Հանրագիտարան

Կարաքիլիսե

Կարաքիլիսե թուրքերեն նշանակում է «սև եկեղեցի»։ Իբր այդպես է կոչվել թաթար-մոնղոլների տիրապետության ժամանակներից (XIII դ.) այստեղ սև քարից կառուցված եկեղեցու (որը XIX դարի վերջերին արդեն ավերակ էր) պատճառով։ Թուրքերն այժմ կոչում են Կարաքյոսե (Ղարաքյոսե)։ Սովորաբար համարվել է գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք։

Գտնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Ալաշկերտի բարեբեր դաշտում, Տրապիզոն — Թավրիզ ճանապարհի վրա։ Ջրառատ է. Արածանիից բացի, այստեղով են հոսում նաև նրա բազմաթիվ վտակները։ Գյուղաքաղաքի շրջակայքի հողերը արգավանդ են և ջրարբի։

Նախկինում համարվում էր Էրզրումի նահանգի Բայազետի գավառի Կարաքիլիսեի գավառակի (կազա) կենտրոնը, իսկ այժմ Աղրի նահանգի կենտրոնն է։
 
XIX դարի առաջին կեսում Կարաքիլիսեում հայերը կազմում էին գյուղաքաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը։ 1877— 1878թթ. ռուս–թուրքական պատերազմից առաջ այստեղ կար 200 տուն հայ բնակիչ, որից 120 տունը պատերազմի ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան, իսկ 80 ընտանիք մնացել էր տեղում։ Հետագայում հայ բնակչության թիվը բավական ավելանում է։ Ըստ աղբյուրների, 1909թ. Կարաքիլիսեի 600 տնից 350–ը հայկական էր 2450 բնակիչներով։ Այդ նույն թվականին նրա բնակչության ընդհանուր թիվը հասնում էր մոտ 4500 մարդու։ Մինչև XIX դարի 90–ական թվականները գյուղաքաղաքը կարելի է ասել զուտ հայաբնակ էր. 1877—1878թթ. պատերազմից հետո այստեղ հայերից բացի կար միայն քրդական 3 ընտանիք 19 բնակիչներով։ Տեղում հենարան ստեղծելու և հայկական ըմբոստացումները պատժելու ու ճնշելու նպատակով Աբդուլ Համիդի օրոք, 1895—96թթ. հայկական ջարդերից հետո, Կարաքիլիսեում հաստատում են բավական բազմամարդ կայազոր`   նրա համար կառուցելով համապատասխան զորանոցներ։ Բացի դրանից, այդ նույն ժամանակներում, քաղաքի բնակչության հայկական միատարրությունը վերացնելու նպատակով թուրքական իշխանություններն այստեղ բնակեցնում են թուրքական և քրդական 100 ընտանիք։
 
Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ գյուղաքաղաքների նման Կարաքիլիսեի բնակչության զբաղմունքը նույնպես արհեստները, առևտուրը և երկրագործությունն էին։ Նրա արհեստների թիվը ավելի քան 20-ի էր հասնում, որոնց մեծ մասի նշանակությունը սահմանափակվում էր գավառի շրջանակներով։ Արհեստների նման, առևտուրը ևս հիմնականում գտնվում էր հայերի ձեռքին։ XX դարի սկզբին Կարաքիլիսեն ուներ իր շուկահրապարակը մոտ 200 խանութներով ու կրպակներով։ Այստեղի հայկական եկեղեցին ևս ուներ իր կրպակները թվով 25, որոնց հասույթներով պահվում էր եկեղեցուն կից գործող վարժարանը։ Կարաքիլիսեն տարանցիկ կետ էր Տրապիզոնի և Թավրիզի միջև, այստեղով բազմատեսակ ապրանքներ էին առաքվում Թուրքիայից դեպի Իրան և Իրանից դեպի Թուրքիա։ Մանրածախ, բայց աշխույժ բնույթ ուներ ներքին առևտուրը, մանավանդ բանջարաբոստանային մթերքներով կատարվող առևտուրը, որով այնքան համբավավոր էր գյուղաքաղաքը։ Հայերը երկրագործությամբ ու բանջարաբուծությամբ քիչ էին զբաղվում, իսկ անասնապահությունն ընդհանրապես գտնվում էր թուրքերի և քրդերի ձեռքին։
 
Առաջին համաշխարհային պատերազմը և թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը ճակատագրական եղան նաև Կարաքիլիսեի հայության համար։ Նրանց մի մասը ոչնչացվեց 1915թ. եղեռնի հետևանքով, իսկ մյուս, ավելի փոքր մասը տեղահանվեց զանազան կողմեր։
 
Կարաքիլիսեն նոր ժամանակներում սերտորեն առնչվել է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ։ Նրա մոտ 1877—78թթ. ռուս–թուրքական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ռուսական և թուրքական զորքերի ընդհարումներից մեկը։ Ռուսական զորքը երեք անգամ 1828, 1877 և 1916 թթ. գրավել է Կարաքիլիսեն, բայց այն նորից է անցել թուրքական տիրապետության տակ։
 
Գյուղաքաղաքը ընդհանուր հատակագծման չի ենթարկվել, կառուցումները կատարվել են կամայականորեն`   ով որտեղ ցանկացել է։ Փողոցները նեղլիկ են և ծուռումուռ։ Հիշատակության արժանի կառույցները սահմանափակվում են ս. Աստվածածնի եկեղեցով, վարչական շենքերով ու զորանոցներով, իսկ հնությունները՝ հայկական ընդարձակ գերեզմանոցով, որտեղ կան տապանագիր ունեցող շատ քարեր և խաչքարեր։
 
Կարաքիլիսեի ս. Աստվածածին եկեղեցուն կից XIX դարից գործում էր Հայկազյան վարժարան, որի աշակերտների թիվը 1872 —73թթ. հասնում էր միայն 20–ի, իսկ դարեվերջին՝ 35 — 40–ի։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: