Հանրագիտարան

Արդահան

Արդահանը արևմտահայերեն տառադարձությամբ գրվել է Արտահան ձևով և կոչվել է նաև Քաջաց քաղաք, Քաջաց բերդ: Այն իր բազմադարյան պատմության ընթացքում գրեթե միշտ եղել է գավառական տիպի քաղաք, համեմատաբար սակավ բնակչությամբ։ Այդ է պատճառը, որ հաճախ հիշատակվում է նաև իբրև քաղաքավան, ավան, բերդավան, գյուղաքաղաք։

Գտնվում է Կուրի վերին հոսանքի շրջանում, Արդահանի սարահարթում։ Շրջապատված է կաղնիների անտառով։ Քաղաքից հարավ կա մի արհեստական լճակ, որը դժվար է ասել, թե երբ է կառուցվել։ Կլիման ցուրտ է, ձմեռը տևում է 7-8 ամիս և տեղում է առատ ձյուն։ Ջրառատ է։ Քաղաքը երկու մասի է բաժանված Կուր գետով։

Հնում Արդահանը Մեծ Հայքի Գուգարք աշխարհի համանուն գավառի կենտրոնն էր, հետագայում մտնում էր Էրզրումի նահանգի մեջ, իսկ 1878 թվականից մինչև առաջին համաշխարհային պատերազմի վերջը՝ Կարսի մարզի Արդահանի օկրուգի կենտրոնն էր։
 
Արդահանի բնակչության քանակի վերաբերյալ շատ թե քիչ արժանահավատ տվյալները վերաբերում էին XIX—XX դարերին։ 1828—29թթ. Արդահանում կար 400 ընտանիք, մեծ մասր հայեր։ XIX դարի վերջերին քաղաքի ընտանիքների թիվը հասնում էր 600–ի, որից 380–ը հայեր, իսկ մնացածը ռուսներ, հույներ, թուրքեր և այլք։ 1897-ին նրա բնակչության թիվը հասնում էր մոտ 4000 մարդու, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ 4113 մարդու, որից 2063 ը՝ հայեր4, Քաղաքը ռուսների կողմից 1829 թվականին ազատագրվելու ժամանակ նրա բնակիչներից շատերը, գերազանցապես հայերը, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում։
 
Արդահանում հայերը բնակվում էին քաղաքի նոր թաղում, իսկ ռուսները (մոլոկաններ), թուրքերը և մասամբ հույները`   գերազանցապես հին թաղում։
 
Հայերի հիմնական զբաղմունքներն էին առևտուրն ու արհեստները՝ դարբնությունը, պղնձագործությունը, հյուսնությունը, ջուլհակությունը և այլն։ Մեծ թվով բնակիչներ զբաղվում էին գյուղատնտեսությամբ՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Այստեղ XX դարի սկզբներին կային 5 ոչ մեծ գործարան ու ֆաբրիկա՝ աղյուսագործական, կաշեգործական, տեքստիլ ձեռնարկություններ։ Այդ նույն ժամանակներում քաղաքում կային մոտավորապես 150 արհեստանոց, խանութ ու կրպակ։ Արդահանի պատմական հուշարձաններից ու հնություններից ուշադրության արժանի են բերդը, եկեղեցիները, Կուրի վրայի կամուրջները, շրջակայքի ամրոցների մնացորդները և ռուս-թուրքական 1877 — 78 թթ. պատերազմում զոհված զինվորականներին նվիրված հուշարձանը։
 
Բերդը գտնվում է պարսպապատ քաղաքի կենտրոնում, բարձր ու դժվարամատչելի ժայռաբլրի վրա։ Դրա կառուցման ժամանակը հայտնի չէ։ Միայն կարելի է պնդել, որ գոյություն ուներ հին ժամանակներից և վերափոխվել, ավելի էր ամրացվել Բագրատունիների օրոք։ Մինչև նոր ժամանակները կանգուն էին նրա պաշտպանական պարիսպներն ու բուրգերը։
 
Արդահանի բերդը գրավում է եռանկյունաձև տարածություն, որի երկարությունը («ներքնաձիգը») հասնում է մոտավորապես 170 մետրի։ Պարիսպները կառուցված են որձաքարի մեծ կոշտերից, իսկ բուրգերն ու դռների կամարները՝ սրբատաշ քարից և աղյուսից։ Բագրատունիներից հետո՝ XI դարում, Արդահանի բերդը գրավել են վրաց Բագրատունիները, հետագայում մի քանի անգամ անցել է ձեռքից ձեռք, իսկ XVI դարում, Սուլեյման 1–ինի օրոք նվաճվել օսմանյան թուրքերի կողմից։ Բերդն ուներ մի քանի դռներ։ Նրա արևմտյան դռան վրա քանդակված է Բագրատունիների զինանշանը՝ առյուծ, իսկ ներսում կան վիմագիր զանազան արձանագրություններ ու խաչքարեր։ Բերդում կային մզկիթ, որը XIX դարում կիսավեր վիճակում էր, բաղնիք, զանազան շինություններ ու քարակերտ աստիճաններ։ 1828 —29թթ. և 1877—1878 թվականներին, ռուս–թուրքական պատերազմների ժամանակ, Արդահանի բերդը երկու անգամ ազատագրվում է թուրքական լծից, բայց հետագայում այն նորից է անցել թուրքերին։ Ներկայումս կիսակործան է, բայց դիտողի վրա, այնուամենայնիվ, թողնում է մեծ տպավորություն։
 
Արդահանի հայկական եկեղեցիները թվով երկուսն էին, որոնք հին էին և կոչվում էին ս. Աստվածածին ու ս. Գևորգ: Դրանք կանգուն էին և գործում էին մինչև առաջին համաշխարհային պատերազմի տարիները։
 
Քաղաքի հին և նոր թաղերը իրար հետ կապվում էին Կուրի վրա գցված երկաթե երկու մեծ կամուրջներով, որոնք կառուցվել էին XIX դարում։
 
Արդահանն ընդհանրապես բարեկարգ քաղաք չի եղել։ Նրա բնակելի շենքերը գաճաճ էին ու անշուք։ Այստեղ 1892 թվականին տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով ոչնչացել են բավական քանակությամբ շենքեր, իսկ թուրքական կառավարությունը հայերին արգելում էր նոր շենքեր կառուցել հների տեղում։ Քաղաքի նոր թաղը փաստորեն ծնունդ էր առել այդ աղետաբեր հրդեհից հետո։ Նոր թաղում էին գտնվում փոստ հեռագրատունն ու բանկի շենքերը, շուկան, դպրոցները և այլ կառույցներ ու հիմնարկներ։
 
Քաղաքն ուներ երկդասյան և հայոց ծխական դպրոցներ։ Այստեղ XIX դարի վերջին և ХХ-ի սկզբին գործում էր թատերական ինքնագործ խումբ։ Արդահանում է ծնվել ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից–անդամ մեխանիկ Բ. Լ. Աբրահամյանը։
 
Ներկայումս Արդահանը գավառական փոքր քաղաք է, համանուն գավառակի (կազայի) կենտրոնը։ 1960 թ. նա ուներ 7228 բնակիչ՝ թուրքեր և քրդեր։ Քաղաքում գործում են կաշվի, կոշիկի, բրդյա տեքստիլի և գյուղատնտեսական գործիքների արտադրության փոքրիկ ձեռնարկություններ, որոնք սովորական արհեստանոցներից շատ քիչ են տարբերվում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: