Հանրագիտարան

Կարին

Կարին քաղաքը, համանուն գավառով, կարևոր դեր է խաղացել մեր ժողովրդի պատմության մեջ։ Այն Հայաստանի հին քաղաքներից է և տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Թեոդոսուպոլիս, Անաստասուպոլիս, որոնք տարածում չեն գտել, Արզրում, Էրզրում և այլն։

Գտնվում է Կարին–Էրզրումի սարահարթի հարավային մասում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպըտկունք (Փալանթյոքան) լեռների հյուսիսարևմտյան լանջերին, ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա։ Քաղաքի տեղադրավայրը ջրառատ է։ Այստեղ բխում են բազմաթիվ սառնորակ և հանքային տաք աղբյուրներ։

Կարինի մասին տեղեկություններ են հաղորղել Ստրաբոնը, Պլինիուս Ավագը (I դ.), Մովսես Խորենացին, Սեբեոսը, Արիստակես Լաստիվերտցին, Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը և ուրիշ բազմաթիվ մատենագիրներ։ Սակայն այդ նշանավոր քաղաքի միջին դարերի ամբողջական պատմությունը չի ուսումնասիրված և շատ հարցեր տակավին անծանոթ են։ Այնուամենայնիվ, եղած տեղեկությունների հիման վրա կարելի է ուրվագծել Կարինի պատմության հիմնական պահերը։ Քաղաքի հայտնի միջնաբերդը կառուցվել է Անատոլ զորավարի կողմից բյուզանդական Թեոդոսիոս Կրտսեր կայսեր հրամանով, 421 թվականին։ 500 թվականին այն նվաճել են պարսիկները, 502 թ. նորից վերագրավել են բյուզանդացիները, 647թ. ընկել է արաբների լծի տակ և մի քանի դար դարձել է կռվածաղիկ վերջիններիս և բյուզանդացիների միջև։ Արծնի վրա հարձակման ժամանակ՝ 1049 թվականին, սելջուկները համառորեն փորձեր են կատարել գրավել նաև այդ ամուր բերդաքաղաքը, բայց անհաջողության են մատնվել։ XIII դարի սկզբներին Կարին–Թեոդոսուպոլիսը ենթարկվում է Զաքարյաններին, սակայն նույն դարի 40-ական թվականներին գրավվում ու ավերվում է մոնղոլների, իսկ XIV դարի վերջերին՝ Լենկթեմուրի հրոսակների կողմից։ Հետագայում՝ XVI—XVIII դարերում այն հիմնականում գտնվում էր թուրքական տիրապետության տակ, թեպետև մի քանի անգամ, կարճատև ժամանակով, անցել է պարսիկների ձեռքը։ 1828—1829 և 1877—1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Կարին-Էրզրումը անցնում է Ռուսաստանին, բայց նորից է վերադարձվում Թուրքիային, որի տիրապետության տակ է մնում նաև առաջին համաշխարհային պատերազմից հետո։
 
Կարին-Թեոդոսուպոլիս–Էրզրումը գրեթե մշտապես եղել է վարչաքաղաքական կարևոր կենտրոն։ Այն համանուն Կարնո«աշխարհի» գլխավոր քաղաքն էր, Հուստինիանոսի (527—565) վարչական վերափոխությամբ կազմված Առաջին Հայք պրովինցիայի, հետագայում Էրզրումի էմիրության, իսկ թուրքական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում՝ Արևմտյան Հայաստանի զգալի մասն ընդգրկող Էրզրումի վիլայեթի (նահանգի) կենտրոնը։
 
Կարինը առաջին հերթին հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Ճիշտ է, հին հայկական և հռոմեական-բյուզանդական շրջանի պաշտպանական կառույցների ավերակներ այստեղ քիչ են պահպանվել, սակայն որոշակի նկատվում են պարսկական և արաբական բերդերի հետքեր, ինչպես նաև ավելի ուշ շրջանի թուրքական բերդի համեմատաբար լավ պահպանված ավերակները։ Նրա միջնաբերդը, որ բուն քաղաքի նկատմամբ 500 — 1000 մ բարձր է, ունի 180 քայլ երկարություն և 80 քայլ լայնություն։ Այն պատած է եղել կրկնակի պարիսպներով։ Ունի գաղտնուղիներ, զինանոցներ, զորանոցներ։ Քաղաքի պաշտպանական պարիսպներն ունեցել են 72 աշտարակ և չորս դուռ՝ Թավրիզի, Երզնկայի, Վրաց և Նոր։ Կային հայերեն բազմաթիվ արձանագրություններ։ Կարին–Էրզրումի և Կարսի բերդերը Արևելքում հռչակված էին իրենց ամրությամբ։ Դրանց ստրատեգիական մեծ նշանակության մասին խոսել են շատ զորավարներ ու քաղաքական գործիչներ։
 
Հին և միջին դարերի Կարինի բնակչության թվի մասին տեղեկություններ չկան։ Սակայն հավանական է, որ այդ ժամանակներում առնվազն ունեցել է մինչև 50 հազար բնակիչ։ Ավելի արժանահավատ են նոր ժամանակների տվյալները։ Ադրիանապոլսի 1829թ. պայմանագրից և դրա հիման վրա կատարված գաղթից առաջ Կարին–Էրզրումն ունեցել է 130 հազարից ոչ պակաս բնակչություն, որից ավելի քան 30 հազարը հայեր էին։ Այդ պայմանագրով 1829—1830 թվականներին կազմակերպված գաղթի հետևանքով Կարին-Էրզրումից նույնպես հազարավոր հայեր տեղափոխվում են Արևելյան Հայաստան և հարևան շրջաններ և զանգվածորեն բնակություն հաստատում Գյումրի-Ալեքսանդրապոլում (Լենինական) ու դրա շրջակայքում, Ախալցխայում, Ծալկայում, Լոռի-Փամբակում, Ախալքալաքում, Թիֆլիսում և այլուր։ Մոտ 2000 հայ ընտանիք ռուս զինվորների ուղեկցությամբ գաղթել է 1878 թվականին։ 1909 թվականին քաղաքի բնակչությունը 60 հազարից մի փոքր ավելի էր։ Հայերի թիվը հասնում էր 15 հազարի, իսկ 1914-ին՝ 20 հազարի։
 
Կարին–Էրզրումով էր անցնում Արևելքն Արևմուտքի հետ կապող մայրուղիներից մեկը: Քաղաքն առևտրական սերտ կապեր ուներ Կ. Պոլսի, Տրապիզոնի, Թիֆլիսի, Երևանի, Թավրիզի հետ։ Այն Հնդկաստանից և Պարսկաստանից ներմուծվող ապրանքների (մետաքս, գործվածքներ, ղեղորայք և այլն) պահեստարանն էր։ Արտահանման ապրանքների մեջ կարևոր տեղ էին գրավում կապարն ու պղինձը, իսկ ներմուծվողներից բամբակը, բրինձը, մետաքսը, շաքարը։ Նրա առևտրական դերն ավելի է բարձրացել Էրզրում—Սարիղամիշ երկաթուղու (1915թ.) և ժամանակակից խճուղիների կառուցման հետևանքով։ XIX դարում և XX դարի սկզբներին քաղաքն ուներ մի քանի շուկաներ և 20 իջևանատուն, ինչպես նաև տասնյակների հասնող արհեստներ`   դարբնություն, զինագործություն, պղնձագործություն, որմնադրություն, դերձակություն, ոսկերչություն, գորգագործություն և այլն, որոնցից շատերը միջին դարերում արդեն կազմում էին «եղբայրություններ»։ Դրանցից յուրաքանչյուրը զբաղեցնում էր առանձին փողոց, որը կոչվում էր տվյալ արհեստի անունով։ Արհեստավորությամբ գրեթե բացառապես զբաղվում էին հայերը, և արհեստավորների թիվը XX դարի սկզբներին հասնում էր մի քանի հազարի։ Այդ ժամանակ Էրզրումում կար 3000 խանութ և կրպտկ, որոնց մի մասը արհեստանոցներ էին։ Արհեստներից բացի, Կարին–Էրզրումում XIX դարի երկրորդ կեսին և ХХ-ի սկզբներին գործում էին մի քանի ոչ խոշոր և չկատարելագործված սննդի ու թեթև արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց մեջ հատկապես նշելի են ապուխտի ու սուճուխի արտադրության թվով չորս ձեռնարկությունները, նույնքան սպանդանոցներով։ Այդ ձեռնարկությունների համար տարեկան մորթում էին շուրջ 5000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
 
XIX դարում և ХХ-ի սկզբներին Կարին–Էրզրումը սովորական ասիական քաղաք էր, մի մեծ երկրամասի կենտրոն։ Փողոցները լայն էին, մի մասը սալարկված, տները՝ կավաշեն։ Ծառազուրկ էր, չուներ նվազագույն կոմունալ պայմաններ։ Խմելու ջուրը բերվում էր մոտակա լեռներից։ Ճարտարապետական առումով ուշադրության արժանի էին հայկական եկեղեցիները, մզկիթները, վարչական զանազան շենքերը, առևտրի տները, պաշտպանական կառույցները և այլն։
 
XIX դարի վերջերին և XX–ի սկզբներին Կարին–Էրզրումում կային հայկական տարբեր կարգի մի ամբողջ շարք վարժարաններ (չհաշված մասնավոր կրթարանները )։ Դրանցից էին կենտրոնական մայր վարժարանը, որ հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811թ. և հետագայում կոչվել էր Արծնյաց (Արծն քաղաքի անունով)։ 1909 թ. միայն այդ վարժարանն ուներ 334 աշակերտ։ Մյուս կրթարաններից նշանավոր էին Սանասարյան դպրոցը`   բացված 1881թ., Մսրյան, Տեր-Ազարյան, թարգմանչաց կրթարանները։ 1909թ. հայկական վարժարանների աշակերտների թիվը հասնում էր 2630-ի։ XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին այստեղ գործում էին մի քանի մանկապարտեզներ։
 
Կարինի հետ է կապված հայ մշակույթի և միջնադարյան մի քանի հեղինակների (Հակոբ Կարնեցի, Եղիա Կարնեցի և ուրիշներ) գործունեությունը։ Այստեղ է ծնվել սովետահայ նկարիչ Ս. Թ. Ալեքսանյանը (1910—1942), XX դարի սկզբներին քաղաքում հրատարակվել են հայկական թերթեր («Փարոս», «Հառաջ»)։
 
Կարին–Էրզրումը միջնադարյան Հայաստանի գրչության կենտրոններից է։ Նրա շրջակայքում էին գտնվում Դավիթ Անհաղթի և Մովսես Քերթողի, ս. Աստվածածին, Մատուրկա գյուղի Լուսավորիչ, Հինձքի Կարմիր վանքերը, Խաչկա վանքը, որոնք իրենց ազդեցությունն էին թողնում քաղաքի մշակութային կյանքի վրա։
 
Արևմտյան Հայաստանի մյուս քաղաքների ու հազարավոր գյուղերի հայ բնակչության նման Կարին–Էրզրումի հայերը նույնպես ենթարկվեցին ջարդերի։ Թուրք ցեղասպաններն այստեղի հայերի մի մասին ոչնչացրեցին դեռևս Աբդուլ Համիդի ժամանակ, 1895—1896 թվականներին, իսկ մյուս մասը զանգվածային կոտորածի ենթարկվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915 թվականին, մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները 1915 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում տարագրվեցին տարբեր երկրներ։ Եղեռնի նախօրեին Էրզրումում կային մոտ 25 հազար հայեր։ Հաջորդ տարում՝ 1916 թվականին, այդտեղ այլևս հայախոս հայ չէր մնացել։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: