Հանրագիտարան

Շապին Գարահիսար

Այս քաղաքը հայտնի է եղել նաև Կոլոնիա (Կողոնիա) և Նիկոպոլիս անուններով։ Հնում և միջին դարերում սովորաբար հիշատակվում է իբրև բերդաքաղաք, նոր ժամանակներում գյուղաքաղաք, իսկ երբեմն էլ իբրև սովորական գյուղ։

Գտնվում է Սև ծովի ավազանին պատկանող Գայլ (Կելկիթ) գետի Ակշեհր վտակի ափին, ծովի մակարդակից 1482 մ բարձրություն ունեցող ժայռոտ լեռան ստորոտին, շրջապատված բավական արգավանդ հողատարածություններով։ Այստեղ ձմռանը լինում է առատ ձյուն և ձյունածածկը պահպանվում է հոկտեմբերից մինչև մարտի վերջերը։ քաղաքի շրջակայքում կան արծաթախառն կապարի հանքեր, որոնք շահագործվել են հին ժամանակներից։

Հնում Նիկոպոլիս-Շապին Գարահիսարը սահմանային բերդաքաղաք էր Փոքր Հայքի և Պոնտոսի միջև, բայց սկզբում վարչականորեն մտնում էր Փոքր Հայքի Առաջին Հայք պրովինցիայի, իսկ Հուստինիանոս կայսեր (527—-565թթ.) կատարած վարչական վերափոխություններից հետո Երկրորդ Հայքի մեջ։ Նոր ժամանակներում միշտ եղել է համանուն գավառի կենտրոնը, որը մերթ մտել է Տրապիզոնի նահանգի (վիլայեթ), մերթ էլ Սեբաստիայի մեջ։
 
Հիմնադրվել է մ. թ. ա. 60-ական թվականներին, հռոմեական զորավար Պոմպեոսի կողմից և սկզբում կոչվել Կոլոնիա։ (Կողոնիա) Փոքր Հայքի մյուս ավելի քան 10 քաղաքների հետ միասին Կոլոնիան նույնպես հիմնովին վերակառուցվել և ամրացվել է Հուստինիանոս կայսեր ժամանակներում։ Հավանական կարելի է համարել, որ Կոլոնիա-Նիկոպոլիսը բյուզանդական տիրապետության շրջանում ունեցել է 25—30 հազար բնակիչ`   գլխավորապես հայեր և հույներ։ Օսմանյան թուրքերն այն նվաճել են 1473թ.։
 
XIX դարի սկզբներին նրա հայ բնակչությունը մոտ 400 տուն էր։ Գրեթե նույնքան էին հույներն ու թուրքերը միասին վերցրած։ 1872 —1873 թթ. այստեղ կային հայկական 502, հունական 150 և թուրքական 2000 տուն բնակիչ։ Ըստ վկայությունների, XX դարի սկզբներին քաղաքն ունեցել է մոտ 20000 հայ, հույն, թուրք և այլ ազգի բնակչություն20: Բնակչության զբաղմունքները կազմում էին մոտ երկու տասնյակի հասնող արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը, քաղաքի շուկայի խանութների ու կրպակների թիվը 60-ից անցնում էր։ Նրա բնակչության զգալի մասը՝ գլխավորապես թուրքերը, զբաղվում էին հողագործությամբ, որի համար այստեղ կային նպաստավոր պայմաններ՝ արգավանդ հողեր, ոռոգելու ջրի բավարար պաշարներ, կլիմայական նպաստավոր պայմաններ։
 
Շապին Գարահիսարի համար առանձնահատուկ նշանակություն ուներ արծաթի և կապարի հանույթը։ Վիճակագրական տվյալների համաձայն, կապարաարծաթի հանքը XIX դ. երկրորդ կեսին տարեկան 4,5 միլիոն ռուբլու հասույթ էր տալիս։ Սակայն այդ պատկառելի քանակությամբ եկամուտներն ամբողջությամբ դուրս էին տարվում, որովհետև հանքավայրի շահագործումը հանձնված էր անգլիական մի առևտրական ընկերության։ Հանքավայրում հիմնականում աշխատում էին հույներն ու հայերը։
 
Արևմտյան Հայաստանի ողջ հայության հետ միասին Շապին Գարահիսարի հայ բնակչությունը ևս ենթարկվել է զանգվածային բնաջնջման և բռնի տեղահանման։ 1895թ. օսմանյան ցեղասպանների կազմակերպած ջարդերին զոհ գնացին 5000 գարահիսարցիներ, իսկ 1915թ. մեծ եղեռնի ժամանակ Շապին Գարահիսարն ընդհանրապես հայաթափ է լինում, նրա 7800 հայ բնակիչների մի մասը զոհ է գնում թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տարագրվում զանազան երկրներ։ Հետագայում միայն չնչին թվով հայեր նորից են վերահաստատվել իրենց հայրենի քաղաքում։ Այստեղի հայերի տարագրությունն սկսվել էր 1915 թ. հունիսի 24-ին, որին ուղեկցեց քաղաքի հայկական թաղամասերի հիմնահատակ ավերումը։
 
Ճարտարապետական առումով Շապին Գարահիսարի հիշատակության արժանի կառույցներից են հնադարյան բերդը, եկեղեցիներն ու մատուռները, մզկիթները և, մասամբ, վարչական շենքերը։ Նրա բերդը, որ մեր ժամանակներն է հասել կիսավեր վիճակում, հիմնադրվել է Պոմպեոսի ժամանակ (մ. թ. ա. 60-ական թվականներին)։ Կառուցված է սև առապարի վրա («գարահիսար» նշանակում է սև բերդ), անմատույց վայրում։ Դարեր շարունակ այս բերդը հայտնի է եղել իր անառիկությամբ և իզուր չէ, որ բյուղանդացիներն այն համարել են իրենց կայսրության ամենաամուր բերդերից մեկը։ Նրա նշանակությունն ավելի մեծ էր Հուստինիանոս կայսեր ժամանակ։ Վերջինս, հռոմեական շրջանից ժառանգված այդ բերդը վերանորոգել տալով ու ավելի ամրացնելով, դարձրել էր Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայի ամենակարևոր բերդաքաղաքը։ Բերդի դռան մուտքի վրա դրված է քարակերտ երկգլխանի առյուծ։ Արևմտյան ծայրում գտնվում է բերդի ութանկյուն մեծ աշտարակը։ Բերդի ներսում մինչև XX դարի սկզբները պահպանվում էին բյուզանդական մատուռի մնացորդներ։ Բերդում էր գտնվում նաև Հուստինիանոսի ժամանակ կառուցված 45 Ճգնավորց անունով տաճարը, որի հետքերն անգամ չեն նշմարվում:
 
XIX դարում և ХХ-ի սկզբներին Շապին Գարահիսարն ուներ հայկական երկու եկեղեցի, որոնցից մեկը՝ Մայր եկեղեցին կոչվում էր Նախավկա, ս, Ստեփանոս կամ ս. Աստվածածին՝ կառուցված 1274 թվականին, իսկ մյուսը, որ համեմատաբար նոր էր, կրում էր ս. Փրկիչ անունը։ Մայր եկեղեցին վառվել է 1885 թվականին Թևեքելյանների փռից ծագած հրդեհի հետևանքով։ Սակայն հայերը շատ շուտով, հրդեհից 7 տարի անց, նրա տեղում ավարտում են քարաշեն, երկհարկանի նոր եկեղեցու շինարարությունը։ Իսկ այս վերջինը համարվում է հայկական ճարտարապետության կարևորագույն կերտվածքներից։ Հոյակապ արտաքինը, լայնածիր գմբեթը, 18-ի հասնող քանդակազարդ շրջանակներով լուսամուտները, միանգամայն ինքնատիպ աշտարակաձև զանգակատունը, արծաթե մեծ խաչը, ընդարձակությունը, այդ բոլորը եկեղեցուն տալիս էին ակնահաճո տեսք։ Ականատեսները վկայում են, որ այդ եկեղեցին իր մեծությամբ հավասար էր Սեբաստիայի ու Կարինի մեծ տաճարներին և կարող էր տեղավորել մինչև 3000 մարդ։
 
XIX դարում և ХХ-ի սկզբներին Շապին Գարահիսարն ուներ հայկական դպրոցական բավական աշխույժ կյանք: Այստեղ գործում էին հայկական չորս վարժարաններ, որոնցից 3-ը բացվել էին XIX դարի առաջին կեսում, իսկ մեկը՝ նույն հարյուրամյակի վերջերին։ Ըստ տվյալների, 1872—73թթ. նրա երեք դպրոցները՝ Մուշեղյան, Փրկչյան, Աշխենյան վարժարանները միասին ունեին 400 աշակերտ և 150 աշակերտուհի։ Մուշեղյան վարժարանի սաներից է նաև զորավար Անդրանիկը։
 
Շապին Գարահիսարը հայ գրչության կենտրոններից է։ Այստեղ XV—XVII դդ, գրվել են տարբեր բովանդակությամբ ձեռագրեր։ Առանձնապես նշելի է գրիչ Գրիգոր երեցի 1633 թ. ընդօրինակած Տոնացույցը։
 
Շապին Գարահիսարը տվել է հայ մշակույթի և ազատագրական շարժման ականավոր մի շարք ներկայացուցիչներ։ Այստեղ են ծնվել մեծ ճարտարապետ, հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թ. Հ. Թորամանյանը (1864 — 1934), զորավար Անդրանիկը (Ա. Թ. Օզանյանը, 1865 —1927), բանաստեղծ և մշակութային գործիչ Լ. Ս. Էսաճանյանը և ուրիշներ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: