաղաքները`   Կապանը, Լոռին, Արծկեն, Երազգավորսը և այլն։ Ըստ առանձին հեղինակների վկայությունների, Ոստանը XIX դարի սկզբներին ունեցել է 600 տուն՝ ավելի քան 3000 բնակիչներով, իսկ XX դարի սկզբներին նրա տների թիվը նույնիսկ չէր հասնում 305-ի։ Ոստանի հայ բնակչությունը հարձակման է ենթարկվել 1895 —1896 թվականներին համիղյան ցեղասպանների կողմից։ 1909 թվականին նրա հայ բնակչությունը հասել էր նվազագույնի, իսկ մեծ եղեռնից հետո այդտեղ այլևս հայեր չէին մնացել։
 
Ոստանը քաղաքի էր վերածվել Արծրունի Գագիկ 1-ինի օրոք (908—940)։ Արծրունյաց տան պատմագիր Թովմա Արծրունին վկայում է, որ նա ջրանցքներ է կառուցել իր աթոռանիստի շրջակայքում և այդ վայրերը զարդարել պտղատու ծառերով ու սաղարթախիտ այգիներով։ Պատմիչը մեծ ոգևորությամբ նկարագրում է Ոստանի ձկնորսական հարստությունները, որոնք դարձել էին թագավորական գանձարանը հարստացնող մշտական աղբյուրը։ Սակայն միջնադարյան Ոստանի, բնակչության զբաղմունքները այգեգործությամբ ու տառեխի որսով չէին սահմանափակվում։ Գյուղաքաղաքի տնտեսական կյանքում կարևոր դեր էին խաղում նաև արհեստներն ու առևտուրը։ Ոստանը Վանա լճով և ցամաքային ճանապարհներով կապված էր լճի առափնյա շրջանների հետ, որը և նպաստում էր նրա առևտրի զարգացմանը։ Ոստանի բնակչության զբաղմունքները նոր ժամանակներում ևս նույնն էին։ Նրանք զբաղվում էին այգեգործությամբ, ձկնորսությամբ, տեղական նշանակություն ունեցող մի քանի արհեստներով ու մանրածախ առևտրով:
 
Ոստանը միջնադարյան Հայաստանի գրչության հայտնի կենտրոններից է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր՝ ավետարաններ, գանձարաններ, ճառընտիրներ, ժամագրքեր, ճաշոցներ: Ոստանի հայտնի գրիչներից են՝ Ծերուն քահանան, որ 1401 թ. գրել է մի ճառընտիր, Թումա քահանան, օր 1414 թ. գրել է մի ավետարան, Հովհաննեսը, Կարապետը և ուրիշներ։ Նրա գրչության դպրոցի ամենաեռուն ժամանակաշրջանը XV դարն է, թեպետ հիշատակություններ կան նաև XII և XIV դարերում մի քանի ձեռագրեր ընդօրինակելու մասին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, Ոստանում միայն XV դարի առաջին կեսում գրվել են 1 տոնական, 5 ավետարան, 1 ճաշոց, 2 գանձարան, 1 ժամագիրք, իսկ նույն դարի 50 — 80-ական թվականներին 3 ավետարան, 1 ճաշոց, 1 գանձարան։ Միանգամայն հասկանալի է, որ դրանք Ոստանում գրված կամ ընդօրինակված բոլոր ձեռագրերը չեն։ Նրա գրչության դպրոցի ձեռագրերի մեծ մասը միջնադարյան Հայաստանի բազում ձեռագրերի նման թշնամիների կողմից ոչնչացվել կամ «գերեվարվել» է, իսկ մյուս մասը «զոհ գնացել» երկրաշարժերի, հրդեհների և այլ աղետների ժամանակ։
 
Ոստանի հայ բնակչությունը XIX դարում և ХХ-ի սկզբներին ուներ իր կրթարանը և խալֆայական մասնավոր դպրոցները, որոնցում գրագիտություն էին ձեռք բերում փոքրավորները։
 
Ոստանի ճարտարապետական հուշարձանները, որ կերտվել էին միջնադարում, նոր ժամանակներ էին հասել միանգամայն ավերված վիճակում։ Գյուղաքաղաքի ամրացումն ու հիշատակության արժանի շենքերով գեղեցկացումը կատարվել էին Գագիկ Ա Արծրունու ժամանակ (X դարի առաջին կես) նշանավոր Մանվել ճարտարապետի ձեռքով։ Այդ ժամանակներում են կառուցվել նրա տաճարը, որին XIV—XV դարերում նվիրվել էին մի քանի ձեռագրեր, բերդը, գեղաքանդակ զանազան շենքեր, որոնց մասին վկայություններ կան պատմագիրների գրքերում և ձեռագրերի հիշատակարաններում։ Գագիկի ժամանակ Ոստանը փաստորեն Վասպուրականի բավական ընդարձակ թագավորության մայրաքաղաքն էր, որին փոխարինեց նրանից մի քանի տարի ավելի ուշ (բայց նույնպես Գագիկի օրոք) գեղատեսիլ քաղաքի վերածված Աղթամարը։
 
Ոստանի՝ Գագիկի և Գուրգենի կառուցած բերդը գտնվում էր քաղաքի ծայրին, լեռան վրա։ Նրա ավերակները՝ կիսավեր պարիսպները, աշտարակները և մյուս կերտվածքների մնացորդները XX դարի առաջին քառորդում պահպանվում էին։ Բերդը, չնայած մի քանի անգամ գրավվել ու ավերվել էր թշնամիների կողմից, բայց նորից վերականգնվել ու վերանորոգվել էր։ Այն վերջնականապես ավերվել էր XV դարում Սկանդարի հրոսակների կողմից։ Նկարագրություններից հայտնի է դառնում, օր Ոստանի բերդը, գտնվելով ժայռի վրա, դժվարամատույց է եղել։ Բերդ կարելի էր մտնել միայն երկու ճանապարհով, մեկը հյուսիսից՝ Վանա լճի կողմից, որը խիստ դժվարանցանելի էր, իսկ մյուսը՝ հարավից, որը համեմատաբար հեշտ անցանելի էր և բնակչությունն այս վերջինը կոչում էր Վերին ճանապարհ։ Վաղեմի բերդի ավերակներում նշմարվել են եկեղեցիների մնացորդներ, զանազան շենքերի հետքեր, վիմագիր արձանագրություններ։ Իսկ քաղաքի նոր շրջանի եկեղեցին կանգուն է եղել մինչև առաջին համաշխարհային պատերազմը։
 
Ոստանի շրջակայքը նույնպես հարուստ է զանազան հնություններով՝ եկեղեցիների ավերակներով, գերեզմանոցներով, ավերակ բնակատեղիներով։ Քաղաքի մոտ, նրա հյուսիսարևելյան կողմում է գտնվում ս. Նշան հայտնի վանքը, որտեղ, ըստ ավանդության, թաղված է Վարդանանց պատերազմի մասնակից ու պատմագիր Եղիշեն։
 
Պատմական Ոստան քաղաքի ավերակներից ոչ շատ հեռու այժմ գոյություն ունի մի քանի թաղերի բաժանված նույնանուն անշուք գյուղը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: