Հանրագիտարան

Ճապաղջուր

Ճապաղջուր բնակավայրը հայտնի է նաև իր անվան մի քանի այլ տարբերակներով՝ Ճապղջուր, Ճարալջուր, Ճապաղ, Ճապաղաջուր և այլն։ Հնում կոչվում էր Կթառիճ, որն ամրոց էր։ Անվանել է նաև Խուլփ, իսկ այժմ թուրքերը վերանվանել են Բինգյոլ։ Ճապաղջուր է կոչվել գետակների բազում ճյուղերի առկայության պատճառով։

Ճապաղջուրը, Հայաստանի հարյուրավոր այլ բնակավայրերի նման, տարբեր ժամանակներում համարվել է տարբեր`   գյուղ, ավան, ամրոց կամ բերդ, բերդաքաղաք։

Գտնվում է Արածանիի հովտում, նրա աջ կողմում, Ճապաղջուր (Գյունեք) գետակի ափին, Բալու գյուղաքաղաքից արևելք, իսկ Քղիից հարավ, ջրառատ վայրում։ Երբեմն Արածանիի՝ Ճապաղջրով հոսող հատվածը կոչել են վերջինիս անունով։
 
Հնում Ճապաղջրի շրջանը, Գենչը և Զիտկեն միասին վերցրած կազմում էին Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք գավառը։ Իսկ այս վերջինս իր բերդերով, որոնց թվում էր և Կթառիճ–Ճապաղջուրը, համարվում էր Արշակունիների արքայկան կալվածք ու տրված էր թագավորական տան կրտսեր զավակներին իբրև սեփականություն։ Ոմանք Ճապաղջուրը համարում են ոչ թե Հաշտյանքի, այլ Հանձիտի մեջ մտնող բնակավայր։ XI դարում հիշատակվում է իբրև եպիսկոպոսանիստ ավան և մտնում էր Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ։ Թուրքական տիրապետության շրջանում համանուն գավառակի կենտրոնն էր, որը մինչև 1829 թվականը մտնում էր Դիիարբեքիրի նահանգի (վիլայեթ), դրանից հետո՝ Բիթլիսի նահանգի մեջ։ Իսկ այժմ, ինչպես ասվեց, կոչվում է Բինգոլ և համարվում նույնանուն նահանգի կենտրոնը։
 
Ճապաղջրի մասին մեզ հասած պատմական տեղեկությունները սակավ են: Սակայն հայտնի է, որ Կթառիճ-Ճապաղջուրը Հայաստանի առաջին բաժանումից հետո (387 թ.) անցել էր Հռոմին և ամուր բերդ էր պարսկա–հռոմեական սահմանամերձ շրջանում։ Նկատի ունենալով դրա ստրատեգիական կարևոր նշանակությունը`   բյուզանդական կայսր Հուստինիանոսը (527— 565) ավելի էր ամրացրել պաշտպանական զանազան կառույցներով։ Ստեփանոս Ասողիկի մի վկայությունից երևվում է, որ Ճապաղջուրը X դարում դարձյալ համարվում էր կարևոր բերդ, չնայած պատմիչը բառացիորեն այն բերդ չի կոչել։ Այսպես, խոսելով 995 թվականին տեղի ունեցած երկրաշարժի մասին, ժամանակակից պատմիչը գրում է. «Խարխլեալ Ճապաղաջուր, բերդին Դկլաթայ, Աթթախայ և Ամթայ...»։ Դրանից հետո Ճապաղջուրը նախ մտնում էր Փիլարտոս Վարաժնունու, ապա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ։ XIII դ. 40–ական թվականներին այն գրավում են մոնղոլները, իսկ XVI դարի սկզբներին՝ օսմանյան թուրքերը։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Ճապաղջրի բնակչության մեծ մասը կազմում էին հայերը, որոնք հիմնականում զբաղվում էին արհեստներով ու առևտրով։ Նրանք ունեին վարժարան և եկեղեցի։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: