Հանրագիտարան

Արշակավան

Հայկական պետության քաղաքական դրությունը IV դարում չափագանց լարված էր։ Հայաստանի անկախությանն սպառնում էին նրա արևելյան և արևմտյան աշխարհակալ պետությունները՝ սասանյան Պարսկաստանն ու Հռոմը։

Այդպիսի պայմաններում հայկական կենտրոնական միասնական պետության ուժեղացման հարցը դարձնել էր այդ դարի պատմական հիմնական պրոբլեմը։ Հայաստանը միայն կենտրոնացված ուժեղ պետության առկայության պայմաններում կարող էր պաշապանել իր քաղաքական անկախությունն օտար զավթիչների ոտնձգություններից։ Դրանից ելնելով էլ IV դարի Արշակունի հայ թագավորները, մանավանդ նրանցից հեռատեսները, ամեն ջանք գործադրում էին նախարարների կենտրոնախույս տրամադրությունները կոտրելու և նրանց կենտրոնական պետությանը հնազանդեցնելու համար։ Այնպես որ IV դարի հայկական պետության ներքին կյանքն ամբողջապես երանգավորված էր հայոց թագավորների և կենտրոնախույս տրամադրություններ ունեցող ֆեոդալ–նախարարների պայքարով։

Այդ պայքարի ամենասուր պահերից մեկը Արշակ Բ–ի (352— 368թթ.) թագավորության շրջանն էր, երբ սասանյան Պարսկաստանը սպառնում էր Հայաստանի քաղաքական անվտանգությանը, մինչդեռ նրա նախարարությունների մի մասը քաղաքական այդ վտանգավոր ու լարված պահին չէր էլ ուզում ճանաչել կենտրոնական պետությանը և ամեն միջոցներով ձգտում էրլինել ինքնիշխան, իր այդ պառակտողական պայքարի ընթացքում նույնիսկ դիմելով թշնամական պետությունների օգնությանը։ Արշակ Բ-ն՝ այդ հեռատես ու եռանդուն գործիչը, արտաքին վտանգը վերացնելու ելքը առաջին հերթին տեսնում էր նախարարների կենտրոնախույս տրամադրությունները կոտրելու և կենտրոնացված ուժեղ պետությանը ենթարկելու մեջ։ Նա հանուն այդ վեհ նպատակի բնաջնջեց անջատողական ձգտումներով կենտրոնացած իշխանության համար ռեալ վտանգ ներկայացնող Կամսարականների նախարարական տունը՝ հարքունիս գրավելով դրան պատկանող տարածքներն ու բերդերը։ Եվ ահա նույն նպատակով Արշակ Բ-ն IV դարի 50-ական թվականների վերջին Այրարատի Կոգովիտ գավառում (այժմյան Բայազետի շրջանում)՝ Թավրիզ—Դարոյնք (Բայազետ)— Կարին (Էրզրում) — Տրապիզոն քարավանային տարանցիկ ճանապարհի վրա հիմնադրում է իր անունը կրող Արշակավան քաղաքը։ Արշակավանը գտնվում էր Մասիսի թիկունքում, ընդարձակ գետահովտում: Պատմահայր Մովսես Խորենացին գրում է. «...(Արշակավանը) էր քաղաք Հայոց, զոր շինեաց Արշակ արքայ Հայոց ի թիկնաց լերինն Մասեաց ի Կոգովիտ գաւառի»։ Հայագետներից ոմանք Արշակավանը նույնացնում են Արածանիի հովտից Արարատյան դաշտ տանող ճանապարհին գտնվող Խարաբաբաժար (Խարաբաբազար) կամ Քեռհնայբազար հնավայրերի հետ, որոնք գտնվում են Հայկական պար լեռնաշղթայի համանուն լեռնանցքների շրջանում։ Մինչև մեր ժամանակներն այստեղ նշմարվում էին քարավանատների և բազմաթիվ այլ շինությունների մնացորդներ։
 
Արշակավանը դառնալու էր Հայաստանի նոր մայրաքաղաքը։ Փավստոս Բուզանդը վկայում է, որ այստեղ բազում այլ շենքերի հետ միասին «շինեցին ևս... ապարանս արքունի»։
 
Արշակ Բ–ի արքայական հատուկ հրովարտակով Արշակավանում բնակվելու իրավունք է տրվում տերերի ձեռքից փախած «ծառաներին», խիստ հարստահարվող պարտապաններին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր ենթակա էին հետապնդման ու հալածանքի։ Խորենացու ասելով Արշակավանի կառուցումը պարզապես ուղղված էր նախարարների շահերի դեմ։ Նոր մայրաքաղաքի հիմնադրմամբ Հայոց արքան ձգտում էր 
ա) նրա բնակչությանը որոշ արտոնություններ տալով նախարարների դեմ մղվող պայքարում նրան դարձնել իր հենարանը, 
բ) նախարարներին ենթակա շինականների հաշվին մեծացնել պետական հարկատու բնակիչների թիվը 
գ) շինականներին ու «ծառաներին» տրվող արտոնություններն օգտագործել սուր բնույթ ստացած դասակարգային ներհակություններն առժամանակ մեղմացնելու համար։
 
Պատմագիրների վկայության համաձայն, շատ կարճ ժամսնակամիջոցում Արշակավանը դառնում է խոշոր ու բազմամարդ քաղաք։ «Պարսից պատերազմը» վեպի մեջ Արշակավանը բնորոշված է իբրև «գողերի», «ավազակների», «մարդասպանների» գումարման վայր՝ ժողովարան։ Նրա բնակչության հասցեին ամեն տեսակի լուտանքներ են ուղղում նաև ֆեոդալիզմի գաղափարախոս պատմագիրները։ Նրանք գրում են, որ իբր այստեղ հավաքվել էին միայն մարդաթողները, կնաթողները, պարտապանները, փախստականները, քրեական հանցագործները, ամեն տեսակի բախտախնդիր տարրեր, խառնիճաղանջ մի ամբոխ։ Հետագայում, բազում դարեր, ավանդույթի ուժով, Արշակավանը դարձրել էին խառնիճաղանջության խորհրդանիշ։ Դա միանգամայն տրամաբանական է և այստեղ զարմանալու ոչինչ չկա։ Արշակավանի բնակչության հիմնական մասը բաղկացած էր ֆեոդալ նախարարների հարկային ծանր լծից փախած շինականներից և «ծառաներից», որոնց նույն ֆեոդալական կարգերի ջատագով պատմագիրները միայն այդպես կարող էին հորջորջել։ Շինականների և «ծառաների» փախուստը դեպի Արշակավան՝ դա զրկվածների, նեղվածների, տառապյալների ըմբոստացումն էր իրենց հարստահարողների դեմ։
 
Ֆեոդալ նախարարները բողոքում և պահանջում են թագավորից իրենց «ծառաներին» հետ վերադարձնել, սակայն Արշակը մերժում է նրանց պահանջը։ Թագավորի այդ քաղաքականությունից դժգոհ նախարարները, եկեղեցու անվերապահ համաձայնությամբ, խռովություն են բարձրացնում և իրենց միացյալ զորքերով հարձակվում են Արշակավանի վրա`   կոտորում նրա բնակիչներին և քաղաքը հիմնահատակ ավերում։ Այդ մասին Մովսես Խորենացին գրում է. «Եւ նախարարացն Հայոց ժողովեալ՝ դիմեցին ի վերայ արքունական ձեռնակերտին Արշակաւանի, և մարին գնա սրով սուսերի յառնէ մինչև ցկին, բայց ի տղայոց ստնդիացած. քանզի դառնացեալք էին իւրաքանչիւր ի վերայ ծառայից իւրեանց և յանցաւորաց»։
 
Ինչպես տեսնում ենք, պատմիչի ասելով նախարարները նայում են միայն ծծկեր երեխաներին։ Ոմանց կարծիքով Արշակավանում սպանվել է 20 հազար մարդ, իսկ ըստ ուրիշների՝ նույնքան ընտանիք։ Դրանով հիմնահատակ ավերվում է նորակերտ մայրաքաղաքը և այլևս չի վերականգնվում։ Արշակավանն այսպիսով, ունեցել է 5 — 6 տարվա կյանք։ Նրա ավերման գործում եկեղեցուց բացի, խառն էր նաև սասանյան Պարսկաստանը, որը Հայաստանի նկատմամբ իր զավթողական քաղաքականության հաջողության երաշխիքը տեսնում էր նաև նրա կենտրոնացած պետության թուլացման և ֆեոդալական երկպառակությունների մեջ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: