Հանրագիտարան

Մանազկերտ

Մանազկերտ քաղաքը գտնվում էր այժմյան նույնանուն գյուղի տեղում, Մանազկերտի ընդարձակ հարթության գրեթե կենտրոնում, Արածանի (Արևելյան Եփրատ) գետի միջին հոսանքում, դրա ձախ ափին։

Քաղաքից լավ երևում են Սիփանն ու Ծաղկանց լեռնահամակարգին պատկանող Կոտեվան լեռնագագաթը։ Քաղաքի գրաված տարածքում ու դրա շրջակայքում բխում են սառնորակ աղբյուրներ և առաջացնում դեպի Արածանի հոսող առվակներ։ Քաղաքի մոտով է հոսում Արածանիի ձախակողմյան Պատնոց կամ Մանազկերտի գետը։ Մանազկերտի շրջակայքում փռված դաշտը պատած է հարթ, մի քանի շերտ կազմող սև գույնի հսկայական քարերով։ Կիսաավանդական պատմության համաձայն, հնագույն ժամանակներում այստեղից են տարել (Վանա լճի վրայով) Վանի և լճափնյա մի քանի ուրիշ քաղաքների շինարարության համար օգտագործված սև քարերը, որոնց երկարությունը երբեմն հասնում է մինչև վեց մետրի։

Մատենագրության մեջ Մանազկերտ քաղաքը կոչված է գյուղ կամ գյուղաքաղաք, իսկ երբեմն էլ`   բերդաքաղաք: Գոյություն ունի հայ ժողովրդի պատմության հնագույն ժամանակներից։ Ուսումնասիրողներից ոմանք ենթադրում են, որ Մանազկերտը ուրարտական առաջին թագավոր Արամեի նույն Արզաղկուն մայրաքաղաքն էր, որ հիմնադրվել էր IX դարի առաջին կեսին (մ.թ.ա.)։ Անառարկելի է այն տեսակետը, ըստ որի Մանազկերտ անունը կապված է ուրարտական Մենուա թագավորի (մոտ 810 — 778 թթ. մ. թ. ա.) անվան հետ և հենց այդ թագավորն էլ հիմնել է այս քաղաքը։ Այդտեղ պահպանվել են Մենուա թագավորի սեպագիր մի քանի արձանագրությունները, որոնք զետեղված են ուրարտական արձանագրությունների ժողովածուներում։
 
Հայկական հնագույն ավանդության համաձայն, Մանազկերտը իբր 2020 թ. (մ. թ. ա.) հիմնադրել է Հայկ նահապետի որդի Մանավազը և իր անունով կոչել Մանավազակերտ, որը հետագայում ավելի կրճատ ձևով կոչվել է Մանազկերտ։ Ավանդության պատմական հիմքն այն է, որ հնագույն ժամանակների պատմության այդ պահը դիտվում է իբրև հայ ժողովրդի ավանդական պատմության դրվագներից մեկը։
 
Հայ մատենագրության սկզբնավորումից ի վեր Մանազկերտը հիշատակվում է մեր պատմագիրների երկերում (Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Ստեփանոս Ասողիկ, Լաստիվերտցի, Ուռհայեցի և ուրիշներ) և օտար հեղինակների մոտ (Հովհաննես Սկիլիցես և ուրիշներ)։
 
Մանազկերտը մտնում էր Տուրուբերան «աշխարհի» Ապահունյաց (ըստ ոմանց՝ Հարք) գավառի մեջ և համարվում էր վերջինիս կենտրոնը։ Այստեղ էր գտնվում Մանավազյան նախարարների աթոռանիստը։ Նոր ժամանակներում Մանազկերտը Բիթլիսի նահանգի Բիթլիսի գավառի Մանազկերտի գավառակի (կազա) կենտրոնն էր։
 
Բյուզանդական Հովհաննես Սկիլիցես պատմագիրը (XI դ.) հաղորդում է, որ Մանազկերտը ամենաամուր և անառիկ քաղաքն էր ամբողջ Հայաստանում, որ իր ապրած ժամանակներում քաղաքն ունեցել է սև քարից կառուցված եռաշարք աշտարակավոր պաշտպանական ամրակուռ պարիսպներ, որոնք ունեցել են հինգ դուռ։ Մանազկերտը XI—XII դարերում Շահարմենների սուլթանության երկրորդ կենտրոնն էր և իր նշանակությամբ միայն զիջում էր դրա աթոռանիստ Խլաթին։ Քաղաքն ուներ տասնյակների հասնող արհեստներ և բավական ծավալուն առևտուր։ Արածանիի հովտով ու Մանազկերտի դաշտով ձգվող ճանապարհներով նա կապված էր Հայաստանի մի շարք այլ քաղաքների հետ։ Նրա բնակչության թիվը XI դարի երկրորդ կեսում հավանաբար հասել էր մի քանի տասնյակ հազարի, բայց այն այնուամենայնիվ Հայաստանի մարդաշատ, խոշոր քաղաքների թվին չէր պատկանում։
 
Ուշադրության արժանի են Մանազկերտի քաղաքական պատմության հետևյալ պահերը։ Տարոնի ընդարձակ իշխանությունը գրավելուց երկու տարի անց, 968 թվականին, բյուզանդական զորքը նվաճում է Մանազկերտը։ 1000 թվականին Վասիլ 2-րդ կայսրը այն շնորհում է Արծրունի իշխաններին։ Քաղաքը սելջուկների կողմից առաջին անգամ հարձակման է ենթարկվում 1054 թվականին։ Սելջուկյան սուլթան Տուղրիլը մեծ բանակի գլուխ անցած ամեն կերպ փորձում է գրավել Մանազկերտը, սակայն նրա գրոհներն անցնում են ապարդյուն։ Քաղաքի կայազորն ու բնակիչները ոմն Վասակ իշխանի գլխավորությամբ համառորեն պաշտպանվում են և, մեծ զոհեր պատ ճառելով սելջուկյան զորքին, նրան հարկադրում նահանջել։
 
Սակայն սելջուկների այդ նահանջը մասնակի բնույթ ուներ։ Նրանք շարունակում էին իրենց նվաճումները և աստիճանաբար շարժվում դեպի արևմուտք։ Հյուսիսային Հայաստանը գրավելուց հետո, սելջուկյան սուլթան Ալփ-Արսլանը, Տուղրիլ սուլթանի որդին, մի նոր արշավանք է կազմակերպում դեպի երկրի խորքերը։ Լսելով այդ մասին, բյուզանդական կայսր Ռոմանոս Դիոգենեսը հարյուրհազարանոց մեծ բանակի գլուխ անցած շտապում է Ալփ-Արսլանի դեմ։ 1071 թվականի օգոստոսի 10-ին Մանազկերտի մոտ տեղի է ունենում արյունահեղ ճակատամարտ, որում բյուզանդական ահռելի բանակը կրում է ճակատագրական խայտառակ պարտություն, ինքը կայսրն էլ գերի է ընկնում սելջուկների ձեռքը և ազատ է արձակվում միայն մեծ փրկագին վճարելուց հետո։ Ճակատամարտի ընթացքում ավերվում, սրի է մատնվում և կողոպտվում է բարգավաճ Մանազկերտ քաղաքը։ Դրանից հետո սելջուկները շուտով կայսրությունից գրավում են նաև Կարինը, Երզնկան, Փոքր Հայքը։
 
Մանազկերտի 1071 թվականի ճակատամարտից ի վեր փաստորեն քաղաքը սկսում է շարունակ անկում ապրել և հետագայի որոշ կարճատև վերելքները գրեթե էական նշանակություն չեն ունենում նրա համար, նա այլևս չի հասնում իր նախկին փառքին։ Ավելին, XVI—XVIII դարերում երբեմնի մեծահարուստ քաղաքը վերածվում է սովորական գյուղաքաղաքի, իսկ առաջին համաշխարհային պատերազմից հետո անշուք գյուղի։
 
Խլաթի բնակչության քանակի նման, Մանազկերտի բնակչության թվի մասին նույնպես արժանահավատ տեղեկություններ չկան։ Ոմանց կարծիքով, նա նախկինում ունեցել է 6000 տուն (այսինքն մոտավորապես 30 — 35 հազար բնակիչ): Իսկ ըստ որոշ աղբյուրների, 1915 թվականին գյուղաքաղաքն ունեցել է 5000 բնակիչ, որի մեծ մասը հայեր։
 
Նոր ժամանակների Մանազկերտի բնակիչների զբաղմունքները կազմում էին երկրագործությունը`   հատկապես հացահատիկների մշակությունը, և մասամբ առևտուրն ու արհեստագործությունը։ Այստեղ կային մանրածախ առևտրի մի շարք կրպակներ։
 
Մանազկերտում տեղի է ունեցել եկեղեցական երկու ժողով։ Դրանցից մեկը, որը բնույթով հայ-ասորական համագումար-ժողով էր, կայացել է 726 թվականին, իսկ մյուսը սովորական հայկական եկեղեցական ժողով և կայացել էր դրանից 7 տարի առաջ՝ 719 թվականին Հովհան Օձնեցու ղեկավարությամբ։
 
Քաղաքի հին հուշարձանները համեմատաբար լավ են պահպանված։ Պահպանված են արևելյան ծայրամասում գտնվող վաղեմի միջնաբերդի պաշտպանական պարիսպները, աշտարակները, ինչպես և մյուս կոթողների ավերակները։ Հին Մանազկերտն ամբողջապես կառուցվել էր տեղական սև քարից։ Առանձնապես լավ է պահպանվել միջնաբերդի ամենամեծ աշտարակը, որը կառուցվել է XI դարում։
 
Քաղաքն ուներ երկու եկեղեցի, որոնցից մեկը երեք խորանանի ս. Աստվածածինն էր, իսկ մյուսը ս. Սարգիսը։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը քաղաքում գործում էր հայկական մեկ դպրոց։
 
Մանազկերտում է ծնվել IV դարի հայոց կաթողիկոսներից մեկը՝ Ներսես Մեծին փոխարինած Շահակ Մանազկերտցի կաթողիկոսը (373—377)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: