Հանրագիտարան

Մոկս

Այժմ թուրքերը կոչում են Մոկուս և սովորական գյուղ է: Հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաքավան։ Այստեղ Ամենափրկիչ վանքում պահպանվել է Գասպար անունով ոմն մոգի գերեզմանը, որի հետ էլ ոմանք կապում են Մոգս-Մոկս անվան ծագումը։

Դա պարզապես ժողովրդական-ավանդական ստուգաբանություն է և չի կարող համարվել գիտական։ Այդ անվան առաջացումը սովորաբար կապում են հնագույն նույնանուն ցեղի, ժողովրդի անվան հետ, որ ընդունելի է։

Մոկսը գտնվում է Վանա լճից հարավ, Ոստանից մոտ 38կմ հեռավորությամբ, Արևելյան Տիգրիսի աջակողմյան վտակ Մոկս գետի եզերքին, սարավանդի վրա, որը բոլոր կողմերից պատած է խիստ զառիվեր լեռներով։ Գյուղաքաղաքը թաղված էր այգիների կանաչ ծովի մեջ։ Կլիման մեղմ է, առողջարար, ձմեռը տևում է շուրջ 5 ամիս։ Փարթամորեն աճում են ընկուզենին, տանձենին, խնձորենին, սալորենին։ Ջրառատ է. կան բազմաթիվ, սառնորակ աղբյուրներ և առվակներ, որոնք թափվում են քաղաքավանի միջով հոսող Մոկս գետի մեջ։
 
Հնում կոչվել է Մոկք և եղել է Մոկաց աշխարհի Մոկք Առանձնակ գավառի կենտրոնը։ Այն համարվում էր Մոկաց աշխարհի տերերի`   Մոկաց նախարարների ոստանը։ IX—XI դարերում համանուն գավառի և աշխարհի հետ միասին ենթարկվում էր Արծրունի իշխաններին-թագավորներին, իսկ դրանից հետո նախ անցնում է Բյուզանդիային, ապա այստեղ հաջորդաբար իրենց տիրապետությունն են հաստատում սելջուկները, մոնղոլները, թուրքմենական ցեղերը, իսկ XVI դարից օսմանյան թուրքերը և այդ ժամանակներից ի վեր այն Վանի նահանգի Մոկս կամ Մոկուս գավառի (սանջակի) կենտրոնն է։ Մոկսում դարեր շարունակ պահպանվել էին հայկական մի քանի մանր իշխանությունների մնացորդներ։ Նրա մասին հիշատակություններ ունեն հայ և օտարազգի բազմաթիվ մատենագիրներ, ճանապարհորդներ և այլ հեղինակներ: Մոկսն էլ Պատմական Հայաստանի այն բնակավայրերից է, որ միջին դարերում, մանավանդ զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում`   IX—XI դարերում, ավելի բարգավաճ ու մարդաշատ է եղել քան հետագայում, իսկ XIX դարի վերջերից և հաջորդ հարյուրամյակի սկզբներից, ինչպես ասվեց, անշքանալով, վերածվել է սովորական գյուղի, թեպետ դարձյալ մնում է իբրև գավառի կենտրոն։
 
Միջին դարերում Մոկսը միատարր հայաբնակ բերդաքաղաք էր, նոր ժամանակներում այստեղ հայերից բացի բնակվում էին նաև քրդեր։
 
XIX դարի սկզբներին ուներ 2700 բնակիչ, նույն դարի 70-ական թվականներին՝ 2000 բնակիչ, իսկ XX դարի սկզբներին՝ 200 տուն մոտ 1600 բնակիչներով։ Այստեղի հայերը նույնպես երկու անգամ ենթարկվել են թուրքերի կազմակերպած ջարդերին՝ 1895—96թթ. և 1915թ. մեծ եղեռնին։ Սակայն Մոկսի և նրա շրջակայքի գյուղերի հայ բնակչության զգալի մասը, որ եռանդուն մասնակցություն է ունեցել Վանի հերոսական ինքնապաշտպանական կռիվներին, փրկվել է թուրքական յաթաղանից և այդ կողմերի տասնյակ հազարավոր հայերի հետ միասին ռուսական զորքի ու հայ կամավորական ջոկատների ուղեկցությամբ գաղթել Արևելյան Հայաստան։
 
Մոկսի բնակչության զգալի մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, հատկապես այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ։ Այստեղ կային տոհմիկ շատ մեղվաբույծներ, իսկ ծաղկաշատ, թավշապատ բնությունը, խաղաղ մթնոլորտը մեծապես նպաստում էին մեծ բերք ստանալուն։ Պետք է նկատել, որ Սովետական Հայաստանում բնակված շատ մոկսեցիներ շարունակում են զբաղվել իրենց սիրած մեղվաբուծությամբ։
 
Մոկսի հայության մեծագույն մասն զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Այստեղ առանձնապես տարածված էին մանածագործությունը, ջուլհակությունը, ներկարարությունը։ XX դարի սկզբին ուներ մի քանի տասնյակ խանութ ու կրպակ և մի շուկա-հրապարակ։ Առևտրական կապեր ուներ Շատախի, Ոստանի, Բիթլիսի և այլ քաղաքների հետ։
 
Մինչև XIX դարի վերջերը Մոկսն ունեցել է չորս թաղ, որոնցից երկուսը գտնվում էին գետի աջ ափին, իսկ երկուսը՝ ձախ։ XX դարի սկզբին առաջանում է ևս մի նոր թաղ և քաղաքն արդեն ուներ 5 թաղ՝ Քաղաքի թաղ, որտեղ գտնվում են վարչական շենքերը, 10 խանութ ու կրպակ և մի հրապարակ, Մանդիկնոց (կամ Մանդկանց) թաղ, որը քրդաբնակ էր, Աբրահամանց, որը համարվում էր գյուղաքաղաքի արվարձանը, Աղձունց թաղ և Դաշտ թաղ։ Դրանք բոլորը, բացառյալ Մանդիկոնց թաղի, հայաբնակ էին և յուրաքանչյուրն ուներ իր թաղային եկեղեցին:
 
Բուն քաղաքից հյուսիս, բարձր լեռան գագաթին, պահպանված են մի հին բերդի ավերակներ։ Կասկած չկա, որ այն գոյություն է ունեցել Մոկաց իշխանության ժամանակներից և բացառված չէ, որ հենց այդ բերդն է եղել նրանց ոստանը։ Բերդն անմատչելի է եղել բոլոր կողմերից։ Դեպի բերդը տանող միայն մի ճանապարհ է եղել, այն էլ նեղ, ժայռակերտ ու ոլորապտույտ կածան էր։
 
Գյուղաքաղաքում գտնվում էր Ամենափրկիչ մենաստանը, իսկ շրջակայքում Ակնդաշտ հայտնի վանքն էր, որ XX դարի սկզբներին արդեն ամայի ու ավերակ էր։ Մոկսում գրվել կամ ընդօրինակվել են ձեռագրեր։ Մեզ հայտնի է դրանցից մեկը`   մի Ավետարան, որ գրվել է Հաթուշի քույր Զարմանդուխտի պատվերով գրիչ Հովհաննեսի կողմից 1490 թվականին և նվիրվել քաղաքի ս. Աստվածածին (կամ Անջողաց) եկեղեցուն։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: