Հանրագիտարան

Իգդիր

Իգդիր գյուղաքաղաքը, որ հիշատակվում է նաև իբրև սովորական ավան և գյուղ, ամենայն հավանականությամբ համապատասխանում է միջին դարերի Ցոլակերտին։ Սկզբնաղբյուրներում կոչված է նաև Արդյանք, Իգդիր։

Գտնվում է Մասիսից հյուսիսարևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավարևմուտք։ Տեղանքը հարթավայրային է։ Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով։ Կլիման շոգ է, չոր ու վատառողջ, շրջակայքում ճահիճները գրավում են բավական ընդարձակ տարածություն, որոնք ապականում են օդը։ Իգդիր անունով գյուղեր կային նաև Կարսի մարզում, Իրանում (Արդաբիլի մոտ) և այլ տեղերում։

Հնում Իգդիրն իր շրջակայքով Կողքի հետ կազմում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Ճակատք գավառը։ Նոր ժամանակներում հիմնականում այդ նույն գավառի տարածքից էր կազմված Երևանի նահանգի Սուրմալուի գավառը, որի վարչական կենտրոնը Իգդիրն էր։
 
Իգդիրի մասին սկզբնաղբյուրները համեմատաբար քիչ տեղեկություններ են հաղորդում։ XIV—XV դարերից Իգդիրի շրջակայքում բնակություն էին հաստատել բավական թվով թուրքեր ու քրդեր, որոնք հաճախակի հարձակումներ էին կատարում հայաբնակ այդ գյուղաքաղաքի վրա`   ավերելով և կողոպտելով այն։ Այնպես որ նրա հայ բնակչությունը դարեր շարունակ ինքնապաշտպանական կռիվներ էր մղում ավարառու հարևանների դեմ։
 
Իբրև գավառի կենտրոն Իգդիրն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն։ Նա 1403 թվականին եղել է Իգդիրի ամրոցում և հաղորդում է, որ այդ ժամանակ ամրոցի տերը կին էր։ Հայաստանի 1555 թվականի բաժանմամբ Իգդիրը անցել էր Պարսկաստանին և մինչև 1828 թվականը մնացել էր նրա կազմում։ Թուրքմենչայի պայմանագրով անցել էր Ռուսաստանին և այդ ժամանակներում դեռևս սովորական գյուղ էր։
 
Իգդիրը թուրքերի կողմից զավթվել է հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ 1920 թվականի աշնանը Կարաբեքիր Փաշայի զորքերը գրավեցին այն և 1921 թ. Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին, որը երբեք թուրքերին չէր պատկանել, Իգդիրն անցավ թուրքական տիրապետության տակ։ Ներկայումս այն թուրքաբնակ փոքրիկ գյուղաքաղաք է։ Ժամանակակից ընդհանուր մարդահամարների բացակայության հետևանքով, Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ քաղաքների նման Իգդիրի բնակչության ստույգ թիվը նույնպես հայտնի չէ։ XIX դարի և ХХ-ի սկզբի Իգդիրի բնակչության քանակի վերաբերյալ աղբյուրներում հաղորդվում են հակասական թվեր, որոնց հիման վրա կարելի է ասել հետևյալը։ 1831 — 32 թթ. Իգդիրն ունեցել է շուրջ 133 ընտանիք 624 հայ բնակիչներով, որոնց մեծ մասը (100 ընտանիք) ըստ Թուրքմենչայի պայմանագրի այստեղ էին գաղթել Խոյից, Սալմաստից, ինչպես և մի փոքր ուշ՝ Բայազետից։ XIX դարի 80–ական թվականների տվյալների համաձայն նրա ընտանիքների թիվը հասնում էր 500-ի, 1906 թ. ուներ ավելի քան 3600 բնակիչ`   մեծ մասամբ հայեր, իսկ 1914 թվականին շուրջ 10 հազար բնակիչ, որոնց ավելի քան 75 %-ը դարձյալ կազմում էին հայերը, իսկ մնացածը՝ թուրքեր, հույներ և այլք։ Բնակչության զբաղմունքների մեջ առաջնակարգ տեղ էին գրավում գյուղատնտեսական ճյուղերը`   երկրագործությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, բամբակագործությունը, որոնց համար Իգդիրն ունի բարենպաստ պայմաններ՝ տաք կլիմա, արգավանդ հողերով հարթավայրեր, ոռոգելու ջրի պաշարներ։ Սակայն գյուղաքաղաքի բնակչության զգալի մասը զբաղվում էր նաև զանազան արհեստներով ու առևտրով։ Իգդիրի համար վաղուց ի վեր կարևոր նշանակություն ուներ Վանից ու Բայազետից Արարատյան դաշտ տանող ճանապարհը, որը անցնում է Հայկական պար լեռնաշղթայի Օրգովի հովիտ կոչված լեռնանցքով և Իգդիրով դիմում դեպի Արաքսի վրայի Մարգարայի կամուրջը։
 
Իգդիրում XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին գործում էին հայկական երկու վարժարան, մեկը`   տղաների, իսկ մյուսն`   օրիորդաց։ Այստեղ են իրենց նախնական կրթությունն ստացել հետագայում նշանավոր դարձած մի շարք գործիչներ։ Իգդիրում են ծնվել հայ ականավոր ակնաբույժ Հայկ Կանայանը (1875—1952), ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ, աչքի հիվանդությունների ամբիոնի հիմնադիրը, հայ հեղափոխական, ռազմական գործիչ հայկական դիվիզիայի հրամանատար Հակոբ Աթոյանը (1894 — 1937), ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Հակոբ Ազատյանը (1902 —1963) և ուրիշներ։
 
Իգդիրն ասիական տիպի գյուղաքաղաք է։ Նրա փողոցները նեղլիկ են, ծուռումուռ, փոշոտ։ Միասնական հատակագծի չի ենթարկված, բայց տներն իրենց բակերում ունեն բանջարանոցներ ու պարտեզներ և իրարից գտնվում են որոշակի հեռավորության վրա։ Ճարտարապետական առումով ուշադրության արժանի կոթողներ չունի։ Ուներ տարբեր ժամանակներում կառուցված հայկական երեք եկեղեցի։ Մինչև XX դարի սկզբները տակավին պահպանվում էին Իգդիրի միջնադարյան բերդի ավերակները, որոնք այժմ հազիվ են նշմարվում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: