Հանրագիտարան

Դիարբեքիր

Պատմական Հայաստանի հարավարևմտյան ծայրաշրջանում գտնվող Դիարբեքիր քաղաքը հնագույն ու հին աղբյուրներում հիշատակվում է Ամիդ, Ամիդա, Ամիդու, Ամիթ անուններով և դրանց բազմաթիվ այլ տարբերակներով։ Սեպագիր արձանագրություններում կոչված է նաև Բիտ–Զամանի երկրի անունով, որտեղ գտնվում էր այն և բավական ժամանակ եղել էր վերջինիս կենտրոնը։

Քաղաքի Դիարբեքիր անունը համեմատաբար նոր է և ունի արաբական ծագում։ Ընդ որում, սկզբում Դիարբեքիր էր կոչվում միայն վարչատարածքային միավորը`   երկրամասը, գավառը, իսկ հետագայում ժողովուրդն այդ անունը տարածել է նաև նրա կենտրոն Ամիդի վրա՝ վերջինս նույնպես կոչելով Դիարբեքիր։

Իբրև նոր անուն Դիարբեքիրը համեմատաբար ճիշտ է ստուգաբանվել։ Բայց և այնպես դրա մասին եղած ստուգաբանությունները հաճախ իրարից բավական տարբերվում են։ Այսպես, ոմանք գրում են, որ Դիարբեքիրը կազմված է արաբերեն «դիար»–ի («երկիր, «նահանգ» «շրջան», «բնակվելու տեղ») և նրա առաջին կառավարիչներից մեկի՝ Բեքրի անվան միացումից։ Ուրիշները գրում են, թե իբր օսմանական տիրապետության շրջանում այս նահանգը բավական երկար ժամանակ մնացել էր աննվաճ, այսինքն՝ «կույս», որից էլ իբր անունը կոչվել է «Դիար բեքիր», այսինքն «երկիր կույսի», նկատի ունենալով, որ «բեքիր» արաբերեն նշանակում է «կույս»։ Ամենից ընդունելին այն վարկածն է, ըստ որի Դիարբեքիրը ծագել է արաբական «դար»–ի («բնակության տեղ», «գավառ» և այլն) հոգնակի ձևի «դիար»–ի և «բեկր կամ բակր» արաբական ցեղանվան զուգորդությունից`   արաբերեն տառադարձությամբ կոչվելով Դիարբակր, որը թուրքերենում դարձել է Դիարբեքիր։
 
Դիարբեքիրը գտնվում է Արևմտյան Տիգրիսի աջ ափին, Հայկական Տավրոսի ճյուղերից մեկի փեշերին, որոնք, շարունակվելով ավելի հարավ, ձուլվում են գետի հովտում փռված հարթության հետ։ Քաղաքի մոտից սրընթաց Տիգրիսը, թողնելով հյուսիսից հարավ ուղղությունը, շրջվում է դեպի արևելք, և, մինչև իր մեջ Արևելյան Տիգրիսն ընդունելը, հոսում է այդ ուղղությամբ։ Դիարբեքիրի շուրջը տարածվում են համանուն գավառի արգավանդ դաշտերը, որոնք հնուց ի վեր հայտնի են եղել իրենց ցորենով, բամբակով, տեսակ–տեսակ խաղողով, մրգեղենով։ Այստեղ մշակում են նաև ծխախոտ, զբաղվում մեղվաբուծությամբ։ Հռչակված է մանավանդ իր սեխով։ Կան աղահանքեր: Քաղաքում բխում են աղբյուրներ, կան ջրհորներ հազիվ մեկ — մեկուկես մետր խորությամբ։
 
Դիարբեքիրն իր բազմամյա պատմության ընթացքում գրեթե մշտապես եղել է տարբեր կարգի վարչաքաղաքական միավորների՝ կուսակալությունների, իշխանությունների, էմիրությունների կենտրոն։ Հնագույն ժամանակներում այն սեպագիր արձանագրություններում հիշատակվող Բիտ-Զամանի երկրամասի կենտրոնն էր, որ բավական ժամանակ դարձել էր ասուրա–ուրարտական պայքարի առարկաներից մեկը, հետագայում՝ Ծոփքի հայկական իշխանության կենտրոնը, ապա Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի գլխավոր քաղաքներից մեկը։ Դիարբեքիրը վարչական կենտրոն և կարևոր բերդաքաղաք էր նաև արաբական տիրապետության շրջանում (VII—IX դդ.) ու հետագա ժամանակներում՝ լինելով տարբեր տարածք ընդգրկող էմիրությունների իշխանանիստը։ Թուրքական տիրապետության շրջանում ևս Դիարբեքիրը միշտ եղել է և է իբրև վարչական կենտրոն`   կուսակալության, վիլայեթի կառավարիչների աթոռանիստ։
 
Դիարբեքիրի մասին մեզ հասած տեղեկությունները բազմազան են։ Նրա վերաբերյալ հիշատակություններ կան ասուրական ու ուրարտական սեպագիր արձանագրություններում, Հայ պատմագիրների (Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Սեբեոս, Մատթեոս Ուռհայեցի ), բյուզանդական, վրաց ու արաբական հեղինակների, եվրոպական ճանապարհորդների և այլոց մոտ։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հիմնադրման ժամանակն ու հանգամանքները մնում են անորոշ։ Այն առաջին անգամ Ամիդու անունով հիշատակվում է մ. թ. ա. երկրորդ հազարամյակի վերջերին։ IX—VIII դարերում (մ. թ. ա.), նույն սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկությունների համաձայն, Ամիդ-Դիարբեքիրը եղել է ուրարտական Բիտ–Զամանի կոչված երկրամասի իշխանության կենտրոնը, որից հետո անցել է Ասորեստանին, իսկ վերջինիս անկումից հետո (մ. թ. ա. VII դարի վերջ) վերստին մտել Հայաստանի կազմի մեջ։
 
Սկսած այդ ժամանակներից, ավելի քան 600 տարի, Ամիդ-Դիարբեքիրը մնում էր հայկական պետության կազմում։ Ըստ Մովսես Խորենացու, քաղաքի ամրությունները կառուցել է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանը մ. թ. ա, VI դարի կեսերին։ Այդ պատճառով էլ հայ պատմագրության մեջ Ամիդը հիշատակվում է նաև Տիգրանակերտ անունով, որը հաճախ շփոթել են Տիգրան Բ-ի կառուցած (70–ական թթ. մ. թ. ա.) Հայոց հայտնի մայրաքաղաքի՝ Աղձնիքի Տիգրանակերտի հետ։ Սակայն Տիգրանակերտ-Մարտիրոսապոլսի և Ամիդ–Դիարբեքիրի շփոթության պատճառը միայն այդ չէր։ Բանն այն է, որ VI դարում բյուզանդական կայսրեր Հուստինիանոսը (527— 565) և Մորիկը (նույն դարի վերջերին) Հայաստանի հարավարևմտյան մասից ու Վերին Միջագետքից կազմել էին երկու պրովինցիա, որոնք երկուսն էլ կոչվում էին Չորրորդ Հայք։ Դրանցից մեկի՝ Հուստինիանոսի ստեղծած Չորրորղ Հայքի կենտրոնը Տիգրանակերտ–Մարտիրոսապոլիսն էր. Իսկ Մորիկինը՝ Ամիդ-Դիարբեքիրը։ Այդ հանգամանքը նույնպես պատճառ է դարձել Տիգրան Բ-ի մայրաքաղաքի ու Ամիդի նույնացման համար։ Տիգրանակերտ մայրաքաղաքի դիրքը վերջնականապես ճշտվել է մեր դարի առաջին կեսում`   գերմանացի գիտնական Լեման Հաուպտի կողմից և այն ոչ մի առնչություն չունի Հայկազունի Տիգրանին վերագրվող մյուս Տիգրանակերտի՝ Ամիդ-Դիարբեքիրի հետ։
 
Ամիդ-Դիարբեքիրը հզոր բերդաքաղաք էր, Վերին կամ Հայոց Միջագետքի գլխավոր բանալին։ Մասամբ այդ էր պատճառը, որ այն պարբերաբար դառնում էր խոշոր պետությունների պայքարի առարկա։ I դարի 30-ական թվականներից, պարթևների ու հռոմեացիների միջև կնքված համաձայնագրով, Ամիդը Հայաստանից անջատվում ու միացվում է Ադիաբենին, իսկ հետագայում, III դարի վերջերին, անցնում է Հռոմեական կայսրությանը, որը IV դարում այն վերակառուցելով ու ավելի ամրացնելով դարձրել էր ամուր ռազմակայան ընդդեմ սասանյան Պարսկաստանի։ Սակայն դրանով Ամիդի քաղաքական կացությունն ամենևին չի կայունանում։ Նույն դարի 60-ական թվականներին Պարսից Շապուհ 2–րդ արքան գրավում է Ամիդը մոտ երկուս ու կես ամիս պաշարելուց հետո։ Դրանից հետո քաղաքը փոխնեփոխ ընկել է բյուզանդացիների, արաբների, սելջուկթուրքերի, թուրքմենական ցեղերի ու այլոց տիրապետության տակ, իսկ 1515–ին նվաճվել օսմանյան թուրքերի կողմից։
 
Միջին դարերում Ամիդ–Դիարբեքիրը եղել է մարդաշատ քաղաք, սակայն նրա այդ ժամանակվա բնակչության քանակի վերաբերյալ չկան արժանահավատ վկայություններ։ Հայտնի է միայն, որ բնակչության մեծ մասը կազմում էին հայերը։ Այստեղ ապրում էին նաև արաբներ, քրդեր, թուրքական ժողովուրդներ։
 
Դիարբեքիրի բնակչության թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկային նաև XIX դարում և ХХ-ի առաջին կեսին։ Թուրքիայի պակասավոր վիճակագրության տվյալները հակասական են և հնարավորություն չեն տալիս որոշել նրա բնակչության ճշգրիտ քանակն ու ազգային կազմը։ Այնուամենայնիվ, եղած աղբյուրների հիման վրա կարելի է կռահել, որ Դիարբեքիրը XIX դ. վերջերին և XX դարի սկզբներին ունեցել է 45— 50 հազար բնակիչ, որից շուրջ 10—15 հազարը հայեր։ Նրանք թուրքական ջարդարարների կողմից առաջին անգամ հարձակման են ենթարկվել 1895–ին։ Համիդյան ցեղասպանները միայն առաջին 3 օրում քաղաքում ոչնչացրել են 3000 մարդ, հրկիզել 2000 տուն և հարյուրավոր խանութ ու կրպակ։ Համիդյան ջարդերից մի կերպ փրկված թվով շուրջ 5000 հայերը բնաջնջվեցին երիտթուրքերի ձեռքով 1915-ին`   մեծ եղեռնի օրերին։ Եվ այդ ժամանակներից Դիարբեքիրը զրկվել է հայ բնակչության հիմնական զանգվածներից։
 
Ականատեսները վկայում են, որ դիարբեքիրցի հայերը ընդհանրապես կենսուրախ էին, սիրում էին ուխտագնացություններ, խնջույքներ, զբոսանքներ, որոնք սովորաբար ուղեկցվում էին երգ ու պարով։
 
Հնագույն ժամանակներից ի վեր Ամիդ–Դիարբեքիրը առևտրատնտեսական լայն կապերով կապված էր Արևելքի և Արևմուտքի երկրների հետ։ Այստեղով էր անցնում Պարսից Դարեհ 1–ինի ժամանակ կառուցված «արքայական ճանապարհը», որ բանուկ էր մնացել նաև հետագա ժամանակներում, այստեղով են անցնում մեր դարի սկզբներին անցկացված Բաղդադի երկաթուղին (որի կառուցման համար հարկադիր աշխատանքի քշված հազարավոր տարագիր հայեր զոհվեցին դաժան պայմանների հետևանքով) և Խարբերդ—Դիարբեքիր բարեկարգ ճանապարհը, որ խճապատվել է դեռևս անցյալ դարի 70 — 80-ական թվականներին, այնպես որ, Դիարրեքիրը XIX դ. երկրորդ կեսին և հաջորդ դարի սկզբներին առևտրի խոշոր կենտրոն էր։ Քաղաքում կային մի քանի շուկա–հրապարակներ և հարյուրավոր կրպակներ ու խանութներ։ Այստեղ առևտուր էր կատարվում և ներքին (գերազանցապես գյուղատնտեսական մթերքներով ու արհեստավորական արտադրանքներով) և ներմուծովի ապրանքներով։
 
Քաղաքի տնտեսական կյանքում, այնուամենայնիվ, առաջին տեղը գրավում էր ոչ թե առևտուրը, այլ արհեստագործությունը։ Մերձավոր արևելքում Դիարբեքիրը հռչակված էր իր ոսկերիչների, ջուլհակների, կոշկակարների, մետաքսագործների, դերձակների արտադրած ապրանքներով։ Որոշ արհեստագործությունների գծով քաղաքում առաջացել էին համեմատաբար խոշոր, նախակապիտալիստական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրային տիպի, որոնք իրենց մեջ միավորում էին բավական թվով աշխատողներ։ Դիարբեքիրից արտահանվող ապրանքների մեջ իրենց ծավալով ու որակով հատկապես հայտնի էին մետաքսյա ու բամբակյա գործվածքները։
 
Քաղաքի համար էական նշանակություն ուներ լեռնահանքային արդյունաբերությունը, որի մեջ աշխատում էին հարյուրավոր բանվորներ։ Նրանք շրջակայքում գտնվող հանքավայրերից արդյունահանում ու արտահանում էին անագ, պղինձ և երկաթ։
 
Դիարբեքիրի բնակիչների մյուս զբաղմունքներից էին երկրագործությունը, բանջարաբուծությունը, այգեգործությունը և մասամբ անասնապահությունը։ Առանձնապես հռչակված էին նրա սեխը, խաղողն ու պտուղները։ Որոշ թվով մարդիկ Տիգրիսում զբաղվում էին ձկնորսությամբ։
 
Դարերի ընթացքում Դիարբեքիրում կերտվել են տարբեր կարգի կառուցվածքներ ու ճարտարապետական կոթողներ՝ սկսած աղքատ, կավաշեն կամ աղյուսակերտ խրճիթներից մինչև պալատները, պաշտպանական ամրությունները և եկեղեցիներն ու մզկիթները։
 
Քաղաքի հնագույն բերդն ամբողջությամբ ավերված է և նրա մնացորդները հազիվ են նշմարվում։ Հետագայում, մասամբ թուրքական տիրապետության օրոք, մասամբ դրան նախորդած դարերում կառուցվել են Դիարբեքիրի մինչև օրս հիմնականում կանգուն մնացած ամրությունները։ Քաղաքի պաշտպանական պարիսպը կառուցված է անշաղախ հսկա քարերից, որոնք ագուցված են իրար մեջ, ունի 8 կմ եթկարություն, 10 մ բարձրություն և 5 մետր լայնություն։ Աշտարակների թիվը հասնում է 72–ի՝ խորհրդանշելով Քրիստոսի 72 աշակերտներին։ Դրանցից 12-ը առավել հաստապատ էին ու ավելի բարձր`   խորհրդանշելով 12 առաքյալներին։ Աշտարակները կրկնահարկ էին։ Դրանց ստորին հարկերը ծառայել են որպես մթերանոցներ ու զինանոցներ, իսկ վերին հարկերը՝ զորանոցներ։ Պարիսպն ունի մետաղակուռ չորս դարպասներ, որոնք նայում են դեպի հորիզոնի չորս կողմերը։ Դրանցից հյուսիսայինը միջին դարերում կոչվել է Հայոց դուռ (արաբերեն բաբ–ալ-Արմանի ), ավելի ուշ՝ նաև Լևոնի դուռ, Կարնո կամ Էրզրումի դուռ, արևմտյանը`   Հոռոմոց (բյուզանդացիների) դուռ, հարավայինը Մերդինի (Մարդինի) դուռ, իսկ արևելյանը՝ Նոր դուռ կամ Շաթ (արաբերեն «գետի») դուռ։
 
Միջնաբերդը տեղադրված էր քաղաքի հյուսիսարևելյան մասում, բարձր ժայռի վրա։ Այն շրջապատված էր քառադուռ ու աշտակավոր դարպասով և համարվում էր փաշայի նստավայրը։ Միջնաբերդում էին գտնվում Ոսկեզուն պալատը՝ փաշայի դղյակը, պարիսպներով, շատրվաններով, կամարակապ հովանոցներով շրջապատված արքունի պալատը և այլ կառույցներ։
 
Բուն քաղաքի հուշարձաններից իրենց ճարտարապետությամբ ու ճոխությամբ աչքի էին ընկնում եկեղեցիներն ու մզկիթները, որոնց ընդհանուր թիվը XIX դարի վերջերին հասնում էր 50-ի:
 
XX դարի սկզբներին Դիարբեքիրի հայկական գործող եկեղեցիները թվով երկուսն էին՝ հնգախորան ս. Սարգիսը, որն ուներ բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, և յոթնախորան ս. Կիրակոսը։ Կային նաև ասորական և հունական մի քանի եկեղեցիներ։ Գլխավոր մզկիթը՝ Ուլուջամին, որ շատ շքեղ շենք է, հնում եկեղեցի էր ս. Աստվածածին անունով՝ հիմնված բյուզանդական Հերակլ կայսեր օրոք՝ 629 թվականին, իսկ հետագայում վերածվել էր մզկիթի։ Քաղաքում տարբեր ժամանակներում մզկիթների էին փոխվել նաև նախկին Կաթողհկե, ս. Գևորգ, ս. Երրորդություն, ս. Հովհաննես և այլ եկեղեցիներ։ Այդ երևույթը միայն դիարբեքիրյան չէր։ Մեր երկիր ներխուժած մահմեդական տիրակալները արաբական, սելջուկյան, թուրքական նվաճողները, մզկիթ «կառուցելու» «հարմար ու ձեռնտու» միջոց էին համարում սոսկ եկեղեցիների խաչերը մահիկով փոխարինելը։ Այդ եղանակով բազմաթիվ եկեղեցիներ մզկիթների էին վերածվել նաև Դվինում, Անիում, Վանում և Հայաստանի տասնյակ այլ քաղաքներում։
 
Պատմաճարտարապետական առումով Դիարբեքիրի ուշադրության արժանի մյուս կառույցներից են ընդգետնյա ուղին և Տիգրիսի վրայի կամուրջը։ Ստորգետնյա ուղին սկսվում էր քաղաքի Բուդաղա կոչված շուկայի մոտից և ձգվում մինչև քաղաքից դուրս գտնվող կառափնարանը։ Այս գետնուղին հնադարյան է և նրա կառուցման ճշգրիտ ժամանակը մեզ համար մնում է անորոշ։ Տիգրիսի վրայի կամուրջը, որ բանուկ է մինչև այժմ, ունի 10 կամար։ Դրա վրայով է քաղաքը կապվում Տիգրիսի ձախափնյա շրջանի հետ։
 
Քաղաքի ամրությունները, տները, եկեղեցիներն ու մզկիթները և մյուս կառույցները շինված են հիմնականում սևավուն որձաքարից, այնպես որ քաղաքի շինությունների ընդհանուր գույնը սևն է, որի հետևանքով էլ այն հաճախ կոչվել է Սև Ամիդ («Կարա Ամիդ»)։ Քաղաքում կային նաև կիսաաղյուսաշեն և կավակերտ տներ։
 
Դիարբեքիրում տները սովորաբար ծածկում էին հարդով և կավահողով։ Քաղաքը խիստ հատակագծման չէր ենթարկված։ Փողոցները ծուռումուռ էին, փոշոտ, նեղ ու անշուք։ Անշուք ու մանր էին նաև հրապարակները։ Քաղաքի խմելու և ոռոգելու ջուրը ստացվում էր ներսի աղբյուրներից, ջրհորներից և շրջակայքում բխող աղբյուրներից ու գետերից։
 
Դիարբեքիրը հայկական մշակույթի հայտնի կենտրոն էր դեռևս վաղ միջնադարում։ V դարի մատենագիր Ղազար Փարպեցին այստեղ է գրել Վահան Մամիկոնյանին ուղղված իր հայտնի «Թուղթը»: 1872 — 1873 թթ. Դիարբեքիրում կար հայկական 6 վարժարան, իսկ XIX դ. վերջին դրանց թիվը արդեն 7 էր, որոնցից երկուսը եկեղեցիներին կից, իսկ մյուս հինգը պատկանում էին Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին։ Վարժարաններից ոմանք բարձր տիպի էին. դրանցում գրագիտություն տալուց բացի ավանդվում էին նաև ճարտարապետություն, աշխարհագրություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, երկրաչափություն, երաժշտություն և այլ առարկաներ։
 
Ժամանակակից Դիարբեքիրը սովորական ասիական նահանգական քաղաք է։ 1960 թվականի մարդահամարի տվյալներով նրա բնակչության քանակը հասնում էր 80645 մարդու, իսկ 1970-ին՝ 149,6 հազարի13: Քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները սակավաթիվ են և համեմատաբար փոքր մասշտաբի: Այստեղ գործում են սննդի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, ավտոհավաքման գործարան: Երկաթուղային կայարան է ու խճուղային մի քանի ճանապարհների հանգույց: Իսկ իր արտաքին տեսքով, հատակագծմամբ ու բարեկարգմամբ այն շատ քիչ է տարբերվում նախորդ ժամանակներում ունեցած վիճակից։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: