Հանրագիտարան

Բալու

Բալուն նախ եղել է բերդ, ապա բերդաքաղաք, իսկ նոր ժամանակներում՝ գավառական քաղաք (կամ գյուղաքաղաք)։ Հիշատակվում է նաև Պալու, Բալիոբիտ տարբերակներով և համապատասխանում է Ռոմանոպոլսին, որի կառուցումը վերագրում են Ռոմանոս կայսեր (XIդ.)։

Ժողովրդական ստուգաբանությամբ Բալու է կոչվել շրջակայքում շատ բալենիներ ունենալու պատճառով։ Ուսումնասիրողներն այդ անունը առաջացած են համարում հնագույն ժամանակներում Հայկական լեռնաշխարհում բավական լայն տարածությունների վրա բնակված բալ կամ բաղ ցեղի անունից։ Ի դեպ այդ նույն ցեղանվան հետ են կապում նաև Բաղաբերղ, Բաղաց աշխարհ, Պաղին, Պաղնատուն, Կարա–բաղ, Բաղասական անունները։

Գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Դերսիմի հարավային ծայրագավառում, Արածանիի (Արևելյան Եփրատ) ստորին հոսանքի աջ ափին, շրջանաձև հարթավայրում։ Արածանին երեք կողմից շրջապատում է քաղարը, որն ամբողջապես թաղված է այգիների մեջ։ Բալուից հարավ անտառապատ տարածություններ են։ Նրա մոտակայքում են գտնվում Մեսրովբյան հայկական բերդի ավերակները։ Ստեփանոս Ասողիկի վկայությամբ Բալուն խիստ ավերվել է 995 թ. երկրաշարժից, բայց հետագայում վերականգնվել ու մինչև XIII դարի վերջերը շարունակել է բարգավաճել։ Շրջակայքում կան պղնձի (և գունավոր այլ մետաղների) ու քարածխի հանքեր։
 
Հնում Բալուն Չորրորդ Հայք աշխարհի (ավելի հնում՝ Ծոփք) Բալահովիտ գավառի կենտրոնն էր և գլխավոր բերդը։ Թուրքական տիրապետության շրջանում Բալուն իբրև գավառակ նախ մտնում էր Դիարբեքիրի նահանգի (վիլայեթ) Արղանա մադենի գավառի (սանջակ), ապա Խարբերդի նահանգի մեջ իբրև գավառի կենտրոն։ Ներկայումս Բալուն համանուն վիլայեթի (նահանգի) կենտրոնն է, իսկ այդ նահանգը 1970 թվականի մարդահամարով ուներ 403,8 հազար բնակիչ։
 
Բալուի հին ժամանակների բնակչության քանակի մասին արժանահավատ վկայություններ չկան։ Ոմանք պնդում են, թե հնում իբր ունեցել է մինչև 100 հազար բնակիչ, որ շատ անհավանական է։ Հավանական կարելի է համարել, որ X—XIII դարերում նրա բնակչության թիվը հասել է 25 — 30 հազար մարդու և իր մարդաշատությամբ ու մեծությամբ ոչնչով չի զիջել Մուշին, Երզնկային, Կամախին և Հայաստանի այդ ժամանակաշրջանի միջին մեծության այլ քաղաքների։
 
XIX դարի սկզբներին Բալուի միայն հայկական տների թիվը հասնում էր 1000–ի՝ մոտ 7000 բնակիչներով, իսկ բրդերը 2000 — 3000 շունչ էին։ 1873 թ. կային 6240 հայ և 2250 քուրդ բնակիչներ։ XIX դարի 70–ական թվականներից քաղաքի արհեստավոր ու առևտրական բնակչությունն սկսում է աստիճանաբար գաղթել ավելի մեծ քաղաքներ՝ Ադանա, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա, ինչպես նաև Մալաթիա ու Քղի: Այնուամենայնիվ, 1914թ. ունեցած նրա 10000 բնակչից 5000-ը հայեր էին, իսկ մյուս կեսը քրդեր, հույներ, ասորիներ և մասամբ թուրքեր։ Բալուի հայ բնակչությունը նույնպես 1915 թ. ենթարկվեց բնաջնջման։ Նրա միայն մի մասին է հաջողվել փրկվել թուրքական յաթաղանից։ Հետագայում որոշ քանակությամբ փախստական հայեր վերադառնում են իրենց տեղերը։ 1940-ական թվականներին Բալուում և շրջակայքում կային 750 փախստական հայեր։
 
Գյուղատնտեսական կուլտուրաներից Բալուում մշակում էին ցորեն, գարի, եգիպտացորեն, բամբակ, պտղատու ծառեր (դեղձենի, տանձենի, սալորենի, խնձորենի և այլն)։ Քաղաքի բնակչության մի մասը զբաղվում էր մեղվաբուծությամբ, իսկ քուրդ բնակչությունը՝ անասնապահությամբ։ Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով ու առևտրով։ Տարածված արհեստներից էին մանածագործությունը, կտավագործությունը, պղնձագործությունը, դարբնությունը և այլն։
 
Բալուն առևտրական քաղաք է եղել դեռևս միջին դարերում։ Այստեղով էր անցնում Արածանիի հովտով դեպի Խարբերդ ու Մալաթիա ձգվող ճանապարհը։ XIX — XX դարերում Բալուն ուներ իր ընդարձակ շուկան, տասնյակ խանութներ, կրպակներ ու արհեստանոցներ։ Ներքին աշխույժ առևտրից բացի, քաղաքն իր արտադրանքներով մասնակցում էր նաև արտաքին առևտրին։ Բալուից և համանուն գավառից արտահանվում էին հացահատիկներ, բամբակ, ծիրանի, դեղձի, տանձի, սալորի չիր, անասնապահական մթերքներ և այլ ապրանքներ։
 
Բալուի մասին վիմագրական և մատենագրական հիշատակություններ շատ կան։ Ուրարտական շրջանում այն եղել է բերդ։ Ուրարտուի թագավոր Մենուան այստեղ թողել է մի կարևոր սեպագիր արձանագրություն, ըստ որի ինքը Խեթերի երկրից խլել է Գուպանի քաղաքը, նվաճել Պուտերիա քաղաքը և ընդհարվել Մելիդա (Մալաթիա) երկրի հետ9: Արձանագրության մեջ հիշատակված Պուտերիա քաղաքը ենթադրաբար նույնացնում են կամ հետագայի Բալուի, կամ Ուրարտական Վաշտալ բերդաքաղաքի հետ։ Միխայիլ Ասորի պատմագիրը Բալուի հիմնադրումը վերագրում է Սելևկյանների ժամանակներին (IV—II դդ. մ. թ. ա.)`   Սելևկոս թագավորին։ Սկզբում, ինչպես ասվեց, այն բերդ էր և հավանաբար քաղաք–բերդաքաղաքի է վերածվել XI դարում, երբ իր շրջակայքի հետ միասին մտնում էր Սասունի Թոռնիկ իշխանի տիրույթի մեջ։ Իսկ այժմ անշուք փոքր գյուղ է։
 
Նոր ժամանակները հասած վիճակում Բալուն արտաքնապես խղճուկ, նեղ ու ծուռումուռ փողոցներով, մեծ մասամբ կավակերտ տներով գավառական տիպի գյուղաքաղաք էր, որի շենքերը անկանոն ցրված են մեծ տարածության վրա, իրարից բաժանված լինելով այգիներով, պարտեզներով ու փոքրիկ բանջարանոցներով։ Լուսավորչական հայերը ունեին չորս թաղ, որոնք կոչվում էին իրենց չորս եկեղեցիների անուններով՝ ս. Լուսավորիչ կամ ս. Գրիգոր, ս. Աստվածածին, ս. Կիրակոս, ս. Սահակ։ Եկեղեցիներից հինը, գեղեցիկը, որ գմբեթավոր, քառաթև կառուցվածք էր, ս. Լուսավորիչն էր։ Այդ չորս եկեղեցիներից բացի, կար նաև մի բողոքական եկեղեցի, որը հայ բողոքականների թաղային եկեղեցին էր։ Դրանք բոլորը, որոնց թվում և գլխավոր եկեղեցին`   ս. Աստվածածինը կամ Քաղցրահայաց ս. Աստվածածին կոչված վանքը, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավերվել ու ամայացել էր։
 
Բալուի բերդը XX դարի սկզբներին դեռևս կիսականգուն էր։ Գրավում էր բավական մեծ տարածք և գտնվում էր զառիվեր կողերով լեռան վրա, որի լանջերից ցայտում են հորդաբուխ աղբյուրներ։ Բերդի ճանապարհը նեղ է, քարակերտ ու ոլորապտույտ։ Եվրոպական ճանապարհորդները հիացմունքով են խոսում երբեմնի անառիկ այդ բերդի ավերակների վեհության, ամրությունների, համայնապատկերի մասին։
 
Բալուի շրջակայքում կան մի քանի բերդերի ու ամրոցների ավերակներ, որոնց թվում են և Մեսրովբյան կոչված բերդի մնացորդները։ Ըստ կիսաավանդական մի պատմության, Բալուի մոտ է գտնվում նաև այն քարայրը, որտեղ ճգնել է Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը արարելիս։
 
Բալուն հայ գրչության նշանակալի կենտրոններից է։ Այստեղ XV—XVII դարերում գրվել կամ ընդօրինակվել են Ավետարան, Մաշտոց, Շարականոց և այլ բովանդակությամբ ձեռագիր մատյաններ։ Այստեղ գործած գրիչներից հայտնի են Ավետիք Աբեղան (XV դ.) և Մարտիրոս Սարկավագը (XVII դ.)։
 
XIX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբներին աշխույժ դպրոցական կյանք է ունեցել Բալուն։ Այդ ժամանակ նրա բոլոր կարգի դպրոցների թիվը (հաշված մասնավոր վարժարանները) հասնում էր 8–ի։ Դրանցից առանձնապես նշելի են հայկական 2 երկսեռ ղպրոցները, որոնք ունեին 150 — 170 աշակերտ և 80 — 90 աշակերտուհի։ Այդ դպրոցներում աշակերտները հայերենից բացի սովորում էին նաև ֆրանսերեն և թուրքերեն։ Հայկական դպրոցներից հիշատակության արժանի է նաև բողոքական հայերի (դրանք 30 — 25 տուն էին) երկսեռ դպրոցը 20 — 30 աշակերտ–աշակերտուհիներով։
 
Բալուն տվել է ազգային հայտնի գործիչներ, որոնց թվում է նաև Երվանդ Օտյանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: