Հանրագիտարան

Բագարան

Բագարանը հիշատակվում է նաև Ամուր, Բագրան, Դիցավան անուններով և համապատասխանում է այժմյան Բաքրանին, որ մի փոքրիկ գյուղ է, ծվարած Ախուրյան գետի աջ զառիվեր ափին։

1968 թվականից վաղեմի այդ քաղաքի անունն է կրում նաև Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի նախկին Հաջիբայրամլու (իսկ 1935 թվականից՝ Բախչալար) գյուղը։ Մի այլ Բագարան էլ գտնվում էր Այրարատյան աշխարհի Կոգովիտ գավառում (Բայազետի շրջան), որը ֆեոդալական հասարակ դաստակերտ էր և չպետք է շփոթել մեր խնդրո առարկայի հետ։

Բագարան բերդաքաղաքը, որ հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք, գտնվում էր Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8 — 9 կմ հյուսիս, երեք կողմերից պատած Ախուրյան գետի անմատչելի կիրճով, որն ընդհանուր առմամբ ձգվում է հյուսիսից հարավ և անմատույց դարձնում այն երեք ժայռաբլուրները, որոնց վրա գտնվում էին քաղաքի երբեմնի պարսպապատ ամրոցներն իրենց ապարանքներով։ Քաղաքի տարածքում բխում են սառնորակ շատ աղբյուրներ, որոնք այժմ գործի են դնում մի քանի ջրաղացներ։ Ուներ այգիներ և արհեստական անտառ–պուրակ։ Վերջինս տնկվել էր II դարի սկզբներին (մ. թ. ա.) և հավանաբար ուներ նույն նշանակությունը, ինչ-որ դրանից առաջ տնկված Արմավիրի «Սոսյաց» անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունից քրմերը կատարում էին «գուշակություններ», միայն վերջինս սոսիների (հարավային չինարի) պուրակ էր, իսկ Բագարանինը՝ հիմնականում կաղնիների`   դարձյալ լինելով պարսպապատ արգելանոց։ «Ծննդոց» կոչված այդ անտառի մնացորդները թփուտների ձևով նշմարվում են առ այսօր։
 
Բագարանը մտնում էր Այրարատյան աշխարհի Արշարունիք (կամ Երասխաձոր) գավառի մեջ և վերջինիս հետ միասին մինչև II դարի (մ. թ. ա.) 90-ական թթ. վերջերը պատկանում էր Երվանդունիներին, իսկ դրանից հետո՝ նախ Կամսարականներին (մինչև VIII դարը մ.թ.), ապա՝ Բագրատունիներին VIII— XI դդ.:
 
Բագարանի պատմությունը չնայած հատուկ ուսումնասիրության առարկա չի դարձել, սակայն պատմագիրների և այլ աղբյուրների վկայությունների հիման վրա կարելի է ուրվագծել իր ընդհանուր կողմերով։
 
Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդունիների վերջին թագավոր Երվանդ Դ-ն մ.թ.ա. II դարի սկզբներին և, նախկին մայրաքաղաք Արմավիրից այստեղ տեղափոխելով կուռքերը, այն դարձրել էր Արարատյան թագավորության կրոնական գլխավոր կենտրոնը։ Նույն Երվանդ թագավորը Բագարանում քրմապետ էր նշանակել իր եղբորը Երվազին։ Սակայն շուտով վերանում է Երվանդունիների հարստությունը և Հայաստանում թագավորական նոր հարստության հիմնադիր Արտաշես Ա–ն, որ սպանել էր Երվանդ թագավորին և նրա քրմապետ եղբորը, Բագարանից կուռքերը տեղափոխում է իր կառուցած Արտաշատ մայրաքաղաքը, իսկ քրմապետի 500 ծառաներին նվիրում Սմբատին։ Նույն կիսաավանդական պատմության համաձայն վերջինս այդ ծառաներին բնակեցրել է Մասիսի թիկունքում՝ Կոգովիտ գավառում և նրանց բնակավայրն էլ նույնպես կոչել Բագարան։
 
Դրանից հետո Բագարանն անշքանում է և ավելի քան 1000 տարի մեր պատմության մեջ չի հիշատակվում։ VIII դարի վերջերին այն Արշարունիք ու Շիրակ գավառների հետ միասին (որոնք Կամսարականներից Բագրատունիներին էին անցել մասամբ դրամով գնելու, մասամբ էլ արաբական էմիրին պարտության մատնելու և զենքի ուժով գրավելու միջոցով) դառնում է Բագրատունի Աշոտ Մսակերի սեփականությունը, որը այն դարձնում է իր աթոռանիստը։ Սկսած այդ ժամանակներից, Բագարանը բավական բարգավաճում է, և Բագրատունի առաջին թագավոր Աշոտ Ա–ն (885— 890) այն դարձնում է նորահիմն թագավորության մայրաքաղաքը։ Աշոտ Ա-ին փոխարինած Սմբատ Ա–ն (890—914) լքում է Բագարանը և իր համար աթոռանիստ ընտրում Երազգավորսը, որը այդ ժամանակվա դրությամբ գտնվում էր Բագրատունիների թագավորության կենտրոնական շրջանում և ստրատեգիական տեսակետից ուներ ավելի անմատույց դիրք։ Սակայն այդ հանգամանքը հավանաբար քիչ է ազդել Բագարանի ընդհանուր վիճակի վրա, այն Բագրատունիների թագավորության գոյության ամբողջ ընթացքում համարվում էր բարգավաճ բնակավայրերից մեկը, որտեղ կատարվել են քաղաքացիական և եկեղեցական կարևոր կառուցումներ։ VIII—IX դդ. Բագարանում էր գտնվում Բագրատունի իշխանների ու նրանց ընտանիքի անդամների տոհմական դամբարանը։ Այստեղ է թաղված նաև Աշոտ Ա թագավորը։
 
1045 թվականին Անիի թագավորության հետ միասին Բագարանը ևս նվաճվում է Բյուզանդիայի կողմից, 1064 թվականին այն զավթում են սելջուկ թուրքերը, XII դ. սկզբներին՝ Շահ-արմենները։ Հյուսիսային Հայաստանի հետ միասին XIII դարի սկզբներին (1211թ.) Բագարանը ազատագրվեց Զաքարյան հայ իշխանների կողմից և մի քանի տասնյակ տարվա ընթացքում այնտեղ վերականգնվեց նախկին բարեկարգ վիճակը։ Սակայն խիստ կարճատև էր նրա այդ վերջին առաջադիմության շրջանը։ 1236 թվականին մոնղոլ թաթարների նվաճմամբ Բագարանը սկսեց արագ անկում ապրել, իսկ 1394 թ. այն գրավեց ու ավերեց Լենկթեմուրը, որից հետո այստեղ մի կերպ պահպանված անշուք ու փոքրիկ բնակավայրը այլևս ոչնչով նման չէր նախկին Բագարան քաղաքին: Վերջինս XIV—XV դարերում վերածվել էր ավերակների կույտի և տարբեր վիճակում իրենց գոյությունը պահպանում էին միայն մի քանի կառույցներ կամ դրանց ավերակները՝ պաշտպանական պարիսպներ, բերդի առանձին հատվածներ, մի աշտարակ, կիսաքանդ արքայական պատշգամբ, մեկ կանգուն և երկու կիսականգուն եկեղեցի, կամրջի, բնակարանների մնացորդներ, գերեզմանատների հետքեր, վաղեմի բերդից Ախուրյան տանող ստորերկրյա ուղի։
 
Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավելյան իշխանը 624թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ Օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքով ս. Թեոդորոս տաճարի կառուցվածքային տարրերը Բյուզանդիայի միջոցով անցել են Եվրոպա և իրենց ազդեցությունը թողել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մի ամբողջ շարք եկեղեցիների վրա։ Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և ՀովհաննեսՍմբատ թագավորի օրոք 1030թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։ Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։
 
Պատմական Բագարան քաղաքի տեղում եղած Բագարան գյուղը XX դարի սկզբներին ուներ շուրջ 350 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Նեղվելով թուրքական հայաջինջ քաղաքականությունից, նրա հայ բնակչությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գաղթեց ու վերաբնակություն հաստատեց Երևանի նահանգի տարածքում։ Այժմ նույն տեղում գոյություն ունի քրդաբնակ մի գյուղակ՝ կրելով Բաքրան անունը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: