Հանրագիտարան

Զարիշատ

Հիշատակվում է նաև անվան Սարիսա և Սարասա տարբերակներով։ Հավանաբար գտնվում էր Ալի կամ Աղի կրոնական կենտրոնի տեղում, որի անունով գավառը կոչվեց Աղիհովիտ, իսկ Ալի ավանն էլ Զարիշատ կամ Զարիաշատ՝ Արտաշես 1–ինի հոր՝ Զարեհի անունով։

Հին Հայաստանի հայտնի քաղաքներից էր, իսկ ուշ միջնադարում՝ Թովմա Մեծոփեցին հիշատակում է իբրև գյուղաքաղաք։ Մտնում էր Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Աղիհովիտ գավառի մեջ։ Հնում, հելլենիստական շրջանի Հայաստանում, Զարիշատը «արքունի քաղաք» էր և համարվում էր Արտաշես 1-ինի հոր՝ Զարեհի տիրույթը։ Աղիհովիտ գավառը հարևան Առբերանիի (որ մտնում էր Վասպուրական աշխարհի մեջ) և Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք գավառների հետ միասին Արշակունիների թագավորության շրջանում արքայական տան կրտսեր զավակների տիրույթներն էին։ Գահակալական կռիվներից խուսափելու համար վերջիններիս արգելված էր բնակվել մայրաքաղաքների մոտ (Այրարատյան աշխարհի կենտրոնական գավառներում)։ Հետագայում Աղիհովիտ գավառը կրել է տարբեր անուններ`   Արճեշի, Քաջբերունիքի և այլն։

Գտնվում էր Արածանիի հովտում, Վանա լճի հյուսիս-արևմտյան կողմում, ափամերձ շրջանում, Արտաշատ — Տիգրանակերտ հայկական «արքայական ճանապարհի» վրա, նոր ժամանակների Երիշատ գյուղի տեղում։
 
Զարիշատը Հայաստանի հելլենիստական խոշոր քաղաքներից էր։ Այն հիմնադրվել էր Արտաշես 1–ինի օրոք (II դ. մ. թ- ա.) և բարեկարգվել ու բազմամարդ դարձել Տիգրան 2–րդի ժամանակներում (I դ. մ. թ, ա.) ու հետագա III—IV հարյուրամյակների ընթացքում։ IV դարի առաջին կեսում (մ. թ.) նրա բնակչության թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի։ Ըստ Փավստոս Բուզանդի վկայության, Պարսից արքա Շապուհ 2-րդը իր 368— 369 թթ. արշավանքի ժամանակ այստեղից Պարսկաստան է բռնագաղթեցրել 24 հազար ընտանիք, իսկ ըստ այլ աղբյուրների, տեղահանվածների թիվը կազմում էր 11 հազար ընտանիք։ Հելլենիստական մյուս քաղաքների նման Զարիշատի բնակչության կազմում հայերից բացի կային նաև հրեաներ (իսկ Տիգրանի օրոք նաև հույներ ու ասորիներ): Քաղաքի բնակչության հիմնական զբաղմունքները կազմում էին արհեստներն ու առևտուրը։ Սակայն էական նշանակություն ուներ նաև գյուղատնտեսությունը, որի համար Զարիշատի շրջակայքում կան նպաստավոր պայմաններ։ Գյուղատնտեսությունը քաղաքային զբաղմունքների նկատմամբ կարևոր նշանակություն էր ստացել հետագայում՝ Շապուհ 2-րդի զորքերի կողմից IV դարի 60–ական թվականներին քաղաքն ավերելուց և նրա արհեստավոր ու առևտրական բնակչությունը Պարսկաստան քշելուց հետո։ Սկսած այդ ժամանակներից Զարիշատը անշքանում է`   վերածվելով սովորական բերդի կամ ամրոցի։ Այն մասնակիորեն վերականգնվել էր Լենկթեմուրի ավերիչ արշավանքնեըից հետո և XV դարում հիշատակվում է իբրև գյուղաքաղաք։ Սակայն նրա այդ մասնակի բարեկարգ վիճակը երկար չի տևում և թուրք–պարսկական մռայլ տիրապետության շրջանում Զարիշատը վերածվում է փոքրիկ գյուղի։ 
 
Մովսես Խորենացին վկայում է, որ Զարիշատում է թաղվել Գնել Արշակունին։ Այստեղ է ծնվել Գրիգոր Տաթևացու հայտնի աշակերտներից մեկը՝ Հովհաննես Քաջբերունի եպիսկոպոսը (1350—1415)։
 
Աղիհովիտի այս Զարիշատը չպետք է շփոթել Վանանդ գավառի նույնանուն քաղաքի հետ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: