Հանրագիտարան

Արճեշ

Վանա լճի ավազանը հնագույն ժամանակներից ի վեր քաղաքակրթության կենտրոններից էր։ Սկզբնապես այստեղ էր ձևավորվել Հայաստանի հնագույն պետությունը՝ Ուրարտու–Արմենիան, որը հետագայում՝ VIII դարում (մ. թ. ա,), արդեն գրավում էր գրեթե ամբողջ Պատմական Հայաստանի տարածքը:

Հնագույն այդ ժամանակներում Վանա լճի առափնյա շրջաններում հիմնադրվել էին մի շարք բերդաքաղաքներ, որոնցից շատերը հետագայում ոչ միայն պահպանեցին իրենց գոյությունը, այլև ունեցան նոր վերելքի ժամանակներ։ Վանա լիճն իր շուրջն ընկած տարածքներով համահայաստանյան մասշտաբով կենսական կենտրոն էր դարձել հատկապես Х — ХIII դարերում, երբ երկիրը թևակոխել էր զարգացած ավատատիրության ժամանակաշրջանը։ Լճով կատարվող առափնյա աշխույժ նավարկությունը, Դվինից, Թավրիզից ու Հյուսիսային Միջագետքից եկող առևտրի ճանապարհները, հնից ժառանգություն ստացած տասնյակների հասնող արհեստների զարգացումը, ձկնորսությունը, աղի հանույթը, ներքին առևտրի առաջադիմությունը մեծապես նպաստում էին այդ շրջանների տնտեսական ու մշակութային զարգացմանը։ Ավելի բազմամարդ են դառնում լճի եզերքի հին քաղաքները՝ Վանը, Արճեշը, Արտամետը, առաջանում են նոր քաղաքներ՝ Խլաթ, Դատվան, Բերկրի և այլն։ Ստեփանոս Ասողիկի այն հիշատակությունը, թե Բագրատունիների ժամանակ «ագարակները» դարձան «ավաններ», իսկ «ավանները՝ քաղաքներ», լիովին վերաբերում էր նաև Վանա լճի շրջակայքին, որտեղ X — XIII դդ. կային մոտ մեկուկես տասնյակ քաղաքներ։

Արճեշը գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին, լիճը թափվող Արճեշ փոքրիկ գետակի գետաբերանում։ Տարբեր ժամանակներում Արճեշը հիշատակվում է իբրև գյուղ, ավան, քաղաք, բերդաքաղաք և նավահանգիստ։ Գոյություն ունի ուրարտական ժամանակներից. նրա անունը կապում են ուրարտական Արգիշտի 2–րդ թագավորի (մահ. մոտ. 685 թ. մ. թ. ա.) անվան հետ։ Այստեղ պահպանվել են թագավորի թողած երկու սեպագիր քարակոթողները, որոնցում հիշատակվում է քաղաքի, մի արհեստական լճի ու ջրանցքի կառուցման մասին։ Սակայն Արճեշի տեղում բնակավայր է գոյություն ունեցել տակավին քարեդարյան ժամանակներում։ Նրա տարածքում հայտնաբերվել են քարեդարյան գործիքներ, բրոնզի դարի խեցեղեն։
 
Արճեշը միջին դարերում գավառի կենտրոն էր։ Այն մտնում էր Տուրուբերան աշխարհի մեջ և ըստ ոմանց գտնվում էր Աղիհովիտ գավառում (որ հայտնի է նաև Քաջբերունիք անունով), իսկ ըստ ուրիշների՝ Ապահունիքում։ Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, իսկ 1000 թվականից՝ Արծրունիներին։ Երբեմն Վանա լիճը կոչվել է Արճեշի անունով։
 
Հայ մատենագրության մեջ Արճեշը հիշատակվում է VII դարից։ Նրա մասին բավական հարուստ տեղեկություններ են հաղորդում ոչ միայն հայ, այլև արաբական մատենագիրները։
 
Արճեշի քաղաքական պատմությունն ունեցել է շատ ելևէջներ։ Քաղաքի քաղաքական պատմության առաջին կարևոր իրադարձությունը դրա գրավումն էր բյուզանդական Հերակլ կայսեր (610—641) կողմից։ Հիշատակությունների համաձայն, կայսրին հաջողվել էր քաղաքը գրավել միայն երկարատև պաշարումից հետո։ Քաղաքացիներն ու կայազորը համառ դիմադրություն են ցույց տվել կայսերական բանակին, բայց վերջիվերջո տեղի են տվել։ Քաղաք մտած բյուգանդական զորքը ավերել ու կողոպտել է այն։
 
VII դարի կեսերին Արճեշը բյուզանդացիներից գրավում են արաբները, որոնք այն դարձնում են իրենց ամրացված կետերից մեկը, այստեղ զետեղելով բավական մեծաքանակ կայազոր։ Սակայն այդ բոլորովին չի խանգարել տեղի հայությանը մասնակցելու արաբական լծի դեմ ուղղված 772—775 թթ. ժողովրդական ազատագրական ապստամբությանը։ 775 թվականին Արճեշի մոտ տեղի է ունեցել այրունահեղ ճակատամարտ արաբական 30-հազարանոց բանակի և հայ ապստամբների միջև։ Հայերը կատաղի դիմադրություն են ցույց տվել, բայց թվական մեծ գերակշռություն ունեցող թշնամին ճակատամարտից դուրս է եկել հաղթանակով։ Ապստամբները պարտվել են՝ տալով 1500 զոհ։
 
Արճեշը խալիֆայության տիրապետության տակ մնում է մինչև XI գարի առաջին քառորդի վերջերը։ 1021 թվականին այն նորից է գրավվում Բյուգանդական կայսրության կողմից։ Սակայն կայսրության կազմում այս անգամ Արճեշը մնում է ընդամենը 32 — 33 տարի։ Սելջուկները դեպի Հայաստան կատարած իրենց երրորդ արշավանքի ժամանակ՝ Տուղրիլ սուլթանիհրամանատարությամբ 1054 թվականին 8 օր տևած պաշարումից հետո գրավում ու ավերում են այն։
 
Սելջուկյան կայսրության մասնատումից հետո, Արճեշը նախ (1110 թ.) մտնում է Շահարմենների սուլթանության, ապա (1208 թ.) Էյուբյանների էմիրության մեջ մինչև մոնղոլական լծի հաստատումը (1244թ.)։
 
Թշնամական հարձակումներից բացի, Արճեշը մի քանի անգամ ավերվել է կործանիչ երկրաշարժերից։ Քաղաքին առանձնապես մեծ վնասներ են պատճառել 1276 և 1715 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերը, որոնց հետևանքով փլվել են բազմաթիվ շենքեր և զոհվել բավական թվով մարդիկ։
 
X—XIII դարերի համեմատությամբ, հետագայում Արճեշն ընդհանուր առմամբ ավելի անշուք էր և ավելի սակավամարդ։ XVIII դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և XIX դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։
 
Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը, որը XIX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ, մեծ մասը`   հայեր։ Իսկ XX դարի սկզբներին՝ ընդամենը 260 տուն հայ և քուրդ բնակիչ։
 
Բնակչության զբաղմունքներն էին երկրագործությունը, այգեգործությունը, գինեգործությունը, ձկնորսությունը, առևտուրը։ Իսկ քրդերը հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ։ Արճեշի հայ առևտրականները Պոլսից, Էրզրումից, Վանից, Անդրկովկասի քաղաքներից ներմուծում էին զանազան ապրանքներ՝ կտորեղեն, նավթ, շաքար և այլն։ Քաղաքի համար առանձնապես կարևոր նշանակություն էր ստացել դեպի Վան տանող սայլուղին, որը, մասամբ տնտեսական և մասամբ էլ ռազմական նպատակներով, XIX դարի երկրորդ կեսին խճապատել էին: Քաղաքի հայ բնակչությունը ցեղասպանության ենթարկվեց թուրքական ջարդարարների ձեռքով առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ մի կերպ փրկվածներն ապաստան գտան հիմնականում Սովետական Հայաստանում։
 
Քաղաքն ունեցել է երկու եկեղեցի։ Նրա մոտ էր գտնվում Մեծոբա հայտնի վանքը, XV դարի պատմագիր Թովմա Մեծոբեցու կրթարանը և գործավայրը։ Արճեշը XV դարում հայկական մշակույթի կենտրոններից էր`   գրչության կարևոր օջախ, որի հետ է կապված մի ամբողջ շարք ձեռագրեր ընդօրինակած գրիչներ Ազարիայի, Ստեփանոսի, Սիմեոն Արճիշեցու, Գրիգոր Տաուշեցու և ուրիշների գործունեությունը։ Ականց–Արճեշ քաղաքում է ծնվել հայ ականավոր զորավար, 1941—1945 թթ. Հայրենական պատերազմում փառաբանված գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: