Հանրագիտարան

Խոզաթ

Խոզաթը հնում կոչվել է Խոզան։ Թուրքերը գրում են Գոզաթ և Գյուզա ձևերով, իսկ արևմտահայ գրականության մեջ սովորաբար հիշատակվում է Խոզադ տարբերակով։ Ոմանց մոտ համարվել է ավան, գյուղաքաղաք, իսկ ոմանց մոտ էլ քաղաք։

Գտնվում է Դերսիմի արևմտյան մասում, Արածանիի աջակողմյան վտակներիի աջ օժանդակներից մեկի ակունքի շրջանում, Խարբերդից մոտ 42 կմ հյուսիս, ջրառատ ու բարձրադիր սարավանդի վրա։ Շրջապատված է խիտ այգիներով, իսկ քաղաքից 2— 3 կմ հյուսիս անտառապատ տարածքներ են։ Խճուղային ճանապարհով կապված է Խարբերդ քաղաքի, իսկ գյուղամիջյան ճանապարհներով՝ շրջակա բնակավայրերի հետ։ Մտնում էր Խարբերդի նահանգի (վիլայեթ) Դերսիմի գավառի (սանջակ) մեջ, իսկ այժմ Խոզաթի նահանգի համանուն գավառի և գավառակի կենտրոնն է։

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Խոզաթը հիմնականում հայաբնակ գյուղաքաղաք էր։ Այստեղի հայերի մի մասը տեղացի էր, իսկ մյուս մասը եկել էր Խարբերդից, Արաբկիրից, Ակնից, Չմշկածագից։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քաղաքն ուներ 8640 հայ և 1944 քուրդ բնակիչ։ Հայերն զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ և այգեգործությամբ։ Քրդերի հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Գավառից և նրա սահաններից դուրս հայտնի էին Խոզաթի բուրդը, գորգերը, մրգերը, հատկապես ընկույզը։ XIX դարի 80ական թվականներին ուներ մոտ 50 խանութ ու կրպակ, մի քանի տասնյակ արհեստանոցներ, շուկա։ Հայերն ունեին 2 եկեղեցի, որոնցից մեկը փայտաշեն ս. Փրկիչ անունով, իսկ մյուսը քարակերտ ս. Գևորգ անունով։ Գյուղաքաղաքում գործում էր հայկական ուսումնարանը, որն ուներ 70 — 80 աշակերտ։ Գյուղաքաղաքի շրջակայքում կան 6 եկեղեցու ավերակներ, որոնք ցույց են տալիս, թե Խոզաթը անցյալում ավելի շեն ու խոշոր է եղել։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մասամբ բնաջնջվեցին և մասամբ էլ բռնի տեղահանվեցին այստեղի հայերը։ Ներկայումս կան միայն մի քանի հայ ընտանիքներ, մնացած բնակչությունը հիմնականում քրդեր են։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: