Հանրագիտարան

Երազգավորս

Երազգավորսը կոչվել է նաև Շիրակավան։ Գտնվում էր այժմյան Բաշ-Շորագյալ գյուղի տեղում։ Եղել է բերդ, ավան, գյուղաքաղաք, քաղաք։ Գտնվում էր Ախուրյան և Կարս գետերի միացման անկյունում, Ախուրյան գետի աջ ափին, Լենինական քաղաքից հարավ–արևմուտք։

Տեղադրված է հարթավայրում: Ջրառատ է, շրջապատված սևահողային արգավանդ դաշտերով։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շիրակ գավառի, իսկ նոր ժամանակներում՝ Կարսի մարզի Կարսի օկրուգի մեջ։ Շիրակ գավառի հետ միասին Երազգավորսը նույնպես սկզբում՝ III—VIII դարերում, պատկանում էր Կամսարական նախարարական տանը, իսկ դրանից հետո՝ Բագրատունիներին։

Հայ մատենագրության մեջ Երազգավորսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VII դարին։ Սմբատ I Բագրատունի թագավորը (890— 914), որ հաջորդել էր Աշոտ 1-ինին, արքայական աթոռը 890 թվականին Բագարանից տեղափոխել է այնտեղ և Երազգավորսը նրա ու Աշոտ 2-րդի (914 — 928) օրոք՝ 890 — 928թթ., եղել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը։ Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում՝ Շիրակավան անունով։
 
Երազգավորս–Շիրակավանի մասին վկայություններ ունեն Սեբեոսը, Ստեփանոս Ասողիկը, Սամվել Անեցին և այլ մատենագիրներ։ VII դարում այն սովորական գյուղ էր, իսկ IX դարի վերջերին, մատենագիրների արտահայտությամբ, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ Մայրաքաղաք դառնալուց հետո Երազգավորսը վերածվում է քաղաքի։ Սակայն այն մնում է ֆեոդալական ոչ մեծ քաղաքի շրջանակներում։ Եվ թվում է, թե դրա հիմնական պատճառը ոչ հեռու գտնվող Անիի արագ առաջադիմությունն էր, որ դեպի իրեն էր ձգում Բագրատունիների թագավորության բոլոր թելերը և այն, որ Աշոտ 2–րդի եղբայր Աբասը (928 — 953) թագավորության աթոռը Երազգավորսից տեղափոխեց Կարս։
 
Երազգավորսն ունեցել է իր բերդը, որը շրջափակված է եղել պաշտպանական պարիսպներով։ Գյուղաքաղաքի ամենահայտնի կառույցը, սակայն, ս. Փրկիչ կամ Ամենափրկիչ տաճարն էր, որ կառուցել էր Սմբատ 1-ինը 897 թվականին և այդ եկեղեցում էլ ինքը Գևորգ կաթողիկոսի ձեռքով օծվել Հայոց թագավոր։ Եկեղեցին «բարձր գմբեթով» էր և ամբողջովին կառուցված էր սրբատաշ քարերով։ Տաճարը XX դարի սկզբին կիսակործան էր, իսկ այժմ փաստորեն կանգուն է միայն մի պատը, այն էլ ոչ լրիվ, իսկ մյուս պատերը, տանիքը և գմբեթը վերածվել են ավերակների կույտի։
 
Երազգավորս-Շիրակավանն էլ Անիի հետ միասին սելջուկների կողմից ենթարկվել էր ավերման։ Այն վերականգնվել էր XII դարի վերջերին և Զաքարյանների օրոք բավական առաջադիմել էր։ Սակայն XIII դարի երկրորդ կեսից նորից է անշքացել և վերածվել սովորական գյուղի, որին հետագայում տվել են Բաշ–Շորագյալ անունը։
 
Ենթադրվում է, որ Երազգավորս-Շիրակավանում է ծնվել VII դարի հայ խոշոր գիտնական Անանիա Շիրակացին։
 
Բաշ–Շորագյալը XX դարի սկզբներին խոշոր բնակավայր էր և հաճախ համարվում էր ավան։ Այն հայաբնակ էր և առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին ուներ 1220 բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և մասամբ անասնապահությամբ։ Կարսի մարզը Թուրքիային անցնելուց հետո՝ Բաշ–Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվեց Սովետական Հայաստան։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: