Հանրագիտարան

Մահվան ագարակի ճակատամարտ

Պարսից թագավորությունը, Մարզպանական Հայաստանում բռնկված ապստամբություն ճնշելու նպատակով, 620 թ-ի աշնանը հարձակում ձեռնարկեց ապստամբության կենտրոն հանդիսացող Տարոնի ուղղությամբ:

Վախթանգի գլխավորած Պարսից թագավորության բանակը (30.000 ռազմիկ), կողմնապահ ջոկատներ թողնելով Ապահունիքում, հիմնական ուժերով մտավ Տարոն և, բանակելով Ձյունակերտում, սկսեց բանակցություններ`   նպատակ ունենալով հնազանդեցնել Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը սկսած Վահան Գայլ Մամիկոնյանին: Բանակցություններում չհասնելով հաջողության և պարտություն կրելով Ծծմահովտի ճակատամարտում և Մեղրագետի ճակատամարտում`   621 թվականի գարնանը Վախթանգը Սմբատ Մամիկոնյանից կրկին պահանջեց դադարեցնել դիմադրությունը և հնազանդվել: Ստանալով մերժողական պատասխան`   Վախթանգը Պարսից թագավորության համալրված բանակով (20.000 զինվոր) կրկին դուրս եկավ արշավանքի: Ի պատասխան դրա Սմբատը կատարեց համընդհանուր զորահավաք և կենտրոնացրեց զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց: Ընդ որում դեռևս ընդհանրապես ռազմական պատրաստություն չունեցող աշխարհազորի մի մասը (2.500 զինվոր) Մամիկոնյաց իշխանը իր որդի Վահանի գլխավորությամբ ռազմական անհրաժեշտ պատրաստություն ստանալու համար թողեց Մուշում, իսկ ինքը, գլխավորելով մնացած բանակը (9.000 զինվոր, որից 4.000 հեծյալ), շարժվեց թշնամուն ընդառաջ:

Մարտի ընթացքը
 
Մոտենալով հակառակորդին`   Սմբատը հետևազորը թողեց ագարակի մոտ գտնվող մի բլրի վրա, իսկ ինքը, գլխավորելով հեծելազորը, առաջ շարժվեց: Իր հերթին Վախթանգը, կարծելով, թե ողջ Հայկական բանակը կազմում է միայն իր դեմ շարժվող հեծելազորը, մի ուժեղ ջոկատով (9.000 զինվոր) առաջ շարժվեց և շրջապատեց վերջինիս:
  • I փուլ – Գիշերը շրջապատման մեջ գտնվող Հայ հեծյալները, ձեռքներում ունենալով վառվող ջահեր, շրջապատման օղակի ներսից, իսկ բլրի վրա ամրացած հետևակը`   շրջապատման օղակի դրսից, միաժամանակյա համակցված հարված հասցրեցին թշնամուն և ջախջախեցին նրան: Վախթանգը 200 հեծյալների ուղեկցությամբ դիմեց փախուստի: Գրավված մեծ քանակությամբ ձիերը Սմբատը ուղարկեց Մուշ, որտեղ գտնվող հետևակ աշխարհազորայինները դարձան հեծյալ:
  • II փուլ – Հաջորդ օրը Սմբատը ութժամյա հմուտ մանևրներով այնքան ժամանակ խուսափեց մարտից, մինչև Մուշից ժամանեցին Վահանի գլխավորած հեծյալ աշխարհազորայինները: Դրանից հետո Հայկական բանակը կրկին բանակեց ագարակի մոտ գտնվող բլրի վրա: Շուտով Վախթանգի գլխավորած Պարսից թագավորության բանակը (11.200 զինվոր) մոտեցավ բլրին և բանակեց հայերից ներքև: Նույն գիշերն էլ Սմբատը մի հեծյալ ջոկատ (4.000 զինվոր) ուղարկեց թշնամու թիկունք: Վերջինս, բաժանվելով փոքր խմբերի, լեռնային արահետներով անցավ թշնամու թիկունք, բաժանվեց 2 հավասար մասի և դարանեց թշնամու թիկունքի աջ ու ձախ կողմերում: Առավոտյան Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման բլրի վրա տեղակայված Հայկական բանակի վրա և բռնկված համառ մարտում սկսեց նեղել նրան:
  • III փուլ – Հայկական ջոկատը թիկունքից հարվածեց թշնամուն, որը շրջապատվեց ու համառ մարտում ջախջախվեց: Այդ ընթացքում, մարտադաշտում հանդիպելով Վախթանգին, Սմբատը մենամարտեց վերջինիս հետ: Մենամարտի ընթացքում Սմբատը հզոր հարվածներով վնասեց Վախթանգին և կտրատեց նրա զրահը, սակայն վերջինս հաջողվեց նիզակով այնպես հզոր հարվածեց հասցնել իր հակառակորդին, որ նիզակը խրվեց Սմբատի զրահի մեջ: Սակայն Սմբատը իր հերթին թիկունքից ճարպկորեն նիզակահարեց սեփական ձիու կողմից առաջ տարված Վախթանգին, որից հետո մոտեցավ նրան և գլխատեց: Դրանից հետո Սմբատը հարձակվեց Վախթանգի երկու զինակիրների վրա և մարտական մուճով սպանեց նաև նրանց:
Մարտից հետո
 
Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին`   10.800 զինվոր: Հակահարձակման անցած Հայկական բանակը գրավեց Պորպը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: