Հանրագիտարան

Դիլման

Դիլմանը արևմտահայ տառադարձությամբ գրվում է Տիլման։ Ենթադրվում է, թե այդ անունը կապված պետք է լինի Հայաստան արշաված՝ «դելմիկներ» ցեղի անվան հետ։ Իրականում այն գյուղաքաղաք է, թեպետ տարբեր հեղինակներ համարել են նաև գյուղ, ավան, կամ իսկական քաղաք։

Գտնվում է Ուրմիա լճից հյուսիս-արևմուտք, մեր դարի սկզբներից սովորական գյուղի վերածված Սալամաստի մոտ, Սալմաստ (Զուբաչայ) գետի ձախակողմյան Դիլման վտակի վրա, Խոյ քաղաքից 44—45 կմ հարավ-արևմուտք։ Ոմանք ուղղակի նույնացնում են Սալմաստի հետ, որ ճիշտ չէ։ Գյուղաքաղաքը փռված է արգավանդ հարթավայրում, որը հայտնի է իր այգեստաններով։

Դիլմանը Սալմաստ գավառի (մահալի) կենտրոնն է: Այս գավառի կենտրոնը նախկինում Սալմաստն էր, որն անշքանալով վերածվել է գյուղի և նրան փոխարինել է գյուղաքաղաքի վերածված Դիլմանը։
 
XX դարի սկզբներին Դիլմանի բնակչության թիվը հասնում էր մոտ 10 հազար մարդու։ Հայերն այստեղ կազմում էին բնակչության 40—50%-ը։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, ինչպես նաև արհեստներով ու առևտրով։ Գյուղաքաղաքն ուներ իր շուկա–հրապարակը տասնյակ կրպակներով ու արհեստանոցներով։ Բավական բարեկարգ ճանապարհով կապված էր Թավրիզի և Ուրմիայի հետ։
 
XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին Դիլմանում հաշվվում էր մոտ 800 կավակերտ տուն։ Նրա քաղաքացիական շինություններից շատ թե քիչ աչքի էին ընկնում վարչական շենքերը, որտեղ տեղադրված էին գավառի հիմնարկները։ Այստեղ մեծ հնություն և ճարտարապետական առումով հատուկ հետաքրքրություն ներկայացնող կառույցներ չկային, որովհետև գյուղաքաղաքը նոր էր ձևավորվել։
 
Հայերը Դիլմանում ունեն երկու եկեղեցի։ Այստեղ XIX դարից գործում է հայկական վարժարանը։
 
Դիլման աննշան գյուղաքաղաքը հայտնի դարձավ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ`   1915 թվականի ապրիլի 17—18–ին նրա մոտ տեղի ունեցած ճակատամարտի շնորհիվ։ Այդ ճակատամարտը, որ մղվել է թուրքական ու ռուսական զորքերի միջև, ավարտվել է վերջիններիս կատարյալ հաղթանակով և Դիլմանը թուրքական զորքերից ազատագրմամբ։ Ճակատամարտին մասնակցել է նաև զորավար Անդրանիկի հրամանատարությամբ ռուսական բանակում գործող հայկական կամավորական ջոկատը, որն առաջինն է նետվել թուրքերի դեմ մարտի և հերոսաբար կռվել մինչև ռուսական զորքի հիմնական ուժերի վրա հասնելը և նրանց հետ միասին մասնակցել Դիլմանի գրավմանը։
 
Անդրանիկի և նրա հրամանատարության տակ գործող հայկական ջոկատի հերոսության մասին գովեստով են խոսում ռուսական չորրորդ կորպուսի հրամանատար գեներալ Չեռնոզուբովը, Դիլմանի շրջանում գործող զորքերի ընդհանուր հրամանատար գեներալ Նազարբեկովը և ուրիշ զորահրամանատարներ։ Վերջինս Դիլմանի այդ հայտնի ճակատամարտի «շահող» ուղղակի համարել է զորավար Անդրանիկին։ Թուրքական զորքերի հրամանատար Խալիլ բեյը ճակատամարտում խայտառակ պարտություն կրելուց հետո երկար ժամանակ ռուսական զորքերի կողմից հետապնդվեց, և Անդրկովկաս ներխուժելու նրա պլանները։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: