Հին Հայաստանի այս քաղաքը հայտնի էր Բաղեշ, Բաղաղեշ և այլ անուններով։ Նրա դիրքը պատմական գրեթե բոլոր ժամանակաշրջաններում ռազմաստրատեգիական ու առևտրատնտեսական առումով հարմար է եղել և նպաստել է նրա ընդհանուր առաջադիմությանը։
Հնագույն ժամանակներից ի վեր Բիթլիսով և համանուն գետի հովտով էր անցնում Տրապիզոնից և Հայաստանի կենտրոնական նահանգների խոշոր քաղաքներից՝ Արտաշատից, Դվինից, Անիից, Կարսից, Կարինից դեպի Միջագետք ձգվող կարևորագույն ճանապարհներից մեկը։ Արտաշեսյանների ժամանակ այստեղով էր անցնում Արտաշատ -Տիգրանակերտ հայտնի մայրուղին` հայկական «արքայական ճանապարհը»։
Բիթլիսը գտնվում է Վանա լճից մոտ 25 կմ հարավ- արևմուտք, Զորապահակ կոչված լեռնանցքից հարավ, Ավեխու(Համեղաջուր), Խոսրովու (Ամիդոլ) և այլ գետակների միախառնման տեղում, որտեղ իր սկիզբն էր առնում Բիթլիսի գետը՝ Տիգրիսի վտակներից մեկը։ Քաղաքը փռված է ոչ միայն այդ գետակների գետաբերաններն ընդգրկող կենտրոնական ձորում, այլև դրա հարակից զառիվեր ձորակողերին, կազմելով մի հսկայական ամֆիթատրոն, որտեղ շենքերը լեռնալանջերին տեղադրված են շարքերով, աստիճանաձև՝ ամռան կեսին թաղվելով այգիների կանաչ ծովի մեջ։ Եվ իզուր չէ, որ ճանապարհորդներն առանց բացառության հիացմունքով են խոսում Բիթլիսի դիրքի ու նրա համայնապատկերի գեղատեսիլության ու հմայիչ արտաքինի մասին։ Նրա համայնապատկերը լրացնում են աջ ու ձախ մասերով աղմուկ աղաղակով հոսող գետակներն ու առվակները, հորդաբուխ սառն աղբյուրները։
Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից շուրջ 1600 մ է, կլիման ցամաքային է` բավական շոգ ամառներով և զգալի ցուրտ ու տևական (մինչև 5 ամիս) ձմեռներով։ Օդը մաքուր է ու առողջարար, ջրերն առատ ու քաղցրահամ։ Քաղաքում և նրա շրջակայքում հաջողությամբ աճում են դեկորատիվ ծառատեսակներից ուռենին ու կաղամախին, մրգատու ծառերից ու մյուս կուլտուրաներից տանձենին, խնձորենին, սալորենին, ծիրանին, նռնենին, կեռասենին, թզենին, խաղողը, հատապտուղներ և այլն։ Բիթլիսը այգեշատ քաղաք է։ Այստեղ գրեթե բոլոր տներն ունեցել են իրենց այգիները և պարտեզները։
Հնագույն քաղաք է Բիթլիսը։ Նրա հիմնադրումը ավանդաբար վերագրել են Ալեքսանդր Մակեդոնացուն (IV դ. մ. թ. ա.): Ավանդության ասելով այդ քաղաքը նրա հանձնարարությամբ կառուցել է զորավար Լիսը (կամ Պելետի Լիս), որի անունով էլ կոչվել է Բիթլիս (= չար Լիս) կամ Պետլիս։ Ականատեսների ասելով, բուն քաղաքի կենտրոնական մասում բխող աղբյուրը մինչև նորագույն ժամանակները ավանդույթով կոչվել է Ալեքսանդրի անունով։
Բիթլիսի մասին մեզ են հասել հայկական, արաբական, բյուզանդական, թուրքական բազմաթիվ հեղինակների բազում վկայություններ, որոնք թույլ են տալիս ուրվագծել նրա քաղաքական պատմության կարևոր պահերն ու դրվագները։ Հայկական մատենագրության մեջ այն Բաղեշ անունով հիշատակում է Սեբեոսը (VII դ.)։ Պատմագիրներից ոմանք Բիթլիսը համարում են Աղձնիքի Սալնաձոր գավառի գլխավոր քաղաքը, իսկ մյուսները վերագրում են Տուրուբերան աշխարհքի Բզնունիք գավառին։
Բիթլիսը բավական վաղ է ընկել օտարների տիրապետության տակ։ VII դարում այստեղ հաստատվում են արաբական նվաճողները, X դարում կարճ ժամանակով՝ բյուզանդացիները, իսկ այդ նույն դարի վերջերից քրդական զանազան ցեղեր, որոնց իշխանությունը XII և XV դարերում մի քանի տասնամյակներ սելջուկների ու կարակոյունլուների կողմից գրավվելուց հետո, նորից է վերականգնվում ու շարունակում իր գոյությունը։ Բիթլիսի քրդական իշխանությունը, որ սովորաբար կոչվում էր խանություն կամ հյուքյումեթություն, առանձնապես հզոր է եղել XVI — XVIII դարերում, երբ այն կարողացել էր դիմագրավել թուրքերի բազմաթիվ հարձակումներին և նրանց հարկադրել ընդունել իր ներքին ինքնավարությունը` իբրև Վանի էալեթի քրդական ընդարձակ հյուքյումեթություն: Բիթլիսի այդ ցեղապետությունը թուրքական պետության կողմից վերացվել է 1849 թվականին, երբ սուլթանական զորքերը պարտության են մատնել քրդական խանությանը և գրավել ու ավերել նրա կենտրոն Բիթլիսը։ Դրանից հետո նախկին խանության տարածքից կազմվում է Բիթլիսի վիլայեթը՝ համանուն կենտրոնով։ Իսկ վիլայեթն արդեն սոսկ վարչատարածքային միավոր էր, ամբողջովին ենթակա կենտրոնական պետությանը և որևէ առանձնաշնորհում չուներ։ Բիթլիսի նահանգը ընդարձակ երկրամաս էր։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին նրա տարածքը հասնում էր ավելի քան 27 հազար քառակուսի կիլոմետրի։ 1878—79թթ. նահանգի բնակչության թիվը հասնում էր մոտ 400 հազար մարդու, որից 250 հազարը կազմում էին հայերը, XIX դ. վերջերին նահանգի բնակչությունը 382 հազար էր, որից 180 հազարը հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նահանգի հայերը ևս ենթարկվեցին ցեղասպանության՝ նրանց մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տեղահանվեց-ցրվեց զանազան կողմեր։ 1950 թ. տվյալներով Բիթլիսի նահանգի բնակչությունը չէր հասնում նույնիսկ 100 հազար մարդու։ Բիթլիսը կենտրոն է նաև համանուն գավառի և գավառակ:
Բաղեշ-Բիթլիսի բնակչությունը ամենայն հավանականությամբ միջին դարերում ավելի բազմամարդ է եղել։ Սակայն նրա բնակչության վերաբերյալ արժանահավատ տվյալներ չկան։ Քուրդ իշխողներն ու սուլթանական տիրակալներր վիճակագրության հետ այնքան էլ «գլուխ» չունեին և համընդհանուր մարդահամարներ չեն անցկացրել։ Լինչի ասելով, Բիթլիս քաղաքը XIX դ. սկզբներին ունեցել է շուրջ 30 հազար բնակիչ, որից մոտ 10 հազարը հայեր։ 1914 թվին հայերի քանակը իջնում է 7000 մարդու, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքն իսպառ զրկվում է հայերից։
Իր հարմար դիրքի շնորհիվ Բաղեշ-Բիթլիսը դարեր շարունակ մեծ նշանակություն էր ձեռք բերել որպես առևտրի կենտրոն։ XX դարի սկզբներին քաղաքն ուներ երեք շուկա, մոտ 1200 խանութ ու կրպակ և մի շարք իջևանատներ։ Տեղական ապրանքներով առևտուր էին կատարում հասարակության տարբեր խավերը, բայց այն հիմնականում գտնվում էր հայերի ձեռքին։ Նրա շուկաներում ու խանութներում վաճառվում էին գյուղատնտեսական մթերքներ՝ հացահատիկ, մրգեր, կաթնամթերքներ, միս, ինչպես նաև անասուններ, արհեստավորական զանազան արտադրանքներ գործվածքներ, գործիքներ, տնային գործածության իրեր և այլն։ Առանձնապես մեծ համբավ ուներ տեղական «շիլա» կոչված կարմիր կտորը, որը զգալի չափով արտահանվում էր նաև տարբեր տեղեր։ Ըստ երևույթին Բիթլիսի առևտրական դերն ավելի մեծ է եղել միջին դարերում։ Թովմա Արծրունին (IX դար) այն ուղղակի կոչում է «շահաստան Բաղեշ»։ Արհեստներով նույնպես հիմնականում զբաղվում էին հայերը։ Քաղաքի զարգացած արհեստներից էին կաշեգործությունը, մանածագործությունն ու ջուլհակությունը, դերձակությունը, ներկարարությունը, դարբնությունն ու զինագործությունը։ Իրենց նշանակությամբ քաղաքային զբաղմունքներից` առևտրից ու արհեստագործությունից, հետ չէին մնում գյուղատնտեսական զբաղմունքները։ Բիթլիսը շատ հայտնի էր իր ընտիր մրգերով ու խաղողով։ Քաղաքում տուն չկար, որ չունենար իր այգին կամ բանջարանոցը։
Բիթլիսը ընդհանուր առմամբ պահպանել է իր միջնադարյան կառուցվածքը։ Կենտրոնական ձորում վեր ցցված ժայռաբլրի վրա գտնվում են նրա հին բերդի ավերակները, որի շուրջը տարածվում են բնակելի թաղամասերը, իսկ ավելի հեռու՝ ձորերում ձգվում են արվարձանները։ Սեպուհ կոչված լեռան վրա գտնվող նրա միջնադարյան բերդը պատած է եղել աշտարակավոր ամրակուռ պաշտպանական պարսպով։ Բերդ կարելի էր մտնել լեռան զառիթափ լանջերով ձգվող նեղ ճանապարհով` մի քանի շարժական կամուրջներ անցնելուց հետո։ Բերդը խանի աթոռանիստն էր։ Այստեղ էին գտնվում նրա ապարանքը և խանական վերնախավի տները։ Բերդի միակ դուռը գտնվում էր հարավային կողմում և երկաթակուռ էր։ Բուն քաղաքն իր բնակելի թաղամասերով, շուկայով, եկեղեցիներով ու մզկիթներով, քարավանատներով ու ապարանքներով փռված էր կենտրոնական ձորի փոքրիկ հարթավայրում և նրա շրջակայքի ձորալանջերին, այնտեղ, որտեղ իրար են միանում Բիթլիսի գետը կազմող Ավեխի և Խոսրովի գետակները։ Բուն քաղաքը երբեք պարսպապատ չի եղել։ Դրա կարիքը չի էլ զգացվել, քաղաքը բոլոր կողմերից պաշտպանված է զառիթափ լեռնալանջերով և բավական էր ամրացնել շրջակայքի հետ կապող կիրճերը (դրանք թվով 6 էին և յուրաքանչյուրն ուներ իր դուռը), որպեսզի թշնամու համար Բիթլիսը դառնար դժվարամատույց։
Բիթլիսն, ըստ երևույթին, հատուկ հատակագծման ընդհանրապես չի ենթարկվել։ Սակայն բնական յուրահատուկ պայմանների շնորհիվ նրա կառուցապատումը կատարվել է որոշակի պլանով։ Քաղաքի բնակելի զանգվածները, թաղերն ու առանձին շենքերը տեղադրված են ձորերի կողերին շարքերով, և կազմում են մի մեծ ամֆիթատրոն, որում յուրաքանչյուր ցածր շարքի տների հարթ կտուրները հաջորդ բարձր շարքի համար ծառայում էին իբրև բակ։ Այդ, ինչպես և թաղերի ու տների միջև եղած այգիներն ու պարտեզները, Բիթլիսը դարձնում էին ակնահաճո քաղաք։ Առանձնապես գեղեցիկ է ձորի հյուսիսային լանջերի տեսքը։ Տների մեծագույն մասը քարակերտ է, իսկ շինարարական քարով Բիթլիսը հարուստ է. մեծ քանակությամբ քար են արդյունահանում նրա շրջակայքի քարահանքերից։
Բիթլիսում կային մի շարք հասարակական և մի քանի հարյուր տնային բաղնիքներ, որոնց կեղտաջրերը տեղական կոյուղով թափվում էին գետակների մեջ։
XX դարի սկզբներին Բիթլիսում կային և գործում էին չորս մենաստաններ (վանքեր), որոնք կարևոր դեր են խաղացել հայ դպրության պատմության մեջ։ Դրանցից ամենահայտնին Ամրդոլու ս. Հովհաննես վանքն էր իր Կարմրակ ս. Նշան գմբեթավոր եկեղեցով։ Ամրդոլու վանքը առանձնապես մեծ դեր է խաղացել XVI—XVIII դարերում, երբ նա դարձել էր հայկական մշակույթի կարևոր կենտրոն, հայ դպրության նշանակալի հանգրվան: Այս վանքի հետ է կապված մի շարք վարդապետ-գիտնականների (Վարդան Բաղիշեցի, Հովհաննես Կոլոտ, Գրիգոր Արճիշեցի և ուրիշներ) ուսումնառությունը կամ գործունեությունը։ Քաղաքի շրջակայքում էին գտնվում մյուս երեք վանքերը՝ Գոմանց ս. Աստվածածինը, Ավեխու ս. Աստվածածինը և Խնդրակատար ս. Աստվածածինը իրենց հոյակերտ գմբեթավոր եկեղեցիներով։ Դրանք ևս զգալի հետք են թողել հայ գրչության ու դպրության պատմության մեջ։
Բիթլիսի մզկիթների թիվը XIX դարի վերջերին հասնում էր 15-ի։ Իրենց հնությամբ, մեծությամբ ու կառուցվածքով դրանցից համեմատաբար նշանավոր էին չորսը, որուցրց երկուսը՝ Կզըլ և Շեյխ ջամիները հնում հայկական եկեղեցիներ են եղել և մզկիթների էին վերածվել քուրդ տիրապետողների ժամանակներում։ Գրեթե բոլոր մզկիթներն ունեին իրենց մինարեները։
Բիթլիսում, գետակների վրա, տարբեր ժամանակներում կառուցել էին մեծ ու փոքր տասնյակ կամուրջներ, որոնք իրար հետ էին կապում ձորալանջերի թաղամասերը։
Քաղաքի հայությունը ուներ իր դպրոցները։ XIX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբներին քաղաքում գործում էին հայկական չորս արական ու երեք օրիորդաց դպրոցներ։ Դպրոցներ ունեին նաև բողոքական հայերը։ Դրանք հիմնականում ցածր կարգի էին։ Քաղաքի մշակութային կյանքում առանձնապես խոշոր դեր էր խաղում Ամրդոլու վանքը, որտեղ, ինչպես ասվեց, կրթվել ու գործել են հայ դպրության հայտնի շատ դեմքեր։
Բիթլիսում են ծնվել XVIII դարի ժամանակագիր Դավիթ Բաղիշեցին, ականավոր դերասանուհի Զաբելը (Մարիամ, 1858—1926)։ Բիթլիսը Վիլյամ Սարոյանի ծնողների և պապերի հայրենական քաղաքն է։
Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած ավելի քան 60 տարվա ընթացքում Բիթլիսն առանձնապես առաջադիմություն չի ունեցել։
Ներկայումս նույնանուն նահանգի կենտրոն Բիթլիսը գավառական տիպի քաղաք է (1965-ին ուներ մոտ 18,5 հազար բնակիչ)։ Նրա արդյունաբերությունը սահմանափակվում է խախոտի և կաշվի վերամշակման մի քանի ձեռնարկություններով, որոնց արտադրանքի զգալի մասը առաքվում է տարբեր տեղեր։