Հանրագիտարան

Ճորոխ գետ

Ճորոխը պատկանում է Սև ծովի ավազանին: Հնում կոչվել է Վոհ (Ոհ), Ակամսիս, Փասիս, ըստ Հակոբ Մանանդյանի՝ Ապսարուս: Գետի երկարությունը 360 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 19.8 հազ. քառ կմ:

Ճորոխ գետը սկիզբ է  առնում Ճորոխի լեռնաշղթայի Չորմայրի գագաթից, սկզբում հոսում է դեպի արևմուտք, ապա շեղվում հյուսիս, անցնում Բաբերդի միջով, Լորի (Բլուր) վտակն ընդունելուց հետո ուղղությունը փոխում է դեպի արևելք ու հյուսիս արևելք: Մինչև ծովափ հասնելը կտրում է Պոնտական լեռնաշղթան՝ առաջացնելով խորը կիրճ։

Ճորոխի խոշոր վտակներն են՝ Օլթի, Թորթում, Բերտա, Աջարա։ Ինչպես Ճորոխը, այնպես էլ նրա վտակները խոր կիրճեր են ստեղծել: Վտակները հարուստ են սահանքներով, որոնք երկրակեղևի տեկտոնական շարժումների արգասիք են: Ամենախոշոր ջրվեժը Թորթում գետի վրա է՝ համանուն անվամբ՝ 40 մ բարձրությամբ:
Ճորոխը Հայկական լեռնաշխարհի ամենաջրառատ գետերից մեկն է: Հորդանում է գարնանը՝ ձնհալքի ժամանակ: Գետի ջուրը քաղցրահամ է, միջին միներալացումը վերին հոսանքներում 100-200 մգ/լ է, ստորին հոսանքում`   200-300 մգ/լ, տարեկան տանում է 1.5 մլն տ լուծված նյութեր: Գետը գարնաը շատ տղմոտ է. գետավազանի յուրաքանչյուր 1 քառ. կմ-ից լվացվում են ավելի քան 500 տ կախված նյութեր, տարեկան հոսքը կազմում է 10 մլն տ, իսկ գլորվող նյութերինը`   1.5 մլն տ: Գետը տարեկան շուրջ 13 մլն տ նյութ է տանում Սև ծով:
 
Գետն ունի ջրաէներգետիկ խոշոր պաշարներ:
Լինչի և Օսվալդի «Հայաստան և հարևան երկրներ» քարտեզի վրա (Ա. Աբեղյանի խմբագրությամբ) կարելի է Ճորոխի ավազանում կարդալ տասնյակներով հայկական գյուղերի անվանումներ: Մինչև 20-րդ դարը հայերն այնտեղ ունեցել են զարգացած մշակույթ, զբաղվել են արհեստներով, առևտրով: Այժմ այստեղ կան հայեր, որոնք բռնի կերպով դավանափոխ են եղել, դարձել են մահմեդական:
Ճորոխը դեռ հնուց օգտագործվել է լաստառաքման նպատակներով: Տեղաբնիկները անտառանյութը կարողանում էին գետով տեղափոխել գետաբերան: Արդվինից ցած գետը նավարկելի է ոչ խորանիստ նավերի համար: Առաջներում տեղաբնիկները նավակները կառուցում էին փչովի տիկերի վրա, հոսանքն ի վար մինչև ծով ապրանքներ էին տեղափոխում հինգ ժամում, իսկ հոսանքով վեր ոտքով անցնում էին երեք-չորս օրում:
Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են և փրփրալից: Դրանց անկման ուժը հին և միջին դարերում օգտագործվել է շատ չնչին չափով`   ջրաղացներ գործի դնելու համար:Գետերը արագահոսության և մեծ անկման պատճառով նավարկության համար պիտանի չեն: Գետերի նշանակությունը առանձնապես մեծ է եղել ոռոգման և ձկնորսության համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: