Մուշը կարևոր դեր է խաղացել հատկապես Արևմտյան Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքում։
Այն գտնվում է համանուն արգավանդ Մշո դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար ոչ բարձր լեռների փեշերին, թեք սարալանջի վրա։ Նրա հեռավորությունը Արածանիից (Արևելյան Եփրատ) մոտ 20 — 25 կմ է։ Քաղաքի հարավային կողմում ձգվող լեռնապարը և հեռու արևելքում բարձրացող նեմրութ լեռնագագաթը մի առանձին գեղեցկություն են տալիս նրա համայնապատկերին։ Մուշից առանձնապես հմայիչ է երևում Մշո դաշտի «փարոսը»՝ Նեմրութը, Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն լեռնագագաթներից մեկը։ Մուշի միջով հոսում է Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի օժանդակներից մեկը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Այդ գետակը աշխատեցնում էր 10 —12 ջրաղաց և ոռոգում շրջակայքի ցանքատարածությունները։ Ընդհանուր առմամբ քաղաքը ջրառատ է։ Եվ մասամբ այդ է պատճառը, որ նրա շրջակայքի լեռնալանջերն ու քաղաքին հարող դաշտերը ամբողջապես թաղված են եղել ծառաստանների, մրգատու և խաղողի այգիների մեջ, որոնցից այն կողմ բերրի դաշտերի ցանքատարածություններն էին ու ծխախոտի պլանտացիաները, որոնցով այնքան հայտնի էր Մշո դաշտը։ Գրեթե առանց բացառության բոլոր այգիներում տեղադրված էին մեղվափեթակներ և ունեին իրենց հնձանները։ Ամռանը Մշո դաշտում գազպե է ցողում, որ անհիշելի ժամանակներից ի վեր տեղացիները հավաքել ու պահել են իբրև ձմռան «մեղրի» պաշար։ Մշո դաշտում ամռանը, առավոտյան վաղ սառը օդի շերտերը հեռվից կապույտ երկնքի նման են` թողնելով պարզկա ջրերով լճի տպավորություն։
Մուշ անունը մենք ժառանգություն ենք ստացել հնագույն ժամանակներից ի վեր, և հազիվ թե հնարավոր է հայտնի լեզուներով դրա ծագումն ու իմաստը վերջնականապես ստուգաբանել։ Սակայն ժողովուրդը, առանձին պատմագիրներ ու ուսումնասիրողներ յուրաքանչյուրն իր ձևով փորձել է իմաստավորել, բացատրել Մուշ անվան առաջացումը, այն կապելով բնական որոշ երևույթների, քաղաքական դեպքերի, կամ հնագույն արձանագրություններում հիշատակվող ցեղերի ու աշխարհագրական անունների հետ։ Ժողովրդական ամենահին ավանդություններից մեկի համաձայն Մուշ անունը համարվում է «մշոիշ»-ից առաջացած` նկատի ունենալով այն, որ տարին բոլոր առավոտները Մշո դաշտը սովորաբար մշուշապատ է լինում։ Ժողովուրդը նույնիսկ փորձել է բացատրել նաև այդ մշուշի առաջացումը։ Ըստ ավանդության, իբր մշուշը արարում էր սիրո աստվածուհին՝ Աստղիկը, Արածանիում լողանալու ժամանակ՝ երկրի տարբեր մասերից նրա մոտ սեր հայցելու եկած երիտասարդներից իր մերկությունը շղարշապատելու համար։ Հեթանոսական ժամանակներից մեզ հասած այդ (կարելի է ասել բանաստեղծական) ավանդությունը տարբեր ժամանակներում և տարբեր ձևով մտել է ժողովրդական այլևայլ զրույցների ու նոր ավանդությունների մեջ՝ հիմք դառնալով մի շարք տարբերակների։ Թվում է, թե հենց այդ ավանդության ճնշման տակ է, որ թուրք հեղինակ Քյաթիբ Չելեբին Մուշը թարգմանել է «բուք» իմաստով, իսկ ոմանք էլ «մուշը» հայերեն համարել են «խոնավ թաց գետին, մամուռ»։ Այդ նույն ավանդության արձագանքը կարելի է տեսնել նաև՝
«Մշո դաշտ մշուշ է,
Իր հողն ու ջուրն անուշ է»
հայրենասիրական երգի մեջ։
Ոմանք, նկատի ունենալով, որ Մուշում քաղաքական շատ դեպքեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում բնակիչները տվել են մեծ թվով զոհեր, հակված են կարծելու, թե այդ անունը կապված է «մաշվել» (սակավամարդ դառնալ) բայի հետ։ Իսկ թուրքերը Մուշը հաճախ համարում են «մեշե»-անտառ բառից ծագած, մատնացույց անելով այն հանգամանքը, որ քաղաքի շուրջը կաղնիների ծառերը անտառ-պուրակ են կազմում։ Դրանք, անշուշտ, անտրամաբանական են և իրենց հիմքում չունեն արժանահավատ որևէ իրողություն։ Առանձնապես հիմքից ու պատմականությունից զուրկ է թուրքական ավանդությունը, չէ թր XI—XII դդ. առաջ թուրք-սելջուկները այստեղ ամենևին գոյություն չունեին, իսկ Մուշը հայտնի է դեռևս Արշակունիների թագավորության շրջանից։ Կարծիք է հայտնվել նաև այն մասին, որ իբր Մուշը կապված է Մուշեղ անձնանվան (նկատի ունենալով Տարոնի վեպի հերոս Մուշեղ Մամիկոնյանին) կամ ուղղակի հայերեն «մաշվել» բայի հետ, որոնք նույնպես գիտական առումով հետաքրքրություն չեն ներկայացնում։
Հնագույն ժամանակների պատմությամբ զբաղվող մասնագետներից շատերը հակված են կարծելու, որ Մուշ տեղանունը ամենայն հավանականությամբ մեզ է հասել խեթական և ասուրական ժամանակներից։ Նրանք գտնում են, որ այդ տեղանունը անմիջական կապի մեջ է գտնվում ասուրական Մուշկի երկրանվան և խեթական Մուշունի աշխարհագրական անվան հետ։ Ոմանք նույնիսկ այն նույնացնում են ասորեստանյան մի այլ, ավելի հայտնի, տեղանվան՝ Մուսասիրի հետ, որն անընդունելի է: Մեզ թվում է, որ ամենից հավանականն այն ենթադրությունն է, ըստ որի Մուշ քաղաքի (և Մշո դաշտի ու գետի) անունը առաջացած պետք է լինի հնագույն ժամանակներում Հայաստանի սահմաններում բնակություն հաստատած ցեղերից մեկի՝ մուշկ, մոսոխ կամ մոսխերի անունից, որոնց հետ է կապված նաև Մեծ Հայքի «աշխարհներից» մեկի՝ Մոկքի և համանուն նախարարական տան անունները։
Մուշն իր երկարաձիգ պատմության ընթացքում հիշատակ վում է իբրև տարբեր կարգի բնակավայր՝ երբեմն բերդ, երբեմն՝ ավան, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ Սակայն IX-X դարերից այն արդեն մեր մատենագիրների մոտ ամենուրեք հիշատակվում է իբրև քաղաք։
Մուշն ականատես է եղել քաղաքական շատ դեպքերի, ազատագրական բուռն շարժումների, երբեմն լինելով ուղղակի նրանց կիզակետում։ Ըստ մեզ հասած աղբյուրների, Մուշ քաղաքը Տարոն գավառի արևելյան մեծ մասի հետ միասին նախ պատկանում էր Սլկունիներին, ապա անցել է Մամիկոնյանների այն ճյուղին, որը կատարում էր սպարապետության պաշտոնը՝ աթոռանիստ ունենալով նույն գավառում գտնվող Ողական ամրոցը։ Սակայն Մուշի պատմությունը սկսվում է խոր հնությունից։ Այստեղ հայտնաբերված է ուրարտական Մենուա թագավորի (810—778 թթ. մ. թ. ա.) սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում նկատվում են կիկլոպյան ամրոցների հետքեր։
VIII դ. վերջին քառորդում, արաբական խալիֆայության դեմ ուղղված ժողովրդական ապստամբությունից հետո, Մուշ քաղաքը Տարոն գավառի հետ միասին անցնում է Բագրատունիների ձեռքը, որոնք այստեղ հիմք են գնում մի իշխանության, որը հետագայում՝ XI դ. հավանաբար նորից էր անցել Մամիկոնյաններին և իր մեջ Տարոնից բացի ընդգրկում էր նաև Սասունի մեծ մասն ու Խութը։ Հավանական է համարվում, որ Մուշը այդ ընդարձակ իշխանության կենտրոնն է եղել։
Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Մուշն առանձնապես կարևոր դեր է խաղացել 849—854 թթ. ժողովրդական ազատագրական պատերազմի ժամանակ։ Հայաստանում բռնկված ապստամբությունն արյան մեջ խեղդելու համար արաբական մի ստվարաթիվ բանակ Յուսուֆ ոստիկանի հրամանատարությամբ, Հարավային Հայաստանն ավերելուց հետո, 851—852թթ. ձմռանը դադար է առնում Մուշում՝, որպեսզի վաղ գարնանը շարունակի իր ասպատակությունները։ Արաբական ոստիկանը խաբեությամբ իր մոտ է կանչում Տարոնի տեր Բագարատ Բագրատունուն և փաստորեն կալանավորում նրան։ Թվում է, թե ճակատագրից անհնար էր խուսափել, երկիրը պետք է ենթարկվեր Յուսուֆի նոր ավերումներին։ Սակայն դեպքերն այլ ընթացք են ստանում։ 852 թ. վաղ գարնանը Սասունի և Խութի ազատասեր ապստամբ բնակչությունը Դավթի ու Խութեցի Հովնանի գլխավորությամբ իջնում է դաշտ և հանկարծակի հարձակվելով արաբական բանակի վրա՝ ջախջախում է այն։ Սպանվում է նաև Յուսուֆր և Հայաստանը մի պահ ազատ շունչ է քաշում մինչև Բուղայի ավելի արյունալի ասպատակությունները։ Հայտնի է, որ սասունցիների ու խութեցիների այդ դյուցազնական կռիվը դարձել է «Սասնա ծռեր» հերոսավեպի կենտրոնական ճյուղի՝ «Սասունցի Դավթի» հիմնական սյուժեն:
Թուրքական ծանր տիրապետության շրջանում (XVI—XIX դդ.) Մուշը ոչ մի հնարավորություն չուներ մեծ ու մարդաշատ քաղաք դառնալու։ Նա այդ ժամանակներում մնացել էր այնպիսին, ինչպիսին էր Յակուտի ժամանակներում։ Իսկ վերջինս Մուշի մասին հաղորդել է, որ «փոքր քաղաք է Խլաթի մարզերում, Հայաստանի հողի վրա»։ Այդ մռայլ ժամանակներում Արևմտյան Հայաստանի քաղաքները, որոնց թվում և Մուշը, մի կերպ իրենց խղճուկ գոյությունը պահպանում էին XVI — XVII դդ. պատերազմների ժամանակ ռազմական մատակարարումների շնորհիվ։
Մուշը Արևմտյան Հայաստանի կյանքում զգալի դեր է խաղացել նաև նոր ժամանակներում։ Այստեղ, Զեյթունի հայտնի ապստամբության ազդեցության տակ, XIX դ. 60-ական թվականներին տեղի են ունեցել զինված ելույթներ։
Հին և միջին դարերի Մուշի բնակչության թվի վերաբերյալ շատ թե քիչ արժանահավատ տեղեկություններ չեն պահպանվել: Միայն ենթադրվում է, որ X—XIII դարերում, երբ Հայաստանի քաղաքներն ապրում էին բուռն զարգացման շրջան, Մուշի բնակչության թիվը հավանաբար հասել է 20—25 հազար մարդու։
XIX դ. սկզբներին Մուշը ունեցել է ընդամենը 800—1000 տուն։ 1880—1914 թթ. քաղաքն ունեցել է մոտ 20000 բնակիչ, որից 11000-ը՝ թուրքեր ու քրդեր, իսկ 9000-ը՝ հայեր19: Տեղում աշխատանքի սակավության պատճառով իրենց օրվա հացը վաստակելու համար Մուշից պանդխտության են գնացել հազարավոր մարդիկ։ Աղբյուրները հաղորդում են, որ Մուշի գավառից միայն 1877 թ. պանդխտության են գնացել 17000 մարդ։ Նրանք գնում էին Կ. Պոլիս, Ռուսաստանի զանազան քաղաքներ, եվրոպական և ամերիկյան երկրներ։ Մշեցիները զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, մասամբ երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Արհեստների մեջ առանձնապես կարևոր էին կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, փականագործությունը, պայտարությունը, ներկարարությունը, կավագործությունը և այլն: Վերջինս հասել էր բարձր վարպետության և դրա արտադրած ամանեղենը, անոթները և տնային գործածության իրերը մեծ համբավ ունեին ամբողջ գավառում։ Հայ արհեստավորների թիվը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հասնում էր ավելի քան 300 մարդու։ Քաղաքի տնտեսական կյանքում արհեստագործությունից հետո իր նշանակությամբ երկրորդ տեղը գրավում էր առևտուրը։ Մուշը տեղական ճանապարհներով կապված էր գավառի մի շարք գյուղերի հետ: XIX դ. երկրորդ կեսից առանձնապես կարևոր նշանակություն է՝ ստանում դեպի նահանգի կենտրոն՝ Բիթլիս ձգվող սայլուղին, որը խճապատված էր։ Քաղաքի կենտրոնում գտնվում էր շուկան, որտեղ XIX դ. վերջերին հաշվվում էին մինչև 800 մանր ու մեծ զանազան կրպակներ։ Դրանցից 500-ը գտնվում էր հայերի ձեռքին։ Առևտրի ապրանքներից էին ծխախոտը, չոր մրգերը, գինին, մեղրը, գազպեն, արհեստավորական շինվածքները և այլն։
Մուշը համանուն գավառի կենտրոնն էր, իսկ վերջինս մտնում էր Բիթլիսի նահանգի մեջ։ Այստեղ էր նստում գավառի թուրքական կառավարիչը՝ մութասաիրը, որի տրամադրության տակ կար բավական մարդաշատ կայազոր։ Նրա աթոռանիստը` սարայը, մի անճոռնի շինություն էր և գտնվում էր շուկայում։ Մուշը միաժամանակ հայոց թեմակալի աթոռանիստն էր։
Նոր շրջանում Մուշը բաժանված էր երկու քաղաքամասի` հայկական և թուրքական։ Ուներ 12 մեծ ու փոքր թաղեր։ Քաղաքն ուներ քարաշեն բաղնիք, երկու իջևանատուն։ Կենտրոնում գտնվում էր շուկան իր հարյուրավոր կրպակներով ու խանութներով։ Փողոցները ծուռումուռ էին, նեղ, կեղտոտ, տները զուրկ էին բակերից և ցանկապատից, դրանք ցեխաշեն էին, իրար վրա կուտակված: Տարածքի սղության պատճառով փողոցում կերակուր եփելը, լվացք անելը և, նույնիսկ, երեխաներին լողացնելը սովորական էր։
Բուն քաղաքի շատ թե քիչ ուշադրության արժանի կառույցները սահմանափակվում էին եկեղեցիներով ու մզկիթներով։ Տարբեր ժամանակներում այստեղ հիշատակվում են 7 եկեղեցիներ` ս. Կիրակոս, ս. Սարգիս, ս. Փրկիչ, ս. Ավետարանոց, ս. Ստեփանոս, ս. Մարինե, ս. Հարություն, որոնցից 5-ը կանգուն էին և գործում էին XIX դարում և ХХ-ի սկզբներին։ Դրանցից քաղաքի մայր եկեղեցին համարվում էր ս. Մարինեն, որը միաժամանակ ամենաշքեղն էր, իսկ ամենահինը՝ ս. Փրկիչը, որ հիշատակվում է 851—852 թթ. դեպքերի առնչությամբ։ Մուշն ուներ բավական բարձր մինարեներով երկու մզկիթ, որոնցից մեկը հնում եղել է եկեղեցի։
Քաղաքն օղակված էր հնություններով ու պատմական կարևոր հուշարձաններով։ Նրա արևմտյան մասում տեղադրված էր բերդը՝ միջնաբերդը, որը հիշատակվել է Զենոբ Գլակի, Թովմա Արծրունու, Ասողիկի մոտ։ Այն քարաշեն էր, շրջափակված աշտարակավոր պարսպով։ Մինչև XX դ. սկիզբը բերդը կանգուն էր և այդտեղ էր զետեղված թուրքական կայազորը։ Բերդն իր շրջակայքով կազմում էր հատուկ թաղ՝ բերդի թաղը, որ թուրքերը կոչել են Ղուրթ Մահլլեսի («Գայլի թաղ»)։ Ավանդության համաձայն առաջին անգամ այստեղ բերդ է կառուցվել Գայլ Վահան Մամիկոնյանի ժամանակ։
Մուշի մյուս հնություններից ուշադրության արժանի են նրա արևմտյան կողմում գտնվող Մուշեղյան բերդի («ձմեռանոց»), հարավային կողմում եղած՝ նույնանուն բերդի («ամառանոց»), արևելյան կողմում տեղադրված Աստղաբերդի և հարավում գտնվող Հողեբերդիկի ավերակները։ Կիսաավանդական պատմության համաձայն, վերջինիս մոտ, Արնգուբ կոչված վայրում է նահատակվել Գայլ Վահանը։
Մուշն ունեցել է հիշատակության արժանի մշակութային կյանք։ XIX դ. վերջերին և ХХ-ի սկզբներին այստեղ գործում էին հայկական 7 դպրոց, որոնցից 5-ը թաղային եկեղեցիներին կից էին, իսկ մյուս երկուսից մեկը օրիորդաց դպրոցն էր, որ հիմնադրվել էր Հովսեփ Իզմիրյանցի կտակով 1884 թ., իսկ մյուսը` Միացյալ ընկերության վարժարանը, որը թաղային դպրոցների համեմատությամբ ավելի բարձր տիպի էր։ Դպրոցներից բացի քաղաքում գործում էին նաև երկու որբանոց, որոնք պահվում էին պատիրարքարանի միջոցներով։
Մուշը եղել է գրչության կենտրոններից։ Այստեղ XIII—XV դարերում գրվել կամ ընդօրինակվել են մի շարք ձեռագրեր՝ ավետարաններ, Ճաշոց, Տոնական, Նոր կտակարան և այլն։ Հայ մշակույթի պատմության մեջ առանձնապես նշվում է 1204 թվականին գրիչ Վարդան քահանա Կարնեցու ձեռքով գրված նկարազարդ Տոնականը, որը հայ գրչության ու մանրանկարչության առաջնակարգ գործերից է և նախկինում պահվում էր Մշո Առաքելոց (կամ ս. Ղազար) վանքում, իսկ այժմ գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Առիթից օգտվելով պիտի ասել, որ Մուշի մշակութային կյանքում Առաքելոց վանքը (որ ավելի հաճախ կոչվել է ուղղակի Մշո Առաքելոց վանք) խաղացել է կարևոր դեր։
Մուշի մշակութային կյանքի համար էական նշանակություն է ունեցել նաև այստեղ Գ. Սրվանձտյանցի խմբագրությամբ 1863 — 1865թթ. լույս տեսած «Լրատար արծվիկ Տարօնոյ» լրագիրը։
Բավական մեծ թիվ են կազմում Մուշում ծնված հայ հասարակական գործիչները, գիտության և արվեստի աշխարհի երախտավորները։ Այստեղ է ծնվել նաև հայ երգարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Արմենակ Շահմուրադյանը (1878—1939), որին սովորաբար կոչել են «Տարոնի սոխակ»։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կազմակերպած հայկական ջարդերի հետևանքով հարյուրավոր գյուղերի և տասնյակ քաղաքների հետ միասին Մուշը նույնպես զրկվեց հայ բնակչությունից։ Նրա հայ բնակչությունը զանգվածորեն զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մի կերպ փրկվածները ապաստան գտան գլխավորապես Արևելյան Հայաստանում։