Հանրագիտարան

Աշտարակ

Երկիր`   Հայաստան
Մարզ`   Արագածոտն
Առաջին հիշատակում`   IX-րդ դար
Խոսվող լեզուներ`   hայերեն
Բնակչություն`   20636 մարդ (2008)
Ազգային կազմ`   hայեր
Կրոնական կազմ`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն`   աշտարակցի
Հեռախոսային կոդ`   +374 (232)
Փոստային ինդեքսներ`   0201-0205

 

Աշտարակը Հայաստանի Արագածոտնի մարզկենտրոնն է: Քաղաքը ունի 30 000 բնակիչ։ Գտնվում է Քասաղ գետի ափին, Երևանից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Այգեվետ բնակավայր է, ոռոգվում է հիմնականում Քասաղի ջրերով։ Խմելու ջուրն ստացվում է Սաղմոսավանի, Նազրևանի, Շորշորի աղբյուներից։
 
Պատմություն
Աշտարակում կան հայ արվեստի նշանավոր հուշարձաններ, իսկ բրոնզի և երկաթի դարերին վերաբերող նյութերն ապացուցում են նրա շատ հին բնակավայր լինելը։ Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարում։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Քաղաք է 1963-ից։
Աշտարակ քաղաքը ՀՀ Արագածոտն մարզի կենտրոնն է: Ընկած է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 13կմ հյուսիս արևմուտք: Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները: Բնակչությունը հաշվվում է շուրջ երեսուն հազար, բացառապես հայեր: Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակը, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը: Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի:
 
Անվանում
«Աշտարակ» հասարակ գոյականը իրանական ծագման բառ է, որ հայերենում կրում է «ուղիղ բարձրացող կառույց», «բերդապարսպի բուրգ», «սլացիկ բարձրաբերձ շինություն» իմաստները: Հակոբ Մանանդյանը տեղանունը իրավացիորեն նույնացնում է 4-րդ դարի Պևտինգերյան քարտեզում նշված Strangira կայարանի հետ, ենթադրելով, որ բառն ունի նախահայկական ծագում, երբ դեռ «աշտարակ» բառը հայերենում գործածական չէր: Գրիգոր Ղափանցյանը, ընդունելով Մանանդյանի այս տեղայնացումը, բառի մեջ առանձնացնում է Str- արմատը, և այն համարելով հայերեն «Շտր» հնչյունակազմի լատիներեն տառադարձություն, գտնում, որ բառի մեջ առկա է ասուրական Իշտար դիցուհու անվան փյունիկյան «Աշտար» արտահայտչաձևը: Փորձեր են արվել աշտարակ բառը կապել նաև «աշտ» (խաղաղ, բարեմիտ, հեզ), «յաշտ» (զոհաբերություն) իրանական արմատների հետ, որոնք ինչպես և «աշտարակը» ավելի ուշ փոխառություններ են և այդ պատճառով ստուգաբանությունը դարձնում են անընդունելի: «Շտր» բառը, անկասկած, կարելի է հանգեցնել «Իշտար» կամ «Աշտար» նախաձևին, ինչպես կռահել է Գր. Ղափանցյանը: Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ աքքադական այս հայտնի աստվածուհին Հայկական լեռնաշխարհում բոլորովին այլ անվանում է ունեցել: Ուրարտերեն լեզուն կրողները նրան կոչել են «Սարդի», նոր ճշգրտումներով և ավելի շուտ «Շարդի», իսկ հայերը`   «Աստղիկ», որոնցից ոչ մեկը և ոչ մյուսը չէին կարող «Շտր» բառամասի համար հիմք ծառայել: Ուրեմն «Շտր»-ն պետք է փնտրել հայերեն բառագանձի այլ շերտերում: Հայ հնագույն էպիկական ստեղծագուրծությունների մեջ «Շիդար» անունով ճանաչվում է առասպելական Արտավազդ արքայի որդիներից մեկը, իսկ «շիդարներ» կոչում են նույն արքային ուղեկցող դիցաբանական արարածները: Այս բառի ծագումը նույնպես բանասերները կապում են Իշտար աստվածուհու հետ: Սակայն պետք է ասել, որ այդ կապը միայն միջնորդավորված է ոչ ուղղակի: Արդեն շեշտվեց, որ Իշտարը լեռնաշխարհում հայտնի է որպես Սարդի և Շարդի: Այս դիցուհուն են նվիրված Ուրարտական Սարդուրի կամ Շարդուրի արքայանունները: Ինչ-ինչ արտասանական առանձնահատկությունների պատճառով Շարդուրի անունը կրող բիայնական արքաները աքքադական արձանագրություններում հայտնի են որպեսՍիդուր, և երբեք ոչ այլ կերպ: Եթե բառը հայերենին փոխանցման պարագայում գործել է նույն արտասանական յուրահատկությունը, ապա «ու-ա» սովորական անցման դեպքում հենց այդ անունն էլ պետք է համարել հայ բանահյուսության մեջ պահպանված «շիդար» բառի, ինչպես նաև լատիներեն «Str» հնչյունակազմի հիմքը: Այսպիսով Շիդուր Կամ Շիդար բառը հաստատորեն մատնացույց է անում բիայնական Սարդուրի անունը կրող արքաներից մեկին: Բնականաբար նա չէր կարող լինել Սարդուրի առաջինը, որը հետագա Այրարատ նահանգում որևէ հայտնի ներկայություն չի ունեցել: Իսկ ահա Արմավիր և Երևան քաղաքների հիմնադիր Արգիշտի 1-որդին`   Սարդարի II-ը, այս տարածքներում լայն գործունեություն է ծավալել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: