Հանրագիտարան

Գյումուշխանա

Գյումուշխանա (Գյումուշխանե, Կյումուշխանե) անունը համեմատաբար նոր է և փաստորեն հին հունական Արգիրոկաստրոն կամ Արգյուրապոլիս անվան թուրքերեն թարգմանությունն Է, որ նշանակում է «արծաթի տուն», «արծաթի հանք»։

Պատմագիրների և աշխարհագրագետների մոտ երբեմն հիշատակվում է իբրև հանքավայր, ավան, իսկ երբեմն էլ՝ քաղաք։Գտնվում է Սև ծովի ավազանին պատկանող Խորշատ կամ Գյումուշխանա գետի հովտում, Երզնկայից հյուսիս-արևմուտք, Տրապիզոն — Էրզրում ճանապարհի աջ կողմում, զառիվեր կողերով ահավոր ապառաժների վրա, որոնց ստորոտով հոսում է Խորշատը։

 
Ջրառատ է, բարենպաստ կլիմայական պայմաններով։ Բուն քաղաքը բուսականությունից աղքատ է, սակայն դրա շուրջը, Խորշատ գետի հովտում, փռված են գեղեցիկ ու ընդարձակ այգիներ և պարտեզներ։ Գյումուշխանան հատկապես հայտնի է խնձորով և տանձով։ Քաղաքից հարավ կա մի լճակ, որի մեջ թափվում են հորդաբուխ աղբյուրների ջրերը։ Շրջակայքում հնագույն ժամանակներից ի վեր հայտնի են եղել և շահագործվել են արծաթի հարստագույն հանքավայրերը։ Արծաթի հետ միասին կան կապարի և պղնձի պաշարներ։ Համեմատաբար նոր ժամանակներում նշմարվել են նաև ոսկի, երկաթ և քարածուխ։
 
Հնում Գյումուշխանան մտնում էր Փոքր Հայքի մեջ, սկզբում նրա Առաջին Հայք պրովինցիայի, իսկ հետագայում, Հուստինիանոս 1–ինի (527—565թ.թ.) վարչական վերափոխությունից հետո, Երկրորդ Հայքի մեջ։ XVII դարից այն Տրապիզոնի նահանգի (վիլայեթ) Գյումուշխանայի գավառի (սանջակ) կենտրոնն է։
 
Գյումուշխանա Արգիրոկաստրոնը, իբրև արծաթի հանքավայրին կից կազմավորված ավան, գոյություն ունի հնագույն ժամանակներից։ Արծաթի հանույթի ընդլայնման և արհեստագործության ու առևտրի զարգացման շնորհիվ հետագայում այն աստիճանաբար վերածվել է քաղաքի։ Արծաթի և պղնձի հանքերի գործարանային շահագործումը սկսվել է XIX դարի կեսից, երբ դրանք զավթվեցին ֆրանսիացիների կողմից։ Իսկ հանքավայրերում հիմնական աշխատողները հույներ և հայեր էին։ Ռուսական զորքը ռուս-թուրքական երկու պատերազմների ժամանակ (1829—29 թթ. և 1877 — 78 թթ.) գրավել է Գյումուշխանան, սակայն դրանց հաջորդած հաշտության պայմանագրերով այն նորից է մնացել թուրքական տիրապետության տակ։
 
Լեռնահանքային գործից բացի, Գյումուշխանայի հայ և հույն բնակչությունը զբաղվում էր նաև արհեստներով, առևտրով, ծխախոտի ու կակաչի (հաշիշ) մշակությամբ, այգեգործությամբ։ Գյումուշխանայի արծաթը, պղինձը և ոսկին արտահանվում էին կիսամշակ վիճակում։ Նրա արտահանած ապրանքներից էին նաև տեսակ–տեսակ մրգերը, ծխախոտը, հաշիշը։
 
Դժվար է ասել, թե Գյումուշխանան ինչքան բնակչություն է ունեցել հնում և միջին դարերում։ Պատմագիրների վկայություններից ակնհայտ է դառնում, որ այն երբեք բազմամարդ քաղաք չի եղել, բայց նոր ժամանակների համեմատությամբ միջին դարերում նրա բնակչության թիվն ավելի մեծ է եղել։ 1872—-73 թթ. Գյումուշխանան ունեցել է 250 տուն հայ, 320 տուն հույն և 420 տուն թուրք բնակիչ, 1892թ. նրա բնակչության թիվը հասնում էր 5000 մարդու, 1915-ին`   եղեռնից առաջ, ուներ 8000 բնակիչ, որից 2500-ը հայեր12: Գյումուշխանայի բնակչությունը, հատկապես հայությունը, մեծ արտահոսք է տվել XIX դարի երկրորդ կեսում և ХХ-ի սկզբներին։ Նրա բնակչության զգալի հատվածներ, նեղվելով աղքատությունից, թողել հեռացել են հայրենի քաղաքից`   բնակություն հաստատելով Բաբերդում, Երզնկայում, Տրապիզոնում, Պոլսում և, նույնիսկ, Փարիզում ու Ռուսաստանի զանազան քաղաքներում։ Սակայն նրա հայ բնակչությունը զանգվածաբար տեղահանվել է թուրքական ջարդարարների կողմից առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին, իսկ 1915 թ. մեծ աղետից մի կերպ փրկվածները գաղթել են օտար երկրներ։ 1970–ական թվականներին Գյումուշխանայում մնացել էին միայն 330 հայեր։ Գյումուշխանայի շատ թե քիչ աչքի ընկնող շենքերը կարելի է հաշվել մատների վրա. դրանցից էին գավառական վարչական շենքերը, եկեղեցիները, մզկիթները և քաղաքում ու դրա մոտակայքում եղած հայկական ու հունական վանքերի համալիրները։ Հայերն ունեին մեկ եկեղեցի ս. Աստվածածին անունով, որ կառուցվել էր 1269 թվականին և կանգուն էր ու գործում էր մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ Հույները ևս քաղաքում ունեին իրենց եկեղեցին, բայց նրանց կրոնական առաջնորդը նստում էր քաղաքից 8—9 կմ հեռավորությամբ գտնվող հունական ս. Սարգիս վանքում։ Հայկական վանքը քաղաքին ավելի մոտ էր գտնվում`   նրանից մոտ 4 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արևելք։ Այն կոչվում էր ս. Փրկիչ կամ ս. Ամենափրկիչ և ավերվել է XX դարը սկրզբներին։ Հավանական կարելի է համարել, որ Գրիգոր Դարանաղցու հիշատակած Գյումուշխանայի վանքը հենց նույն ս. Փրկիչն է։ Ս. Աստվածածին եկեղեցում, կամ ս. Փրկիչ վանքում պահվում էին մեծ թվով ձեռագրեր, ուստի և երբեմն ուղղակի այն համարվել է մատենադարան։ Հայերն ունեին Մեսրոպյան երկսեռ վարժարան։ Հետագայում, XIX դ, երկրորդ կեսին և XX գարի սկզբներին, այստեղ գործում էր նաև երկրորդ վարժարանը, որ կրում էր ս. Հռիփսիմեի անունը։ Երկուսը միասին 1872—73 թթ. ունեին 110 աշակերտ և 70 աշակերտուհի։ Հույներն ևս ունեին իրենց ուսումնարանը։
 
Գյումուշխանայում են ծնվել հայերեն–իտալերեն հայտնի բառգրքի հեղինակ, Մխիթարյան միաբան Հ. Մանուել վ. Ջախջախյանը (1770—1835) և Մանուել Գյումուշխանեցին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: