Երզնկան տարբեր ժամանակներում ու տարբեր հեղինակների կողմից հիշատակվում է իբրև ավան, բերդաքաղաք, քաղաք։ Հնում սովորաբար այն կոչվել է Երեզ, Երիզա կամ Երիզավան, իսկ թուրքական տիրապետության շրջանում՝ Երզինգան, Երզինգյան, Երզինջան։ Ոմանք էլ այն նույնացրել են Հուստինիանուպոլսի հետ, որ անընդունելի է։
Երզնկան գտնվում է Արևմտյան Եփրատի միջին հոսանքի շրջանում, Երզնկայի դաշտի արևմուտքում, Գայլի (Երզնկա) գետաբերանի մոտ։ Հնում այն գտնվում էր ուղղակի Եփրատի ափին, իսկ այժմ, երկրաշարժի հետևանքով գետի ողողումներից խուսափելու նպատակով, քաղաքը մոտ 2 կմ «շարժել» են դեպի հյուսիս։ Քաղաքի գրաված տարածքն ու շրջակայքը հարթավայրային է, որի բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է 1300 մ-ի։ Նրա ավերված թաղը անմիջականորեն տարածվում է Եփրատի ափին և տեղացիների կողմից ստացել է Հին քաղաք անունը։ Այս մասում Երզնկայի օդն անմաքուր է, խմելու ջուրը՝ ցածրորակ։ Կլիման բարեխառն է, բայց ամռանն այստեղ սաստիկ շոգ է լինում, որի շնորհիվ այլ մշակույթների հետ միասին հաջորդությամբ աճել է նաև բամբակենին: Ջրառատ քաղաք է և տարեկան ստանում է 700—750 մմ մթնոլորտային տեղումներ։ Շրջակայքում կան հորդաբուխ ջերմուկներ, որոնցով ջեռուցման են ենթարկվել քաղաքի որոշ թաղամասեր։
Երզնկան գտնվում է հաճախակի կրկնվող կործանիչ երկրաշարժերի գոտում։ Այստեղ շուրջ 800 տարվա ընթացքում երկրաշարժերի հետևանքով զոհվել է մի քանի հարյուր հազար մարդ։ Միայն 1045—1784թթ. ընթացքում Երզնկայի դաշտում և համանուն քաղաքում տեղի ունեցած կործանիչ երկրաշարժերի թիվը հասնում է ավելի քան 25–ի։ Այդպիսի ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել 1045, 1165, 1236, 1251, 1254, 1268, 1281, 1458, 1462, 1682, 1784, 1939, 1966 և այլ թվականներին։ Ըստ Կատանյանցի կազմած Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի ժամանակագրության, 1268թ. երկրաշարժից զոհվել են 15 հազար մարդ, 1458թ.՝ 32 հազար, 1482–ին՝ 30000, 1583թ.՝ 15000 մարդ և այլն։ Ամենաաղետաբեր երկրաշարժերից մեկը 1784թ. հուլիսի 30–ին տեղի ունեցածն էր, որի հետևանքով քաղաքը և նրա շրջակայքում գտնվող 3 գյուղ հիմնահատակ ավերվել են։ Միջնադարյան մեր մատենագիրները, օտար մի քանի ճանապարհորդներ բավական մանրամասն նկարագրել են այդ երկրաշարժերի ընթացքը, պատճառած վնասները, մարդկային հսկայական զոհերը, երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար ձեռնարկված աշխատանքները։ Երզնկացիները մի շարք անգամ իրենց հայրենի քաղաքը վերականգնել ու վերաշինել են միանգամայն փլատակներից։
Բազմադարյան հարուստ պատմություն ունի Երզնկան։ Այն առաջին անգամ հիշատակվում է VIII դարի (մ. թ. ա.) սեպագիր արձանագրություններում, իսկ պատմագիրների առաջին վկայությունը վերաբերում է I դարին (մ. թ. ա.), երբ այն ավան էր և կոչվում էր Երեզ կամ Երիզա։
Հեթանոսական շրջանում Երեզ–Երզնկան Հայաստանի կրոնական կարևորագույն կենտրոններից մեկն էր: Այստեղ էր գտնվում հայ հեթանոսական աստվածուհիներից մեկի՝ Անահիտի, գլխավոր տաճարը, որն ուներ ընդարձակ կալվածքներ, հսկայական թվով անասուններ, բազում գանձեր ու թանկագին իրեր, աստվածուհու ոսկեձույլ արձանը, որը հափշտակել ու իբրև ավար Հռոմ է տարել Անտոնիոս զորավարը 30 թ. (մ. թ. ա.) կողոպտելով նաև տաճարի մյուս հարստությունները։ Ավանն ու նրա հեթանոսական տաճարը բազմամարդ էին լինում մանավանդ Նավասարդի տոնին (օգոստոսի առաջին կեսին), երբ Հայոց նոր տարվա տոնակատարություններին մասնակցելու համար այստեղ էին գալիս հազարավոր ուխտավորներ։
Իբրև մշակույթի և հոգևոր կենտրոն Երեզ–Երզնկան մեծ հարված է ստացել IV դարի սկզբներին (մ. թ.), Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոնի վերածվելու ժամանակ։ Երկրի տարբեր մասերի հեթանոսական տասնյակ տաճարներ ավերելու հետ միասին վերացրեցին նաև այստեղի Անահիտի մեհյանը, նրա տեղում կառուցելով քրիստոնեական տաճար, որի նույնիսկ տեղն ու հետքերը չեն պահպանվել։
Սկսած այդ ժամանակներից քաղաքի պատմության հիմնական պահերը մեզ արդեն հայտնի են պատմագիրների, ժամանակագիրների ու գրիչների, ճանապարհորդների կատարած հիշատակությունների շնորհիվ։ Նրա մասին տարբեր կարգի վկայություններ ունեն Մովսես Խորենացին, Հովհ. Մամիկոնյանը, Մ. Ուռհայեցին, Վարդան Արևելցին, Կ. Գանձակեցին, Գր. Կամախեցին, Մխիթար Այրիվանեցին, արաբական ու վրացական մի շարք հեղինակներ, արևմտաեվրոպական ճանապարհորդներ։
Հայաստանի 387 թ. բաժանմամբ Երեզ–Երզնկան Արևմտյան Հայաստանի հետ միասին անցնում է Բյուզանդական կայսրությանը։ Երկրի այդ մասի մի շարք քաղաքների ու ավանների հետ միասին Երեզը նույնպես Հուստինիանոս կայսեր (527—565) կողմից վերակառուցվում ու ամրացվում է. կայսրը ավանից ոչ հեռու, նրա հարավարևելյան կողմում, Կարին տանող ճանապարհի վրա, նախկին Ջեմին վայրում հիմնադրում է իր անունը կրող բերդաքաղաքը՝ Հուստինիանուպոլիսը։ X— XI դարերում Երզնկան նույնանուն բավական ընդարձակ իշխանության կենտրոնն էր, Բյուզանդիային ենթակա մի իշխանություն, որը գոյություն է ունեցել մինչև սելջուկ թուրքերի արշավանքներն ու նվաճումները: 1057թ. սելջուկ թուրքերը գրավում են Երզնկան։ Սակայն դրանից հետո, ընդհուպ մինչև XIII գարի 60—70–ական թվականները, Երզնկան զարգանում և դառնում է նշանակալի քաղաք։ Նրա այդ ժամանակների ծաղկած վիճակի մասին տեղեկություններ են հաղորդում վենետիկցի Մարկո Պոլոն, որը դեպի Չինաստան կատարած իր շատ հայտնի ճանապարհորդության ընթացքում եղել էր նաև Երզնկայում, և արաբ հեղինակ Իբն-Բաթուտան։ Նրանք հաղորդում են, որ Երզնկայի բնակիչների մեծագույն մասը կազմում են հայերը, որ քաղաքն ունի լավ ու բարեկարգ շուկաներ, որ այդտեղ արտադրված ապրանքների մեջ ամենահայտնին բամբակե գործվածքներն են, որոնց Մարկո Պոլոն որակում է որպես աշխարհի «ամենալավ բեհեզներ»:
Երզնկան 1243 թ. գրավել են մոնղոլները, իսկ 1394-ին՝ Լենկթեմուրը, որի այստեղ գործադրած դաժանություններն ու բռնությունները հասել էին հրեշավոր չափերի։ 1514-ին Երզնկան ընկել է թուրքական տիրապետության տակ։
Արևմտյան Հայաստանի թուրքական վարչական բաժանմամբ Երզնկան միշտ մտել է Էրզրումի վիլայեթի (նահանգի) մեջ և եղել Երզնկայի սանջակի (գավառի) կենտրոնն ու թուրքական մի մարդաշատ կայազորի տեղադրավայր բերդաքաղաքը։
Երզնկայի բնակչության քանակի, տնտեսական վիճակի, մշակութային կյանքի, կոմունալ պայմանների մասին շատ թե քիչ արժանահավատ տվյալները վերաբերում են նոր ժամանակներին։
Երզնկայի բնակչության ազգային կազմի կտրուկ փոփոխությունները սկսել էին տակավին XIV դարից, մինչ այդ քաղաքի բնակչությունը, ինչպես հաղորդում են Իբն-Բաթուտան և Մարկո Պոլոն, միատարր էր և բաղկացած էր գրեթե միայն հայերից։ Հայերը բացարձակ մեծամասնություն էին կազմում նաև XIX դ. առաջին կեսին. 1830թ. քաղաքի հայ բնակիչների թիվը հասնում էր 15 հազար մարդու։
Ըստ Քինեի տվյալների, Երզնկան 1890-ական թվականներին ունեցել է 23 հազար բնակիչ, որից 15 հազարը թուրքեր, 7500-ը՝ հայեր, իսկ մնացածը հույներ և այլք։ Դրանից մեկ տասնամյակ առաջ 1880-ին քաղաքում հաշվում էին 600 տուն, որից 4000-ը՝ թուրքական, իսկ 1800-ը՝ հայկական14: Նրա բնակչության թիվն առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հասնում էր մոտ 24 հազար մարդու, որի մեկ երրորդից ավելին կազմում էին հայերը։
Չնայած նպաստավոր պայմանների առկայությանը, Երզնկայում XIX դարում և ХХ-ի սկզբներին, այնուամենայնիվ, կապիտալիստական որևէ ձեռնարկություն չի առաջացել, թուրքական կառավարությունը արգելք էր դնում այդ բնագավառում հայ վաճառականների ու ձեռնարկատերերի կատարած յուրաքանչյուր քայլի վրա։ Այսպես, թուրքական կառավարության հրամանով անմիջապես լուծարքի է ենթարկվել մի հայ վաճառականի հիմնադրած լուցկու ձեռնարկությունը պարզապես միայն այն պատճառով, որ դրա արտադրած լուցկու տուփերի վրա գրված էր «Լուցկիք Հայաստանի» մակնիշը։ Իսկ XIX դարի երկրորդ կեսում քաղաքում գործող կաշեմշակման պետական «գործարանը» ավելի շուտ հասարակ մանուֆակտուրա էր, քան կապիտալիստական ձեռնարկություն։ Այնպես որ Երզնկան նոր ժամանակներում դարձյալ մնում էր արհեստավորական քաղաք, որտեղ ավանդույթի ուժով հնից եկող արհեստների հետ միասին նոր պայմանների ազդեցության տակ առաջացել էին նաև մի քանի նոր արհեստներ։ Արհեստներով գերազանցապես զբաղվում էին հայերը։ Քաղաքում գործող արհեստներից էին մետաքսագործությունը, կտավագործությունը, դերձակությունը, դարբնությունը, պղնձագործությունը, հյուսնությունը, ատաղձագործությունը, քարկոփությունը, ժամագործությունը, կավագործությունը և այլն։ Արհեստավորների թիվը հասնում էր մի քանի հազարի, որոնց ճնշող մասը ընդգրկված էր արհեստավորական եղբայրությունների էսնաֆությունների մեջ։ Գավառում և շրջակայքում առանձնապես հայտնի էր Երզնկայի ջուլհակների արտադրած ամուր և նուրբ «շերտավոր կտավը»։
Իր մեծագույն մասով մանրածախ, բայց աշխույժ բնույթ ուներ Երզնկայի ներքին առևտուրը, որի ապրանքները բաղկացած էին արհեստավորական շինվածքներից, գյուղատնտեսական մթերքներից և ներմուծովի որոշ արտադրանքներից։ Զգալի նշանակություն ուներ նաև քաղաքի արտաքին ու տարանցիկ առևտուրը։ Ինչպես ասվեց, դարեր շարունակ Երզնկան գտնվում էր քարավանային բանուկ ճանապարհների վրա։ Նոր ժամանակներում այստեղով էր անցնում Թավրիզ—Էրզրում—Երզնկա ճանապարհը. քաղաքն առանձին ճանապարհներով կապված էր Տրապիզոնի ու, Սեբաստիայի վրայով, Հալեպի հետ։
Երզնկան անբարեկարգ քաղաք է։ Նրա բոլոր շենքերը աղյուսակերտ, կավակերտ կամ փայտաշեն են, մեծ մասամբ հողածածկ տանիքով։ Փողոցները նեղ են ու ծուռումուռ, փոշոտ ու ցեխոտ։ Քաղաքի կենտրոնում շուկան է, շրջապատված անշուք խանութներով ու արհեստանոցներով։ Համեմատաբար բարեկարգ ու մաքուր են եղել հայկական թաղերը, որոնց թիվը չորսն էր, յուրաքանչյուրն ունենալով իր եկեղեցին։ Դրանց կենտրոնում գտնվում էր «Ժաման» կոչված մեծ հրապարակը։ Բոլոր բակերում կային ջրհորներ, ինչպես և հատուկ ջրմուղով ջուր էր բերված մոտակայքից։
Տարբեր ժամանակներում կործանիչ երկրաշարժերի պատճառով Երզնկայում կառուցված շենքերը՝ եկեղեցիները, քարավանատները և նշանավոր մյուս կոթողները ավերվել ու ջնջվել են երկրի երեսից։ Այդպես է հիմնահատակ կործանվել նաև Անահիտի հնագույն հեթանոսական տաճարի տեղում կառուցված Գրիգոր Լուսավորչի եկեղեցին։ Նոր ժամանակներում, այնուամենայնիվ, Երզնկան ուներ շատ թե քիչ նշանակալի մի շարք կոթողներ` հայկական եկեղեցիներ, բաղնիք, ստորերկրյա գաղտնուղիներ, բերդ, վարչական շենքեր, մի քանի մզկիթներ, որոնց մեջ համեմատաբար հայտնի էր Իզզեթ փաշայի կառուցածը։
Հայկական եկեղեցիները թվով հինգն էին՝ ս. Նշան, ս. Երրորդություն, ս. Սարգիս, ս. Փրկիչ և ս. Աստվածածին։ Դրանց մեջ ամենահայտնին ս. Նշանն էր, որն, ըստ ավանդության, հիմնադրել էր Գր. Լուսավորիչը։ Այստեղ է թաղվել Հովհ. Երզնկացին։
Քաղաքացիական շենքերից նշանավոր էր Սերալ կոչված պալատը, որը թուրքական զորահրամանատարի նստավայրն էր։ Պալատի շուրջը գտնվում էին պետական և զինվորական մարմինների շենքերը՝ գանձարանը, զորանոցը, կառավարչությունը, փաշայի ապարանքը, ոստիկանատունը և այլն։
Երզնկայի բերդը գտնվում էր ոչ թե անմիջապես քաղաքում, այլ նրանից արևելք՝ Կարին (Էրզրում) տանող ճանապարհին:
Այն քաղաքի գլխավոր ամրոցն էր, թուրքական բազմամարդ կայազորի զորանոցն ու զինարանը։ Դրա կառուցման մասին ստույգ տեղեկություններ չկան։ Ենթադրվում է, թե այն կառուցել են Ւկոնայի սուլթանները XIV—XV դարերում։ Ամրակուռ էր Երզնկայի այդ բերդը։ Այն կառուցված էր կոփածո խոշոր քարերով և շրջափակված աշտարակավոր երեք շարք պարսպով, որի բարձրությունը ավելի քան 9 մետր էր, իսկ հաստությունը՝ մոտ 2,5 մետր։ Մինչև մեր օրերը պահպանվում են պարսպապատերի ներքևի մասերը մինչև 2—2,5 մետր բարձրությամբ։
Երզնկան հայ մշակույթի նշանակալի կենտրոններից է։ Այստեղ XIII—XVII դարերում ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր ավետարաններ, գանձարաններ, մաշտոցներ, հայսմավուրք, շարակնոց, Գրիգոր Տաթևացու «Քաղուածոյ մեկնութիւն Մատթէոսի Ավետարանին» աշխատությունը և այլն։
Երզնկայից ոչ հեռու, Սեպուհ լեռան ստորոտին կառուցված Ավագ և Կապոսի վանքերին կից XIV—XV դարերում գործում էին դպրոցներ, որտեղ դասավանդել են նաև Գևորգ Երզնկացին ու Հովհաննես Համշենցին։ Այդ դպրոցներում սովորողների զգալի մասը Երզնկայի պատանիներից էր։ Սակայն քաղաքի դպրոցական կյանքը իր իսկական հունի մեջ է մտնում նոր ժամանակներում՝ XIX դարում և ХХ-ի սկզբներին։ Այսպես, եթե 1850 թվականին քաղաքում, գործում էր հայկական միայն մեկ վարժարան, 1872—1873 թթ. զանազան կարգի 5 դպրոց, ապա 1886–ին դրանց թիվը հասնում էր 8-ի` ունենալով 1590— 1600 տղա ու աղջիկ աշակերտներ։ Տարբեր ժամանակներում գործած նրա դպրոցներից էին ս. Նշանա վարժարանը, ս. Լուսավորչի, ս. Փրկչյան, ս. Սարգսի, Քրիստինյան դպրոցներն ու վարժարանները, Ներսես Հայրապետի գիշերօթիկը, Ընկերական, Կենտրոնական, Եզնիկյան, Ադամյան վարժարանները։ XX դարի սկզբներին քաղաքի երկսեռ վարժարանների թիվը հասնում էր 10—12–ի։ Այդ ժամանակներում քաղաքում կար նաև մանկապարտեզ՝ 250—300 երեխաներով։ ՀՍՍՀ պետական կենտրոնական արխիվի տվյալներով (ֆ. 57, գ. 742), 1914 թվականին, պատերազմից առաջ, Երզնկան ունեցել է 3 գրադարան, 4 ընթերցարան, 1 ինքնագործ թատրոն` 25 դերասաններով, 3 դեղատուն, 2 բաղնիք, 3 բժիշկ և 3 դեղագործ, 2500 աշակերտ և 100 ուսուցիչ–ուսուցչուհիներ։ Այստեղ գործում էր Հայկական բարեգործական ընկերության մասնաճյուղը, 1900—1911թթ. լույս էր տեսնում «Արդի» շաբաթաթերթը, իսկ 1910—1911–ին՝ «Արոր» ամսագիրը։ Քաղաքում գործում էին նաև թուրքական դպրոցներ, ինչպես և զինվորական ուսումնարան։
Երզնկայում են ծնվել Կոստանդին, Հովհաննես և Մարտիրոս Երզնկացիները, XV դարի գրիչ Ամիր Դավիթը, XVII դարի հայտնի գրիչ և տաղասաց Ամիրաս Երզնկացին և ուրիշներ։
Երզնկայի հայ բնակչության մի մասը Աբդուլ Համիդի (1895թ.) և երիտթուրքերի (1915—1916թթ.) կազմակերպած ջարդերի հետևանքով ոչնչացավ, իսկ մի կերպ փրկվածները տարբեր եղանակներով գաղթեցին զանազան կողմեր։ Վերջիններիս մի խումբը բնակություն է Հաստատել Սովետական Հայաստանում, իսկ մի այլ խումբ՝ ԱՄՆ–ի Դետրոյտ քաղաքում։ Ներկայումս Երզնկայի բնակչությունը հասնում է մոտ 60 հազար մարդու և գրեթե ամբողջապես բաղկացած է թուրքերից։ Վիլայեթի կենտրոն է, որտեղ գործում են տեղական նշանակություն ունեցող թեթև ու սննդի արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ։