Հանրագիտարան

Հասանկալա

Հասանկալան հնում հայտնի էր Բոլորապահակ անունով։ Շատերը նույնացնում են պատմական Բասենի բերդի («Բերդ Բասենոյ») հետ, որոշ ուսումնասիրողներ էլ համարում են հին Վաղարշավանը։ Հասանկալա է կոչվել XIV—XV դարերից։

Ենթադրվում է, թե այդ անունը կապված է հայանուն Հասանի հին կամ Ակ–կոյունլու տիրակալ Ուզուն-Հասանի անվան հետ։ Ոմանք էլ Հասանկալա անունը կապում են Էրզրումի թուրքական փաշա ոմն Հասանի անվան հետ, նրան վերագրելով նաև քաղաքի բերդի հիմնական վերանորոգումը։ Դժվար է այդ կարծիքներից որևէ մեկին առաջնություն տալը, միայն հաստատապես կարելի է պնդել, որ Հասանկալան իր բերդը ժառանգել էր շատ հնուց և նրա կառուցումը թուրքական տիրապետության ժամանակներին վերագրելը զուրկ է պատմական հիմքից։

Արաբական աղբյուրները կոչել են Գալիկալա, բացառությամբ Բալաձորիի, որը Գալիկալա է անվանել Կարինը (Էրզրում)։ Գտնվում է Էրզրումից մոտ 30—35 կմ արևելք, Տրապիզոն — Թավրիզ ճանապարհի վրա, Ծիրանաց (Հասանկալա) լեռների խոտավետ ստորոտին և լեռան վրա, որտեղ տեղադրվում է քաղաքի բերդը։ Քաղաքն ու նրա բերդը իշխող դիրք ունեն շրջակայքի նկատմամբ։ Հասանկալայից ոչ հեռու սկսվում է Արաքսի ձախակողմյան վտակ Մուրցը (Հասանկալա), որը հոսում է նրա միջով։ Քաղաքից ոչ հեռու բխում են երկաթային և ծծմբային հանքային ջրեր՝ 35—45° ջերմությամբ։ Այդ աղբյուրներից 3-ը բավական վաղ ժամանակներից տեղացիներն օգտագործել են բուժման նպատակներով։ Քաղաքի մոտակայքում կան նաև բորակի և քարածխի հանքավայրեր։
 
Հասանկալան հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Բասեն (Վերին Բասեն) գավառի մեջ, իսկ թուրքական տիրապետության շրջանում՝ Էրզրումի նահանգի (վիլայեթ) Էրզրումի գավառի Բասենի գավառակի կենտրոնն է։
 
Հասանկալայի բնակչության քանակի վերաբերյալ արժանահավատ տվյալներ չկան։ Ըստ որոշ աղբյուրների, XIX դարի սկզբներին ունեցել է 1700, 1880-ական թվականներին՝ 1500, 1909 — 1913 թ.՝ 2500 տուն բնակիչ, որի մեծ մասը մինչև 1828—29թթ. ռուս-թուրքական պատերազմը կազմում էին հայերը, իսկ մնացածը՝ թուրքերը և քրդերը։ Ընդ որում այդ պատերազմից հետո կազմակերպված գաղթի հետևանքով այստեղի հայ բնակչության մեծ մասը արտագաղթում է Արևելյան Հայաստանի զանազան մասեր, իսկ 1877 — 78թթ. պատերազմի ժամանակ նրա թուրք բնակչությունը փախել էր Էրզրում: Սակայն XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին Հասանկալայի բնակչությունը նորից է ավելանում, հասնելով մոտ 2500 ընտանիքի։
 
Հասանկալայի բնակչությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, առևտրով և արհեստներով։ Նրա հայ բնակչության զբաղմունքը հիմնականում առևտուրն ու արհեստագործությունն էին։ Քաղաքը իր ժամանակի համար առաջնակարգ նշանակություն ունեցող ճանապարհով կապված էր Կարինի (Էրզրումի) հետ։ Այդ ճանապարհը սայլային էր և խճապատվել էր տակավին անցյալ դարի կեսերին։ Քաղաքն ուներ իր ընդարձակ շուկան, տասնյակներով կրպակներ ու արհեստանոցներ։ Ռուսական զորքը XIX դարում երեք անգամ՝ 1829, 1855 և 1877 թվականներին ազատագրել է Հասանկալան, բայց հաշտության պայմանագրեր կնքելուց հետո այն նորից է անցել Թուրքիայի տիրապետության տակ։
 
Հասանկալայի տները քարակերտ են, կամ աղյուսաշեն, հիմնականում երկհարկանի։ Դրանք շարքերով տեղադրված են բերդակիր լեռան լանջերին ու ստորոտում, կազմելով մի հսկայական գեղատեսիլ ամֆիթատրոն։ Քաղաքը հատուկ հատակագծում չի ունեցել, նրա կառույցները կատարվել են խառնիխուռն և չունի ուղիղ ձգվող կանոնավոր փողոցներ։ Հին ժամանակներից ի վեր քաղաքում եղել են բնական տաք ջրերով գործող բաղնիքներ։ Նոր ժամանակներում քաղաքից մոտ 2 կմ հեռավորությամբ կային այդպիսի երկու քարաշեն բաղնիքներ, որոնցից մեկը գտնվում էր Հասանկալա (Մուրց) գետի աջ կողմում, իսկ մյուսը ձախ։
 
Հավանական կարելի է համարել, որ Հասանկալայի բերդը գոյություն է ունեցել ուրարտական ժամանակներից (IX—VI դդ. մ. թ. ա.) և հետագայում վերակառուցվել ու վերանորոգվել է մի քանի անգամ։ Եվ բերդը, և քաղաքը պարսպապատ էին։ Պարսպի բարձրությունը տեղ-տեղ հասնում էր 5 մետրի, իսկ լայնությունը մոտ 1,4 մ էր։ Բերդը շրջանաձև էր և ուներ կրկնակի պարիսպներ ու աշտարակներ։ Այն գտնվում էր քաղաքի հյուսիսարևմտյան կողմում, 2650 մ բարձրությամբ բոլորաձև լեռան վրա։ Պաշտպանական պարիսպների արտաքին և ներքին շարքերին զուգահեռ փորված էր մոտ 5 մ լայնություն և 2,1 մ բարձրություն ունեցող խրամ, որը վտանգավոր պահերին լցնում էին ջրով։ Բերդն ունեցել է երկու դուռ՝ Արևելյան կամ Բասենի դուռ և Արևմտյան՝ կամ Էրզրումի։ Երկու դռների դիմաց, գետի վրա կառուցել էին կամուրջներ։ Բերդի կենտրոնում, լեռան կատարին պատրաստել էին ջրամբարներ, որոնց մոտից ստորերկրյա ճանապարհով իջնում էին գետի եզրը պաշարումների ժամանակ ջուր բերելու համար։ Հասանկալայի բերդը վերականգնվել էր XVI դարում և լքվել 1877 թվականին, ռուսական զորքի կողմից գրավվելուց հետո։
 
Քաղաքի լավագույն կառույցները մզկիթներն էին,որոնցից 3-ը նախկին հայկական եկեղեցիներն էին, և հայկական փոքրիկ, բայց գեղատեսիլ միակ եկեղեցին։ Մզկիթի վերածված հայկական մի հին եկեղեցի գտնվում էր բերդում։ 
 
Հասանկալայում պահպանվում է ուրարտական Մենուա 1-ին թագավորի մի ընդարձակ սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է ինչ-որ դղյակի կառուցման մասին։
 
Հայերը Հասանկալայում ունեին իրենց վարժարանը։ Այստեղ XVI—XVII դարերում ընդօրինակվել են ձեռագրեր, որոնցից մեզ է հասել 1629թ. Բարսեղ քահանա գրչի գրած Սաղմոսարանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: