Հանրագիտարան

Կաղզվան

Կաղզվանը երբեմն հիշատակվել և քարտեզների վրա նշանակվել է Կաղըզվան ու Կաղզման ձևերով։ Վրացական աղբյուրներում սովորաբար կոչված է Աղզևանի։ Հայտնի է նաև Երասխաձորի բերդ անունով։ Ենթադրվում է, որ այն սկզբում հավանաբար կոչվել է Կաղզովան։

Կաղզվանը մերթ հիշատակվում է իբրև գյուղ, ավան, մերթ իբրև բերդ, բերդավան, մերթ էլ գյուղաքաղաք կամ քաղաք։ Գտնվում է Անիի ավերակներից մոտ 22 կմ հարավ-արևմուտք, Արաքսի աջ ափին, Շատակն (կամ Կաղզվան) գետի վրա, որ երբեմն կոչվել է նաև Կապույտ գետ՝ իր այդ անունը հավանաբար ստանալով համանուն բերդի անունից։ Քաղաքը փռված է Բարդող (Թաքալթու) լեռան արևմտյան ստորոտին, հյուսիսից հարավ 4—5 կմ ձգվող բավական բարձրադիր սարավանդի վրա, որի երկու կողմերում ձգվող լեռները կազմում են գեղատեսիլ ամֆիթատրոն։ Բուն քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից մոտ 1500 մ է, իսկ Արաքսի հունից՝ 125 մ։ Գտնվում է երկրաշարժերի գոտում։ Քաղաքն առանձնապես մեծ վնասներ է կրել 1840 թվականի երկրաշարժից, որը, սկսվելով հունիսի 20-ին, ընդհատումներով շարունակվել է մինչև նույն թվականի սեպտեմբերի 28–ը։ Շրջապատված է մրգատու այգիներով։ Բուսականությունը փարթամ է։ Ամբողջ Հայաստանում հայտնի են եղել Արաքսի ափերով արևմուտքից արևելք մի քանի տասնյակ կիլոմետր ձգվող Կաղզվանի ձորի տանձենու այգիները։

Կաղզվանի դիրքը նպաստավոր է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով, այն գտնվում է Կարսից Վան տանող ճանապարհի վրա, որը գրեթե մշտապես բանուկ է եղել։ Քաղաքի շրջակայքում կան օգտակար հանածոների և բնական շինանյութերի հանքավայրեր։ Այստեղ կան քարածխի, նավթի, արծաթի, ոսկու, ծծմբի, կերակրի աղի, մարմարի, երկանքաքարի երևակումներ։ Առանձնապես հայտնի են կերակրի աղի հանքերը, որոնք շահագործման են ենթարկվել հնագույն ժամանակներից ի վեր։ Դրանց պարունակած կերակրի աղը շատ մաքուր է և համարվում է Կողբի հայտնի աղահանքերի շարունակությունը։ Տնայնագործական եղանակով շահագործման են ենթարկվել նաև արծաթի ու ոսկու բովերը, բայց քանի որ ստացված օգուտները նույնիսկ չեն ծածկել հանույթի ու նախնական մշակման ծախսերը, ապա դադարեցրել են դրանց շահագործումը։
 
Հնում Կաղզվանը մտնում էր Գաբեղյանք (ըստ ոմանց՝ Արշարունիք կամ Երասխաձոր) գավառի մեջ։ Թուրքիայի տիրապետության շրջանում այն Կարսի փաշայության Կաղզվանի սանջակի կենտրոնն էր։ Կարսի մարզը Ռուսաստանին միանալուց հետո (1878—1921) մինչև այն նորից Թուրքիային անցնելը, Կարսի մարզի Կաղզվանի օկրուգի վարչական կենտրոնն էր։
 
Կաղզվանի տեղում բնակավայր է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Այդ են ապացուցում նրա աղահանքերում հայտնաբերված քարի ու պղնձի գործիքները։ Հայ մատենագիրներից Կաղզվանի մասին կարևոր հիշատակություն է կատարել Ստեփանոս Ասողիկը՝ կապված IX դարի 60-ական թվականների դեպքերի հետ։ Ըստ նրա վկայության, 863 թվականին այդտեղ տեղի է ունեցել ճակատամարտ Բագրատունի Աբաս սպարապետի և կայսիկ ցեղի առաջնորդ Սևադայի որդի Շահապի զորքերի միջև։ Ճակատամարտն ավարտվել է Աբասի հաղթանակով, այդ պահից սկսած Բագրատունիները ավելի են ընդլայնել ու ամրացրել Արշարունիքի ու Շիրակի իրենց տիրույթները։ Կաղզվանի մասին հիշատակություններ ունեն նաև Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը, Մատթեոս Ուռհայեցին, Վարդան Արևելցին, Սմբատ Գունդստաբլը, վրաց հեղինակ Վախուշտին և ուրիշներ։ Թուրք հեղինակներից Կաղզվանի բերդի վերաբերյալ վկայություններ ունեն Էվլիա և Քյաթիբ Չելեբիները, նրա անունը, հիմք ընդունելով ավանդությունը, կապելով պարսից Նուշիրվան արքայի աղջիկներից մեկի անվան հետ, որ չունի պատմական որևէ հիմք։
 
Ինչպես ասվեց, Կաղզվանի տեղում բնակավայր էր առաջացել հնագույն ժամանակներից։ IX—X դարերում Կաղզվանն արդեն ամրոց էր և բավական մարդաշատ հայկական կայազորի կայան։ Այն իր շրջակայքով մտնում էր Բագրատունիների թագավորության մեջ։ Վերը նշված 863 թվականի ճակատամարտից հետո, այստեղ 1099 թվականին նույնպես տեղի են ունենում մարտեր Գրիգոր կյուրապաղատի և սելջուկյան զորքերի միջև։ Գրիգոր կյուրապաղատը այդ մարտերում ջարդում և Կաղզվանի շրջանից դուրս է շպրտում ավարառու սելջուկներին։ XII դարի վերջերին Կաղզվանը վերջնականապես ազատագրվում է սելջուկյան լծից և միացվում Զաքարյանների իշխանությանը։ Եթե մինչև այդ Կաղզվանը սովորական ամրոց էր իր ավանով, ապա XIII դարի սկզբներին արդեն վերածվել էր գյուղաքաղաքի։ Մոնղոլների և թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում (XIII—XV դդ.) չնայած այն գոյություն ուներ, բայց մեր մատենագրության մեջ չի հիշատակվել։ Կաղզվանը հայ և թուրք հեղինակների մոտ նորից է հիշատակվում XVII դարից։ XVI դարից մինչև 1878 թվականը այն ընդհանուր առմամբ գտնվում էր թուրքական տիրապետության տակ, իսկ դրանից հետո՝ Կարսի մարզի հետ միասին միացված էր ռուսական պետությանը և նորից Թուրքիային է անցել 1921 թվականին։
 
Կաղզվանի բնակչության, նրա զբաղմունքների, մշակույթի և ներքին կյանքի մասին շատ թե քիչ արժանահավատ տվյալները վերաբերում են նոր ժամանակներին։ Նրա բնակչության մեծագույն մասը կազմում էին հայերը, իսկ մնացածը թուրքեր ու հույներ էին։ XIX դարի սկզբին ուներ շուրջ 500 տուն բնակիչ, 1877-ին՝ 8000 բնակիչ, 1906-ին՝ շուրջ 9400, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ավելի քան 10 հազար բնակիչ, որից 7652-ը հայեր, իսկ 1920-ը թուրքեր։ 
 
Կաղզվանն առաջին հերթին այգեգործական խոշոր բնակավայր էր։ Նրա բնակիչները գրեթե բոլորն ունեին իրենց պտղատու այգիները, որոնց բերքի զգալի մասը վաճառքի էին հանում տեղի շուկայում։ Գյուղաքաղաքում կար բավական ընդարձակ վաճառանոց և ստեղծված էր վաճառականական հատուկ ակումբ։ Զգալի տեղ ուներ բամբակի ու խաղողի մշակությունը, գինեգործությունը։ Իր նշանակությամբ հաջորդ տեղը գրավում էր արհեստագործությունը, ոսկերչությունը, դարբնությունը, կտավագործությունը, ներկարարությունը, դերձակությունը, զինագործությունը, որմնադրությունը: Այստեղ կերակրի աղի հանույթ է կատարվել հնագույն ժամանակներից։ Նոր ժամանակներում այդ բնագավառում առանձին առաջադիմություն չէր կատարվել։ XIX դարի 80-ական թվականներին յուրաքանչյուր տարվա հանույթը հազիվ էր հասնում 30 — 31 հազար փթի, չնչին մի քանակություն, որի նշանակությունը դուրս չէր գալիս գավառի սահմաններից։
 
Միջին դարերում Կաղզվանի համար մշակութային առումով կարևոր նշանակություն ուներ Կամրջաձորի դպրոցը, որ հիմնադրված էր X դարում։ Այդ դպրոցում մեծ հռչակ էին ձեռք բերել Սամվել Կամրջաձորեցին և Ստեփանոս Ասողիկ պատմագիրը։ Նոր ժամանակներում՝ XIX դարում և XX–ի սկզբներին Կաղզվանում գործում էին հայկական երկսեռ երկու դպրոցներ ու մեկ ռուսական տարրական դպրոց։
 
Կաղզվանն իր կառուցվածքով հար ու նման էր Արևմտյան Հայաստանի մյուս գյուղաքաղաքներին, նրա փողոցները ծուռումուռ էին, նեղ ու փոշոտ, շենքերը՝ գաճաճ ու զանգվածորեն հողե կտուրներով։ Ուներ մեկ նորաշեն եկեղեցի ս. Աստվածածին անունով, որ գտնվում էր գյուղաքաղաքի արևելյան մասում, այգիների մեջ։ Այստեղ պահվում էին հայկական ձեռագրեր՝ Ավետարան, Աստվածաշունչ և այլն։ Հետագայում այդ եկեղեցին դարձել էր ուխտավայր, որի մնացորդները գոյություն ունեն մինչև մեր օրերը։
 
Կաղզվանի հնություններից հիշատակության արժանի է նրա միջնադարյան բերդը, որը գտնվում էր Արաքսի ափին, բլրի վրա։ Դա քարաշեն քառակուսի շենք էր, շրջափակված բուրգավոր պարիսպներով։ XX դարի սկզբներին երբեմնի հայտնի այդ բերդը, որ որոշ հեղինակներ նույնիսկ նույնացրել են միջին դարերում հռչակված Կապույտ բերդի հետ, ավերված էր ու վերածված փլատակների։ Կաղզվանի շրջակայքում նշմարվում էին նաև երկու եկեղեցու, վանքի, այլ շինությունների մնացորդներ։
 
Կաղզվանում են ծնվել հայ սովետական գրականագետ բանասեր Արշալույս Արշարունին (1896—1985), սովետական պետական-կուսակցական ականավոր գործիչ Վառլամ Ալեքսանդրի Ավանեսովը (1884 — 1930)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: