Հանրագիտարան

Խնուս

Այս ոչ մեծ բերդաքաղաքը, որ երբեմն հիշատակվում է Խնուն ձևով, իսկ թուրքերը կոչում են Խնըս-կալե, համարվել է նաև ուղղակի ավան կամ բերդ։ Գտնվում է Արածանիի (Արևելյան Եփրատ) աջակողմյան վտակ Խնուս գետի ափին, Բյուրակնյան լեռների արևելյան ստորոտում, հյուսիսից և հարավից աղեղնաձև ձգվող լեռնագյուղերով սահմանափակված՝ Խնուսի գոգավորության արևմտյան մասում, ձորահովտում, որի կենտրոնում բարձրանում է քարքարոտ, խիստ զառիվեր լանջերով մի լեռ։

Հենց այդ լեռան վրա էլ հիմնված են Խնուսի ամուր բերդը և նոր ժամանակներում կառուցված թուրքական պահակակետերը։ Դրա ստորոտով հոսում է Խնուսի գետը, քաղաքը բաժանելով երկու մասի, իսկ վերջինս շրջափակող առապարը խիստ թեքությամբ ու պարսպի նման փակում է ազատ մուտքը դեպի քաղաք։ Քաղաքը տեղադրված է զառիթափ լեռնալանջերի վրա, ծովի մակարդակից ունենալով մոտ 1800 մ բարձրություն։ Այն ջրառատ է, առողջարար կլիմայական պայմանններով: Խնուսի մոտ կան ածխաթթվային հանքային աղբյուր, որտեղ լոգանք էին ընդունում մեծ մասամբ կանայք, շինարարական ընտիր քարի պաշարներ, քարածխի և կերակրի աղի հանքավայրեր։

Հնում Խնուսը Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Վարաժնունիք գավառի կենտրոնն էր։ Ոմանք այն տեղադրում են նույն աշխարհի Հարք, ոմանք էլ՝ Տվարածատափ (այժմ Կարայազ) գավառում, որ անընդունելի է։ Նոր ժամանակներում Խնուսը Էրզրումի նահանգի Խնուսի գավառակի կենտրոնն էր։ Այստեղ էր նստում գավառակի թուրք պաշտոնյան`   կայմակամը իր ենթականերով։
 
Խնուսի միջին դարերի բնակչության քանակի մասին ուղղակի տեղեկություններ չկան, իսկ անուղղակի նկարագրություններից երևում է, որ, ընդհանուր առմամբ, այդ ժամանակներում այն բավական խոշոր բնակավայր է եղել։ XIX—XX դարերի բնակչության քանակի վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են։ Արևմտյան Հայաստանի մյուս քաղաքների հայության քանակը թուրքական պաշտոնական աղբյուրները միտումնավոր պակասեցրել են։ Այդպիսի բնույթ ունեն դրանք նաև Խնուսի բնակչության քանակի վերաբերյալ։ Անհատ հեղինակների հաղորդումներն ավելի արժանահավատ են ու իրականությանը մոտ, 1800—1830-ական թվականներին Խնուսի բնակչության թիվը հասնում էր 5000 մարդու, որի 80%-ը (4000-ը) կազմում էին հայերը, 1830—1850-ական թվականներին՝ 6000 բնակիչ, որից հայեր՝ 3000։ Հետագա տասնամյակներում թրքական բռնությունների ու հալածանքների հետևանքով հայերի քանակը գնալով նվազում է՝ 1914 թվականին նրա 8000 բնակիչներից հայեր էին միայն 2000-ը։ 1915 թվականի մեծ եղեռնի հետևանքով Խնուսի գավառակում բնաջնջվեցին ավելի քան 25000 հայեր։ Բնաջնջվեց նաև Խնուս քաղաքի հայությունը, 1916 թվականին այստեղ մնացել էին միայն 200 հայ բնակիչ։ Խնուսում հայերից բացի բնակվում էին նաև լեզգիներ, քրդեր, թուրքեր։
 
Խնուսի բնակչության զբաղմունքները կազմում էին երկրագործությունը, անասնապահությունը, հատկապես ձիաբուծությունը, արհեստագործությունն ու առևտուրը։ Հայերի հիմնական զբաղմունքներն արհեստներն ու առևտուրն էին։ Նրա արհեստների նշանակությունը սահմանափակվում էր գավառակի շրջանակներով։ Ավելի հայտնի էր իր առևտրով։ XX դարի սկզբներին Խնուսը ուներ բավական աշխույժ առևտուր։ Նա առևտրական սերտ հարաբերությունների մեջ էր Էրզրումի, Բիթլիսի և Մուշի հետ։ Քաղաքն ուներ իր շուկան տասնյակ կրպակներով։
 
Ինչպես ասվեց, քաղաքը համանուն գետով բաժանված էր երկու մասի։ Գետի աջ ափին գտնվում էր բերդը, իսկ ձախ ափին՝ բնակելի տների մեծագույն մասը։ Մի քանի տասնյակ տներ էլ ցրված էին ձորից վերև, մի փոքրիկ հարթավայրում։ Քաղաքի բնակելի տներն, առանց բացառության, տափակ հողածածկ կտուրներով էին։ Փողոցները նեղ էին ու անբարեկարգ։ Ուներ մի քանի բաղնիք։
 
Խնուսի ամենանշանավոր կառույցը կարելի է համարել նրա բերդը, որի մասին հին հայկական աղբյուրներում տեղեկություններ չեն հաղորդված։ Այն հիշատակված է օտար հեղինակների կողմից։ Առաջին հիշատակությունը կատարել է իտալացի մի ճանապարհորդ (1471 — 1478թթ.), իսկ մյուս կարևոր վկայությունը պատկանում է թուրք հեղինակ Էվլիա Չելեբիին (1647 թ.)։ Այն կառուցված է Խնուս գետի ձախ ափին բարձրացող անմատչելի լեռան վրա։ Ամուր կառուցվածք էր, քառակուսի ստվերագծով, որի երկարությունը հասնում էր 600 քայլի։ Շրջապատված էր ժայռերով ու պաշտպանական ամրակուռ պարսպով։ Ուներ միայն մեկ դուռ՝ հյուսիսային կողմից։ Բերդի տարածքում զանազան նպատակներով կառուցված պաշտպանական շինվածքներից բացի կային նաև շուկա ու մզկիթ։ Ըստ ոչ արժանահավատ տեղեկությունների, կառուցվել է XV դարում՝ Ուզուն-Հասանի կողմից։ XIX դարի վերջերին Խնուսի այդ բերդը արդեն միանգամայն ավերակ ու ամայի էր։
 
Բուն քաղաքում կար հայկական երկու եկեղեցի՝ մեկը հնաշեն, իսկ մյուսը՝ նոր։ Դրանցից նշանավորն առաջինն էր՝ ս. Աստվածածին քարաշեն, կամարակապ եկեղեցին, որ գտնվում էր գետի ափին, մի առանձին ժայռի վրա։ Քաղաքում կար նաև մի անշուք մզկիթ, իսկ գետի վրա բավական ճաշակով կառուցված էր քարաշեն կամուրջ։
 
Խնուսում դիպվածով գտնվել է փղի ընտանիքին պատկանող նախապատմական մի վիթխարի կենդանու բրածո, որը երկրաբանության մեջ կոչվել է «հայկական փիղ»։
 
Խնուսի արևելյան կողմում կան զանազան հնություններ։
 
XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին Խնուսի մշակութային և ազգային կյանքը բավական եռուն էր: Այստեղ, ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան (որը գոյություն ուներ XIX դ. երկրորդ կեսի սկզբներից և որոշ ժամանակ փակ մնալուց հետո վերաբացվել էր 1909 թվականին) 100-ից ավելի աշակերտներով ու 4 ուսուցչով։ Դպրոցն ուներ նորակառույց, քարաշեն բարեկարգ շենք՝ շինված Միացյալ ընկերության կողմից։ Նույն ընկերությունն էր կառուցել նաև առաջնորդարանը և Երիտասարդաց ակումբը, որը նույնպես ս. Աստվածածին եկեղեցուն կից էր և կարևոր դեր էր խաղում քաղաքի հայ մշակույթի կյանքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: