Հանրագիտարան

Զարիշատ (Վանանդ գավառի քաղաք)

Հիշատակվում է նաև Զարեհաշատ, Զաբոլշատ և թուրքական Արփաչայ անուններով։ Տուրուբերան աշխարհի Աղիհովիտ գավառի Զարիշատից տարբերելու համար Մովսես Խորենացին այս Զարիշատը հիշատակում է «Զարիշատ Վանանդայ» ձևով։

Ըստ Ղ. Ալիշանի, Զարիշատը Արտաշեսյանների օրոք եղել է արքայական ամուր դաստակերտ, որ կառուցվել էր Արտաշես Ա–ի օրոք և նրա հոր՝ Զարեհի անունով կոչվել Զարեհաշատ, իսկ հետագայում ձևափոխվելով դարձել Զարիշատ։ Ուշ շրջանի մի ավանդության համաձայն, իբր ոմն արքայադստեր Զարուհու անունով է, որին են վերագրում հին Երվանդակերտ դաստակերտի մոտ եղած բերդի կառուցումը։

Գտնվում էր Կարս քաղաքից հյուսիս, Ախուրյան գետի Զարիշատ և Մեծագետ վտակների միջև, բնականից ունենալով ամուր դիրք։ Շրջակայքում տարածվում են արգավանդ դաշտեր։ Վարչական առումով հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Վանանդ գավառի մեջ, նոր ժամանակներում Էրզրումի նահանգի (վիլայեթ) Կարսի գավառի Զարիշատի գավառակի (կազա) կենտրոնն էր, իսկ Կարսի մարզի կազմակերպումից հետո (1878) Կարսի օկրուգի Զարիշատի ոստիկանական շրջանի կենտրոնը։
 
IV դարի պարսկական հարձակումներից հետո այս Զարիշատը նույնպես դարեր շարունակ մեր մատենագրության մեջ չի հիշատակվում։ Անուղղակի տվյալների հիման վրա կարելի է կռահել, որ այն անշքացել էր, բայց շարունակում էր իր գոյությունը։ Զարիշատն ուներ իր ամրոցը, որը պարսպապատ էր և գրավում էր մի քառակուսի տարածք։ Այդ ամրոցի ավերակները XX դարի սկզբներին դեռևս նշմարվում էին։ Զարիշատը XIX դարի երկրորդ կեսում ավերված վիճակում էր և երբ 1878թ. Սան Ստեֆանոյի պայմանագրով Կարսի մարզը միացվեց Ռուսաստանին, վաղեմի քաղաքի ավերակների տեղում նոր բնակավայր հաստատեցին ռուս մոլոկանները՝ այն կոչելով Գրենադյորսկոյե։ Մոլոկանների այդ գյուղը XX դ. սկզբին ուներ 63 տուն 344 ռուս բնակիչներով, որոնք, սակայն, 1920 թ. թուրքական հարձակման ժամանակ թուրքերի կողմից բռնությամբ տեղահանվեցին, իսկ ամայացած Զրիշատ-Գրենադյորսկոյեն էլ ամբողջ Կարսի մարզի հետ միասին 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով նորից անցավ Թուրքիային:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: