Հանրագիտարան

Մամախաթուն

Մամախաթուն անունը սովորաբար կապում են Մանանաղի գավառ անվան կամ Մանավաղ անվան հետ։ Թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբին հաղորդում է, որ Մամախաթունը կոյոտնլու մելիք Իզեդդինի աղջկա անունն է։

Հնարավոր է, որ թուրքմենական մելիքի աղջիկն այդ անունը կրեր, բայց Մամախաթուն բնակավայրի անվան ծագումը նրա հետ կապելը զուրկ է որևէ հիմքից։ Անհավանական է նաև այդ մասին պահպանված ավանդությունը, ըստ որի ինչ-որ փաշայի մոր՝ Մամա-խաթունի հետ է կապված քաղաքի անվան ծագումը։

Սկզբնաղբյուրներում և ուղեգրություններում Մամախաթունը երբեմն համարված է գյուղ, երբեմն՝ ավան, երբեմն էլ գյուղաքաղաք։ Ըստ էության, նա ավելի շուտ մեծ գյուղ էր, քան գյուղաքաղաք, եթե իհարկե վարչական կենտրոն չլիներ։ Հայագետների մի մասը Մամախաթունը նույնացնում է Դերջան (Տերջան) ավանի հետ, որ հավանական չէ։ Դերջանը գտնվում էր Բարձր Հայք աշխարհի համանուն Դերջան գավառում, մինչդեռ Մամախաթունը նույն աշխարհի Մանանաղի գավառում էր, թեպետ իրենց տեղադրությամբ դրանք իրարից շատ հեռու չեն գտնվում։
 
Մամախաթունը գտնվում է Արևմտյան Եփրատ (Կարա-սու) գետի ձախակողմյան վտակ Դերջան (Մամախաթուն, Թուզլու) գետի վրա, նրա աջ ափին, Էրզրում—Երզնկա ճանապարհին, վերջինից մոտ 70 կմ արևելք, Դերջանի կամ Մամախաթունի դաշտում։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1416 մ է։ Դիրքն ամուր է, գրեթե բոլոր կողմերից պաշտպանված է լեռներով։
 
Մամախաթունը Դերջանի գավառակի (կազայի) կենտրոնն է, որ մտնում է Էրզրումի նահանգի (վիլայեթ) Էրզրումի գավառի մեջ։ Այստեղ էր նստում Դերջանի գավառակի թուրք կառավարիչը՝ կայմակամը։ Գյուղաքաղաքում գրեթե միշտ զետեղված էր թուրքական կայազոր, որը պատերազմների ժամանակ ավելի բազմամարդ էր լինում։
 
Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Մամախաթունը։ Բայց այստեղ եղած արաբական կառույցների ավերակներից պետք է ենթադրել, որ այն վաղ միջնադարում արդեն գոյություն ուներ։
 
Արևմտյան Հայաստանի հետ միասին Մամախաթունը ևս թուրքական տիրապետության տակ է անցել XVI դարում։ Ռուսական զորքի կողմից երկու անգամ այն ազատագրվել է թուրքական լծից, մեկը 1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, բայց Բեռլինի 1878թ. պայմանագրով նորից էր անցել Թուրքիային, մեկ էլ կարճ ժամանակով 1916 թվականին, երբ այստեղ այլևս գրեթե ոչ մի հայ չկար, 1915թ. եղեռնի ժամանակ բոլորը տեղահան էին արվել: Հետագա երկու տարում տեղահանված հայերից 20 ընտանիք՝ 124 բնակիչներով նորից էին վերադաձել իրենց հայրենի քաղաքը։
 
Ընդհանրապես Մամախաթունը շատ սակավամարդ էր։ 1876—1878 թվականներին ուներ ընդամենը 430 տուն բնակիչ՝ մեծագույն մասը թուրքեր, իսկ 1890-ական թվականներին`   150 տուն, 1877 — 78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նրա հայ բնակչության մեծ մասը գաղթել էր Արևելյան Հայաստան և նրա հարևան շրջանները։ Այնպես որ, եթե վարչական կենտրոն չլիներ, ապա հազիվ թե Մամախաթունը նույնիսկ գյուղաքաղաք համարվեր։
 
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ Քաղաքի շրջակայքում փռված է համանուն (կամ Դերջանի) դաշտը, որը համարվում է Հայկական լեռնաշխարհի արգավանդ հարթավայրերից մեկը։ Այստեղ գործում էին տեղական նշանակություն ունեցող մի շարք արհեստներ, որոնց արտադրանքը սահմանափակվում են գյուղատնտեսական գործիքներով, տնային գործածության զանազան իրերով, ինչպես և գործվածքներով։ 1890-ական թվականներին գյուղաքաղաքում կային 40—50 կրպակներ ու արհեստանոցներ։ Մամախաթունը ճանապարհով կապված էր Էրզրումի և Երզնկայի հետ։ Այստեղ կար մի բավական բարեկարգ, խոշոր ու քարակերտ իջևան-հյուրանոց, որի կառուցումը ավանդաբար վերագրում էին թուրքական ինչ-որ փաշայի մորը։
 
Հնագիտական և պատմաճարտարապետական առումով Մամախաթունն ուշադրության արժանի հուշարձաններ գրեթե չունի: Իբրև վարչական կենտրոն և թուրքական կայազորի տեղադրավայր այստեղ կառուցվել էին զինվորական մի քանի կացարաններ։ Գյուղաքաղաքի շուրջը կային բնակավայրի և առանձին կառույցների ավերակներ, ինչպես և բազմաթիվ հին գերեզմանոցներ։ Այստեղ, ինչպես ասվեց, կային նաև արաբական շրջանի կառույցների մնացորդներ։
 
Մամախաթունի հայերն ունեին իրենց եկեղեցին, որը մինչև առաջին համաշխարհային պատերազմը կանգուն էր և գործում էր։
 
XIX դարում և ХХ-ի սկզբներին Մամախաթունում կար հայկական մեկ դպրոց մի քանի տասնյակ աշակերտներով և 2—3 ուսուցիչներով։ Այստեղ է ծնվել (1909թ.) գրականագետ Գառնիկ Ստեփանյանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: