Հանրագիտարան

Հազրու

Հազրուն կոչվում է նաև Հազրո, Խազրո։ Ոմանք նույնացնում են հին Արզնի (Արզանան գավառի կենտրոնի, որը IV—V դարերում երկար ժամանակով կռվածաղիկ էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև) հետ, իսկ ոմանք վերջինիս տեղադրությունը համարում են անհայտ։

Հիշատակվում է իբրև գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք։ Գտնվում է Դիարբեքիր քաղաքից մոտ 53 կմ հյուսիսարևելք, իսկ Ֆարկինից՝ մոտ 23—24 կմ հյուսիս արևմուտք, մի փոքրիկ գետակի ոչ շատ ընդարձակ հովտում, որը շրջապատված է լեռներով։ Վարչականորեն մտնում է Դիարբեքիրի նահանգի (վիլայեթ) մեջ՝ լինելով համանուն Հազրո գավառի կենտրոնը, իսկ այս վերջինս համապատասխանում է հին Ծոփաց աշխարհի Մեծ Ծոփք գավառին։ Գտնվում է Սասունի հարավային սահմանին մոտ, մեծ շփումներ ուներ այդ ընդարձակ լեռնագավառի հետ և իզուր չէ, որ սասունցիները այն համարում էին իրենց քաղաքը։

Միջին դարերում զուտ հայաբնակ բնակավայր էր։ Նոր ժամանակներում այստեղ հայերի հետ միասին բնակվում էին նաև քրդեր։ Երբեք բազմամարդ ու բարգավաճ քաղաք չի եղել։ Այդ է պատճառը, որ հաճախ համարվում է նաև ավան և գյուղ։ 1880-ական թվականներին քաղաքում կար 180 հայկական տուն, 1894-ին՝ ընդամենը 800 տուն, որից հայկական էին 320 տուն, իսկ մնացածը`   քրդական էին17: 1895 թվականի կոտորածից ու բռնի մահմեդականացումից հետո քաղաքում հայ բնակչության թիվը, բավական նվազել էր։ Այստեղ 1913 թվականին կար 200 հայկական տուն, որոնք ենթարկվեցին 1915 թ. եղեռնի արհավիրքներին. նրանց մի մասը բնաջնջվեց թուրքերի կողմից, իսկ մյուս մասը տեղահանվեց։ Ինչպես երևում է, հետագայում որոշ թվով հայեր նորից էին վերադարձել իրենց հայրենի քաղաքը։
 
Հազրուի բնակչության զբաղմունքներն էին մանրածախ առևտուրը, արհեստները, երկրագործությունը և անասնապահությունը։ Քաղաքը բավական բարեկարգ ճանապարհներով կապված էր Դիարբեքիրի ու Ֆարկինի հետ, որոնք իրենց ազդեցությունն էին թողնում նրա վրա։ Նրա առևտրի ապրանքները բաղկացած էին անասնապահական մթերքներից և երկրագործական ու արհեստավորական արտադրանքներից։ Քաղաքի խանութների, կրպակների և արհեստանոցների թիվը XIX դարի վերջերին 65–ից անցնում էր։ Ուներ մի շուկա-հրապարակ: Առևտրով և արհեստներով գրեթե բացառապես զբաղվում էին հայերը։ Առանձնապես մեծ տարածում ունեին մանածագործությունն ու ջուլհակությունը։ Հազրուի հայ ջուլհակների գործած կտավը, տեղում սպառվելուց բացի, առաքվում էր նաև գավառի տարբեր բնակավայրեր։
 
Հազրուի հուշարձաններից նշելի են հայկական երկու եկեղեցիները, որոնք կառուցվել էին XIII դարում, մեկը՝ 1266 թվականին, իսկ մյուսը՝ 1268-ին: Երկուսն էլ կառուցված էին այդ դարի հայկական եկեղեցական ճարտարապետության ոճով։ Կենտրոնագմբեթ էին, խաչաձև հատակագծով, պատերը շարված սրբատաշ քարերով։ Պատերի վրա կային շինարարական արձանագրություններ։ Որոշ աղբյուրների համաձայն, առաջին համաշխարհային պատերազմից հետո վերածվել էին ավերակների։ Հայերն ունեին մի վարժարան, որ գործում էր եկեղեցիներից մեկին կից։
 
Հազրուն տիպիկ ասիական հետամնաց քաղաք է, ծուռումուռ, նեղլիկ փողոցներով, անկանոն ցրված գաճաճ տներով, սանիտարական վատթարագույն պայմաններով, մի փոքրիկ քաղաք, որն այժմ ևս ոչնչով չի տարբերվում XIX դարում ունեցած իր ողորմելի վիճակից։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: