Հանրագիտարան

Դիադին

Դիադինը արևմտահայերը սովորաբար կոչում են Տիատին։ Ոմանք նույնացնում են պատմական Ծաղկոտն գավառի Շահապիվանի որսարանի, ոմանք նույն գավառի գլխավոր բնակավայրի՝ Զարեհավան ավանի հետ։ Ղ. Ալիշանն այն նույնացնում է հին Տատյանս (կամ Տատեոնս) ավանի հետ, որը հիշատակվում է IV դարից։

Նա գրում է, որ ս. Հովհաննես (Ուչքիլիսե) վանքի միաբաններն այդ անունը հիշատակել են նոր Դիատուն ձևով, իբր ի հիշատակ Ձիրավի ճակատամարտում (371թ.) զոհված հույն զինվորների, որոնց որպես պատիվ իբր թաղել էին այստեղ և հենց այդ Դիատուն ձևն էլ աղավաղելով դարձել է Դիադին: Համարվել է գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք։

Գտնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Բայազետից մոտ 38 կմ արևմուտք, Ծաղկանց (Ալադաղ) լեռների արևելյան փեշերին, Էրզրում—Բայազետ ճանապարհի վրա, տեղական մի քանի ճանապարհների ելման կետում։ Քաղաքից 5 — 6 կմ հեռավորությամբ գտնվում է Արածանիի բնական հռչակավոր կամուրջը, որը Որոտանի վրայի «Սատանի» կամուրջի նման գոյացել է կրաքարային և ծծմբային բաղադրությամբ հանքային ջրերի երկարատև գործունեության շնորհիվ`   կրի և ծծմբի միացությունից։ Կամուրջի բարձրությունն ու լայնությունն ավելի քան 21 մ է։ Նրա չորս կողմից բխում են բազմաթիվ տաք ու գոլ ծծմբային և կրային հանքային ջրեր։ Կամրջից մի փոքր հեռու, Արածանիի աջ ափին գտնվում է Դիադինի հանքային ջրերի մեծ ակը՝ գլխավոր Գերմավը։ Ջրի ջերմությունը շատ բարձր է. ականատեսների վկայությամբ նրա վրա նույնիսկ կարելի է ոչխարի միս եփել: Այդ աղբբյուրները միասին վերցրած համապատասխանում են պատմական Վարշակի ջերմուկներին, որոնց մասին կան պատմական մի ամբողջ շարք վկայություններ։
 
Դիադինը համանուն գավառակի (կազա) կենտրոնն է և մտնում է Էրզրումի նահանգի (վիլայեթ) Բայազետի գավառի (սանջակ) մեջ։ Դիադինի բնակչության քանակի վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են։ Կարելի է համեմատաբար արժանահավատ համարել այն հաղորդումները, ըստ որոնց այս սակավամարդ գյուղաքաղաքը XIX դարի սկզբներին ուներ 500 տուն հայ և քուրդ բնակիչ, նույն դարի 80-ական թվականներին՝ մոտ 80 տուն, XX դարի սկզբին մոտ 100 տուն, 1909-ին՝ 300 տուն, իսկ 1915-ին՝ մեծ արհավիրքից առաջ, մոտ 400 տուն։ Մինչև XIX դարի 20–ական թվականների վերջերը Դիադինի բնակչության մեծագույն մասը կազմում էին հայերը։ Սակայն 1828—-29թթ, ռուս-պարսկական պատերազմից հետո այստեղի հայերը համարյա ամբողջությամբ գաղթեցին Արևելյան Հայաստան և հիմնականում բնակություն հաստատեցին այժմյան Վարդենիսի (նախկին՝ Բասարգեչարի) շրջանի գյուղերում: Եվրոպական ճանապարհորդներից մեկը գրում է, որ 1831 թվականին այստեղ կային միայն 3 տուն հայ, և 20—30 տուն քուրդ բնակիչ։ Հետագայում և՛ հայերի, և՛ քրդերի բանակը ավելանում է, բայց ինչպես ցույց են տալիս վկայակոչված թվերը, Դիադինն այնուամենայնիվ մնացել է խղճուկ ու սակավամարդ գյուղաքաղաք։
 
Մյուս գյուղաքաղաքների բնակչության նման, Դիադինի բնակիչները նույնպես հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով ու առևտրով։ Նրա արհեստավորներն ու առևտրականները գերազանցապես հայեր էին։ Արհեստների նշանակությունը սահմանափակվում էր գավառակի սահմաններով, ներքին առևտուրը մանրածախ էր, իսկ արտաքինը տարանցիկ առևտուր էր՝ Բայազետ — Էրզրում ճանապարհով կատարվող առևտրի բաղկացուցիչ մասը, որին Դիադինը քիչ մասնակցություն ուներ։ Քաղաքի շուկան փոքրիկ էր և ուներ ընդամենը 40—50 կրպակ ու արհեստանոց (1909թ.), որոնց տերերը հայ արհեստավորներն ու մասամբ առևտրականներն էին:
 
Դիադինն ուներ իր բերդը, որը գտնվում էր Արածանիի ժայռոտ ափին։ Մինչև 1843 թվականը այն կանգուն էր, իսկ հետագայում վերածվել է ավերակների կույտի։
 
Գյուղաքաղաքում կար հայկական մեկ եկեղեցի ս. Աստվածածին անունով։ Այն փայտածածկ էր, ուներ 3 խորան և կանգուն է եղել մինչև XX դարի սկզբները։ Կային վարչական շենքեր, հեռագրատուն, Դիադին անունով մի ավերակ վանք և այլ կառույցներ ու հնություններ։ Դիադինի համար յուրովի հանգստավայր էր վերը նշված հանքային ջրերի շրջանը, որտեղ բնական վիճակում լոգանք էին ընդունում հոդացավերով տառապող տեղացի և եկվոր հիվանդները։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: