Հանրագիտարան

Անի

Հայոց հին մայրաքաղաքների շարքի մեջ ամենից սիրվածը թերևս Անին է։ Անին գտնվում էր Ախուրյան գետի բարձրադիր աջ ափին, ՀՍՍՀ Անիի շրջանի Խարկով գյուղի դիմաց, երեք կողմերից խոր ակոսված սարահարթակի վրա։

Անիի գրաված տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են մեծ հնություն ունեցող կիկլոպյան կառույցների մնացորդներ, ինչպես և VIII-—VII դդ. (մ.թ.ա) դամբարանադաշտ։

Իբրև սովորական ամրոց, Անին հիշատակվում է V դարից: Այն Շիրակ գավառի հետ միասին պատկանում էր Կամսարական նախարարական տանը։ VIII դարի վերջերին իրենց նախկին նշանակությունը կորցրած Կամսարականները Շիրակն ու Անին վաճառում են Բագրատունիներին։
 
Անիի զարգացումն ու ծաղկումը սկսվում է 961 թվականով, երբ այն Բագրատունի Աշոտ 3-րդը դարձնում է պետության մայրաքաղաք։ Ընդամենը 40 — 50 տարվա ընթացքում հասարակ գյուղաքաղաքից Անին վերածվում է երկրի և Մերձավոր արևելքի խոշորագույն քաղաքներից մեկի։ 961 —1020 թվականների ընթացքում կառուցվում են քաղաքի ներքին (կամ Աշոտյան) ու Արտաքին (կամ Սմբատյան) պարիսպները, Մայր տաճարը, Գագկաշեն ու Ապուղամրենց և այլ եկեղեցիներ, քարավանատներ ու հյուրանոցներ, արքունի պալատը, ժայռափոր կացարաններ, բնակելի շենքեր, բաղնիքներ, արհեստավորական ու առևտրական կուղպակների շարքեր և բազմաթիվ այլ շենքեր։ Անին տարածվում է նաև Արտաքին պարսպից դուրս փռված սարահարթի վրա։ Բագրատունյաց թագավորության տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի բոլոր թելերը ձգվում են դեպի Անի։ Մայրաքաղաքի հետ առանձնապես սերտ առնչություն ունեին մշակութային առումով՝ Տեկորը, Արդինան, Հոռոմոսը (Ղոշավանք) ու Խծկոնքը, իսկ պաշտպանական առումով՝ Մաղասաբերդն ու Տիգնիսը, որոնք մայրաքաղաքի մատույցները պաշտպանում էին արտաքին հարձակումներից։
 
XI դարի առաջին քառորդի վերջերից Անի–Շիրակի թագավորության ներքին կյանքում ծայր են առնում երկպառակություններ։ Տարոնի իշխանությունը (966 թ.), Տայքի կյուրապաղատությունը (1000 թ.) և Վասպուրականի թագավորությունը (1016 թ.) գրաված Բյուզանդական կայսրությունը ամեն կերպ ձգտում է նվաճել նաև Բագրատունիների Շիրակի թագավորությունը Անի մայրաքաղաքով։ Դրա հետ գրեթե միաժամանակ հասունանում էր սելջուկյան արշավանքների վտանգը։ Անին գրավելու համար Բյուզանդիան մի քանի արշավանքներ է կազմակերպում, որոնք բոլորն էլ ավարտվում են կայսերական զորքերի ամոթաբեր պարտությամբ։ Այնուամենայնիվ, կայսրությանը հաջողվում է 1045 թ. գրավել Անին։ Բայց բյուզանդական տիրապետությունը Անիում տևում է մինչև 1064 թվականը, երբ այն գրավվեց սելջուկյան սուլթան ԱլփԱրսլանի կողմից և ավերվեց։ Վերջինս 1072 թ. կիսավեր Անին վաճառում է Դվթի Էմիր Աբլ–Սվարեն, որն իր հերթին այն հանձնում է Մանուչեին։ Սկսած այդ ժամանակներից մինչև 1199 թվականը Անին գտնվում էր Մանուչեյան էմիրների տիրապետության տակ և մի քանի անգամ կարճ ժամանակով անցել է վրաց իշխանության ներքո (1124—1126 թթ., 1161 թ., 1174թ.): Զաքարյան իշխանները 1199թ. Անին ազատագրում են օտար տիրապետությունից և իբրև սեփականություն իրենց ձեռքին պահում մինչև Լենկթեմուրի արշավանքները։ Անիի ներքին կյանքի զարգացումը, սելջուկյան տիրապետության շրջանում մասնակի կանգառից հետո՝ Զաքարյանների իշխանության օրոք, մինչև մոնղոլական ծանր լծի հաստատումը, շարունակվում է բավական արագ թափով։ Այդ ժամանակներում Անիում կառուցվում են մի չարք եկեղեցիներ, իշխանական պալատներ ու բնակելի շատ շենքեր, վերանորոգվում են քաղաքի պաշտպանական պարիսպները, առանձին անհատների կողմից այդ պարիսպների ուղղությամբ կառուցվում են նոր աշտարակներ, շարունակվում է առևտրի ու արհեստագործության, մշակութային կյանքի առաջընթացը։
 
Անին արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Այստեղ զարգացած էին մետաղամշակությունը, բրուտագործությունը, շինարարական, կենցաղային, առևտուրը սպասարկող և այլ արհեստներ։ Անիի արհեստների թիվը մոտ 50–ի էր հասնում։ Դրանք իրենց ժամանակի բարձր զարգացած արվեստներն էին, որոնցից շատերի արտադրանքը մեծ համբավ ուներ ոչ միայն երկրի ներսում, այլև հարևան և հեռավոր երկրների շուկաներում։ Առանձնապես հայտնի էին գործվածքեղենը, գորգերը, մետաղյա իրերն ու զենքերը, խեցեղենը։
 
Արհեստագործությունից ոչ պակաս զարգացած էր նաև քաղաքի ներքին ու արտաքին առևտուրը։ Քաղաքն ուներ իր շուկան և քարավանատները, որտեղ կատարվում էր ներքին ու արտաքին առևտուրը։ Առևտրի հիմնական առարկաները գյուղատնտեսական մթերքներն ու արհեստավորական շինվածքներ էին։ Անին միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն էր։ Այստեղ հատվում էին քարավանային առևտրի մի շարք մայրուղիներ: Դրանցից էին՝ Անի — Տփխիս, Անի — Կարս — Կարին—Սև ծովի ափեր, Անի — Մայաֆարկին (Տիգրանակերտ) — Ասորիք, Անի— Երևան — Դվին — Թավրիզ ճանապարհները, որոնք հատկապես մեծ նշանակություն էին ձեռք բերել XI — XIII դարերում։ Անին այդ դարերում առևտրատնտեսական կապեր ուներ ոչ միայն հարևան Վրաստանի, Աղվանքի, Ատրպատականի, Պարսկաստանի, Հայաստանի արևմտյան հատվածի, Սև ծովի առափնյա քաղաքների, այլ նաև Գալիցիայի, Լեհաստանի, Հարավային Ռուսիայի, Կիլիկիայի և ուրիշ երկրների հետ։ Անիում արդեն հանդես էին եկել մեծահարուստ վաճառականներ ու առևտրականներ, որոնք միաժամանակ կալվածատերեր ու վաշխառուներ էին (Տիգրան Հոնենց, Սահմադին և ուրիշներ)։ Անիի բնակչության մի մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ հացահատիկների, քնջութի, բանջարեղենի և այլ կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
 
Անին միջնադարյան Հայաստանի մշակութային խոշոր կենտրոններից էր։ Իբրև մայրաքաղաք, այստեղ հավասարապես զարգացած էին և՛ կրթության գործն ու մատենագրությունը, և՛ գիտությունը, ճարտարապետությունն ու արվեստը։
 
Բագրատունյաց թագավորության ժամանակներում սովորական դպրոցներից բացի մայրաքաղաք Անին ուներ իր բարձրագույն դպրոցը ճեմարանը (համալսարան), որի ճանաչված դասախոսներից են եղել Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը և ուրիշներ։ Հայաստանի այլ վայրերում եղած բարձրագույն դպրոցների նման Անիի ճեմարանում նույնպես կրոնական առարկաներից բացի ավանդվում էին համարողական արվեստ (մաթեմատիկա), երաժշտություն, ճարտարապետություն և այլ առարկաներ։ Անիի մատենագիրներից հայտնի են Սամվել Անեցին և Մխիթար Անեցին։ Անիում գործում էր արքայական գրադարան։ Բագրատունի թագավորները՝ հատկապես Հովհաննես Սմբատն ու Գագիկ 2-րդը, առանձնակի ուշադրություն էին դարձնում գրի ու գրականության զարգացման վրա։
 
Մշակութային առումով հսկայական հետաքրքրություն են ներկայացնում Անիի մինչև 250–ի հասնող վիմագիր արձանագրությունները, որոնք փորագրված են պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների պատերին, եկեղեցիների ու պալատների վրա։ Դրանք հիմնականում վերաբերում են եկեղեցիներին արված նվիրատվություններին, աշտարակների, պարիսպների, պալատների, եկեղեցիների, տաճարների ու մատուռների շինությանը, վերանորոգմանը և վերաշինությանը։
 
Անին որմնանկարչության և քանդակագործության հայտնի կենտրոն էր։ Արվեստի այդ ճյուղերն այստեղ հիմնականում ունեին կիրառական նշանակություն։
 
Իր բազմադարյան պատմության ընթացքում հայ ժողովրդի ստեղծած ժառանգության մեջ ճարտարապետությունը գրավում է ամենաառաջնակարգ տեղերից մեկը, իսկ ճարտարապետության մեջ էլ, կարելի է ասել, առյուծի բաժինը պատկանում է Անիին։ Անի այցելած տասնյակ հեղինակներ, ճանապարհորդներ և ճարտարապետներ, առանց բացառության, հիացել են նրա նրբակերտ շենքերով, պաշտպանական պարիսպներով ու աշտարակներով, տասնյակների հասնող եկեղեցիներով, Ախուրյանի վրայի կամուրջներով և այլ կառույցներով։
 
Անիի մեծատաղանդ ճարտարապետներից մեկը՝ Տրդատը, որ ապրել ու գործել է X դարի վերջերին և XI դարի սկզբներին, օգտվելով մեր անցյալի ժառանգությունից, ստեղծել է մոնումենտալ շատ շենքեր (Անիի Մայր եկեղեցի, Արգինա և այլն)։ Ըստ հեղինակավոր շատ մասնագետների կարծիքի, այդ շենքերն իրենց ազդեցությունն են թողել Արևմուտքի գոթական և ռոմանական ոճերի վրա, որովհետև, ինչպես նշում են, դրանք իրենց մեջ պարունակում են վերջիններիս նախնական տարրերը։ Անիում ձևավորվեց հայ ճարտարապետության անիական ոճը, որն իր բարերար ազդեցությունն է թողեց հետագա ժամանակների հայկական ճարտարապետության վրա, և որի նշանակությունը դուրս է գալիս ազգային ճարտարապետության սահմաններից։
 
Անին XI—XIII դարերում Արևելքի խոշորագույն քաղաքների թվին էր պատկանում և ուներ շուրջ 100 հազար բնակիչ։ Քաղաքական աննպաստ պահերին Անիում ապաստան էին գտնում շրջակայքի գյուղերի տասնյակ հազարավոր բնակիչներ։
 
Անին իր կառուցվածքով հար ու նման էր միջնադարյան մյուս խոշոր քաղաքներին։ Այն բաղկացած էր միջնաբերդից, բուն քաղաքից կամ շահաստանից և արվարձաններից։ Միջնաբերդը գտնվում էր քաղաքի հարավարևմտյան ծայրին և շահաստանից բաժանված էր հատուկ պարսպով։ Միջնաբերդում էին գտնվում արքունի պալատը, եկեղեցիներ, արքունի բաղնիքը և այլ կառույցներ։ Միջնաբերդից հյուսիս-արևելք, ընդարձակ սարահարթի վրա, փռված էր բուն քաղաքը, որը նույնպես պատած էր պարսպով։
 
Անիում մի հատուկ ընդարձակ թաղամաս էր կազմում, այսպես կոչված «Ստորգետնյա Անին»՝ բնական և արհեստական հարյուրավոր քարանձավներից բաղկացած թաղամասը, որը գտնվում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի ուղղությամբ։ Այս քարայրներում կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, խանութներ ու պահեստներ, գերեզմանատուն, գաղտնարաններ։ Միանգամայն հասկանալի է, որ այդ քարայրներն օգտագործվել են նաև պաշտպանական նպատակներով։ Քաղաքն ունեցել է մի շարք դռներ՝ Դվինի դուռ, Կարնո դուռ և այլն։ Իր ժամանակի առումով Անին օժտված է եղել առաջնակարգ կոմունալ պայմաններով։ Քաղաքում կային ցանցավորված ջրմուղ, հյուրանոցներ, բաղնիքներ, մասնակի կոյուղիներ։ Քաղաքի գլխավոր փողոցները սալահատակված էին և ունեին մինչև 6 մ լայնություն։
 
Անիում իրար զուգորդում էին ճոխ առանձնատներն ու հասարակ խրճիթները։ Այնտեղ կարելի է հանդիպել շքեղ պալատներից սկսած մինչև աղքատիկ հյուղակների ու հասարակ քարանձավ–բնակարանների։
 
1238 թվականին մոնղոլները նախ պաշարեցին, ապա դավադրաբար գրավեցին ու ավերեցին Անին։ Մոնղոլական ծանր լծի հաստատմամբ, Հայաստանի մյուս ծաղկած քաղաքների հետ միասին Անիի պատմության մեջ ևս սկսում է կտրուկ ամայացման և անկման ժամանակաշրջանը։ Անիից սկսվեց զանգվածային արտագաղթ, որը սելջուկյան շրջանում դեռ այնքան էլ մեծ ծավալ չուներ։ Անին աստիճանաբար հետադիմելով, XIV դարի վերջերին արդեն դադարում է գոյություն ունենալուց։ Նրա տեղում մնում է հայկական մի խղճուկ գյուղ, որը հետագայում դարձավ թուրքաբնակ։
 
Լայն են անեցիների արտագաղթի վայրերի ու երկրների աշխարհագրական սահմանները։ Նրանք տարրեր ժամանակներում գաղթել ու բնակություն են հաստատել Նախիջևանում, Ջուղայում, Վանում, Կիլիկիայում, Կարինում, Պոլսում, Սև ծովի հարավային և հյուսիսային առափնյա քաղաքներում (Տրապիզոն, Թեոդոսիա և այլն), Աստրախանում, Արևմտյան Ուկրաինայում, Լեհաստանում, որտեղ նրանք, չնայած մոռացել էին մայրենի լեզուն, բայց մինչև մեր ժամանակները ավանդույթի ուժով իրենց համարում էին անեցիներ և հպարտանում դրանով։
 
Ավերակների կույտի վերածված Անին դարեր շարունակ դարձել էր խաշնարած ցեղերի քոչավայր։ Նրանք իրենց գոմերը, փարախները և կիսագետնափոր խրճիթները կառուցելու համար անխնա թալանում էին վաղեմի մայրաքաղաքի սքանչելի շենքերի սրբատաշ ու քանդակազարդ քարերը, ավերակների վայրում ամենուրեք ոսկի և թանկագին իրեր որոնում։
 
Չնայած դարավոր ավերումներին, այնուամենայնիվ, միջնադարյան Հայաստանի վեհաշուք մայրաքաղաքից մինչև մեր օրերը պահպանվել են ուշադրության արժանի ճարտարապետական շատ կոթողների ավերակներ ու մնացորդներ։ Անիում կային տասնյակ եկեղեցիներ։ Ավանդությունը դրանց թիվը հասցնում է նույնիսկ 1001-ի։ Եկեղեցիներ ու մատուռներ կային և բուն քաղաքում ու նրա արվարձաններում, և պաշտպանական պարիսպների աշտարակներում, և «Ստորգետնյա Անիում»։
 
Անիի եկեղեցիների թագուհին Մայր տաճարն էր, որը մասնագետներից և ճանապարհորդներից շատերը համարել են Կովկասի ճարտարապետության զարդը։ Այդ եկեղեցին նվիրված էր Աստվածածնին։ Շինարարությունը սկսվել է Սմբատ 2-րդի օրոք 989 թվականին և ավարտվել է Գագիկ 1–ինի օրոք, նրա կնոջ Կատրամիդե թագուհու հոգացողությամբ 1001 թվականին։ Ճարտարապետը հայտնի Տրդատն էր, Կոստանդնուպոլսի ս. Սոֆիա տաճարի գմբեթի վարպետ վերակառուցողը։ Տաճարի վրա կան բազմաթիվ արձանագրություններ։ Գմբեթը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում հասել են մինչև մեր օրերը։ Մայր տաճարը Անիի ամենախոշոր կառույցներից է։ Նրա հմայքը պարզության մեջ է, կեղծ կամարակալների, նրբասլաց սյուների, խոյակների ու բարձրարվեստ քանդակների մեջ։ Առաքելոց եկեղեցին, որը, հավանաբար, հիմնադրվել է 1004 թվականին, համարվում է Անիի ամենահայտնի կոթողներից մեկը։ Այժմ պահպանված են միայն եկեղեցու արևմտյան ճակատը և արևելյան հատվածի կամարները։ Երեք գմբեթներից կանգուն է միայն մեկը։ Կառուցված է սև և կարմրավուն քարերով։ Պատերին կան արձանագրություններ։ Դռան շրջանակները պատած են բարձրաճաշակ քանդակներով։ Ամենաուշ շրջանի արձանագրությունը վերաբերում է 1348 թվականին։ Ենթադրում են, որ Առաքելոց եկեղեցին կաթողիկոսարան է եղել և կարևոր դեր է խաղացել Անի մայրաքաղաքի հոգևոր կյանքում։
 
Անիում հայտնաբերված եկեղեցիներից հնագույնը պալատական եկեղեցին է, որը կառուցվել է VII դարում, իսկ հետագայում, հատկապես XIII դարում, դրան կից կատարվել են շինարարական նոր աշխատանքներ։ Եկեղեցու որմնասյուների վրա կան ուշադրության արժանի բարձրաքանդակներ։
 
Մայր եկեղեցու շինարարությունն ավարտվելուց անմիջապես հետո, Գագիկ 1-ինը 1001 թվականին սկսում է մի այլ հայտնի եկեղեցու՝ ս. Գրիգորի (որը կոչվում է նաև Գագկաշեն) կառուցումը։ Այն ավարտվել է 1010 թվականին։ Եկեղեցին եռահարկ էր, իր ճարտարապետական կառուցվածքով նման Զվարթնոցին։ Դրա ճարտարտարապետը նույնպես Տրդատն է եղել։ Տաճարն արտաքին կողմից շրջապատված էր 36 կամարներով, ուներ 36 պատուհան, երեք դուռ, որոնց շրջանակները ծածկված էին քանդակներով։ Սակայն Գագկաշեն եկեղեցին երկար չի դիմանում, տալիս է վտանգավոր ճեղքեր ու կործանվում։ Եկեղեցու պատի վրա տեղադրված էր Գագիկ 1–ի արձանը։
 
Որմնանկարներով ամենահայտնին ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր (հետագայում «Նախշլի» կոչված), որը կառուցել էր Տիգրան Հոնենցը 1215 թվականին։ Նա իր կառուցած եկեղեցուն տվել էր թանկագին սպասք, զանազան կալվածքներ։ Եկեղեցուն կից կառուցված էին օժանդակ սենյակներ և բաղնիք, որ ուներ առաձին բաժանմունքներ։ Ս. Գրիգոր եկեղեցին իր հատակագծով նման է Մայր եկեղեցուն, բայց մեծությամբ շատ է զիջում վերջինին։ Գմբեթը բազմանկյուն է՝ կոնաձև տանիքով։
 
Անիի արտաքին պարսպից դուրս գտնվում է Հովվի եկեղեցին, որը կառուցվել է XI դարում։ Եկեղեցին եռահարկ է, գմբեթով և իր մեջ պարունակում է գոթական ոճի «նախնական տարրերը»։ Հայ ճարտարապետության ականավոր պատմաբան Թորոս Թորամանյանը Հովվի եկեղեցին համարում է ճարտարապետական գոհարներից մեկը։
 
Անիում կար նաև վրացական (քաղկեդոնական) եկեղեցի, ինչպես և մի քանի մզկիթներ, որոնք կառուցվել էին XI-—XII դարերում։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Մանուչեի մզկիթը, որը կառուցվել է XI դարի երկրորդ կեսին Մանուչեի իշխանության օրոք (ավելի հին վարչական շենքի վերափոխմամբ) և նրա անունով էլ կոչվել։
 
Պաշտամունքային շենքերի հետ համեմատած, քաղաքացիական կառուցվածքները շատ վատ են պահպանվել։ Դրանցից շատերն ընդհանրապես հիմնահատակ ավերվել և անհետ կորել են։
 
Անիի քաղաքացիական շենքերից կարևորագույնը արքունի պալատն էր, որը գտնվում էր միջնաբերդում, կառուցվել էր Բագրատունիների թագավորության շրջանում, իսկ հետագայում ենթարկվել որոշ փոփոխության։ Արքունի պալատի ավերակները շատ վատ են պահպանվել։ Եղած մնացորդներն էլ թաղված էին հողի հաստ շերտի տակ և ի հայտ են բերվել ակադեմիկոս Ն. Մառի ղեկավարած պեղումների ժամանակ՝ 1907 և 1908 թվականներին։ Պեղումներով բացված է պալատի միջանցքը`   50 մետր երկարությամբ, որը պալատը բաժանում է հյուսիսային ու հարավային թևերի։ Հարավային թևի որոշ հատվածներ երկհարկանի են։ Երկրորդ հարկում սովորաբար տեղադրված են հանդիսասրահները, իսկ առաջինում տնտեսական օժանդակ սենյակներն ու պաշտպանական նպատակների ծառայող այլ բաժիններ։ Զաքարյանների իշխանության օրոք Անիում կառուցվել էին նաև իշխանական պալատներ։ Դրանցից հայտնի էին երկուսը, որոնցից մեկը, որ եռահարկ էր, գտնվում էր Ծաղկոցաձռրի կիրճի զառիթափ կողին և կոչվում էր Իշխանի կամ Պարոնի պալատ, իսկ մյուսը՝ «Սարգսի» պալատ, պեղված 1905 թվականին։
 
Անիի ավերակների ձևով մեզ հասած պաշտպանական պարիսպները վերաբերում են Բագրատունիների թագավորության շրջանին։ Քաղաքը պատած էր կրկնակի պարիսպներով, որոնցից առաջինը կառուցել էր Աշոտ 3-րդը 963 — 964 թվականներին և կոչվում էր Ներքին, Փոքր կամ «Աշոտաշեն» պարիսպ։ Ներքին պարիսպը կառուցված էր Ախուրյանի ու Ծաղկոցաձորի իրար մոտեցման վայրում։ Պարսպի աշտարակներում եղել են փոքրիկ եկեղեցիներ։ Արտաքին, Մեծ կամ «Սմբատյան» պարիսպները կառուցվել են Սմբատ 2-րդի օրոք։ Դրա շինարարությունը տևել է 8 տարի և ավարտվել է 989 թվականին։ Արտաքին պարիսպը ձգվում էր Ներքին պարսպից բավական հեռու և որոշ հատվածում կրկնակի էր։ «Սմբատյան» պարսպի երկարությունը 2,5 կմ էր, բարձրությունը՝ 8—10 մ։ Շադդադյանների ու Զաքարյանների օրոք մի քանի անգամ ենթարկվել է նորոգման։ Աշտարակներից ու բուրգերից շատերը ներսի մասից 2—3 հարկանի էին։ Դրանք ունեին հատուկ անուններ՝ Աբրահամի բուրգ, Շանուշի բուրգ, Աշոտի բուրգ, Մխիթարիչի աշտարակ և այլն։ Դրանցում տեղավորվել է քաղաքապաշտպան պահակազորը։ Արտաքին պարսպի արտաքին կողմով, դրան զուգահեռ ձգվում էր ավելի քան 500 մ երկարությամբ բավական խոր խրամը։
 
Ճարտարապետական շինարարական առումով իրենց ուրույն տեղն ունեն Անիի կամուրջները, որոնք ձգվում էին Ախուրյան գետի վրա։ Դրանք մի քանի հատ էին և հիմնականում կառուցվել էին X—XI դարերում։ Առանձնապես հայտնի էին երկու կամուրջներ, որոնցից մեկը գտնվում էր քաղաքի հարավային ծայրին ս. Գրիգոր եկեղեցուց մի փոքր հյուսիս, իսկ երկրորդը Մանուչեի մզկիթի և Մայր եկեղեցու միջև։ Առաջինից պահպանվել են միայն առանձին մնացորդներ, իսկ երկրորդի ավերակները համեմատաբար լավ են պահպանվել։ Այն ունեցել է երեք աչք, կենտրոնի կամարի թռիչքը 31,5 մ է, երկու կողմում ունեցել է երկաթագամ դռներ և փայտյա բացվող մասեր, որոնք հնարավորություն էին տալիս ցանկացած ժամանակ կամրջի ծայրային հատվածները հավաքել ու կամուրջը դարձնել անանցանելի։
 
Նշվածներից բացի, Անիում կան նաև տարբեր աստիճանի ավերված հնություններ և հուշարձաններ, որոնց ուսումնասիրությունը լրացրել է վաղեմի մայրաքաղաքի, Հայաստանի միջնադարյան մյուս խոշոր քաղաքների և, մասամբ, հարևան երկրների քաղաքների պատմության շատ հարցեր։ Դրանցից կարելի է հիշատակել ս. Հովհաննես, Ապուղամրենց, Շուշան Պահլավանու (ս. Սարգիս), Շախմատային, Զաքարեի (ս. Աստվածածին), Քարիմանդինի, Հոռոմի, Աղբերկի (ս. Աստվածածին) եկեղեցիները, վիմափոր եկեղեցիները և տասնյակ վիմափոր ու սովորական մատուռները, Բարսեղի, Ավագի, Մխիթարի և այլոց հուշարձանները, Տիգրան Հոնենցի տապանատունը, Աղջկաբերդը, «Ստորգետնյա Անին», կիկլոպյան պարիսպներն ու շինվածքների հետքերը, Մայր տաճարի ճանապարհին գտնվող ութանկյուն աշտարակի բեկորները, քաղաքի մուտքի մոտ գտնվող երկու աշտարակները (հաղթանակ կամարը) և այյն, և այլն։
 
Անիի հետ սերտորեն առնչված էին նրա շրջակայքում գտնվող Մաղաս ու Տիգնիս բերդերը և Տեկոր, Բագնայր, Հոռոմոս (Ղոշավանք) ու Խծկոնք վանքերը, բուն քաղաքի հնությունների ու հուշարձանների հետ կազմելով մի բարդ ու ճարտարապետական–պատմական առումով վերին աստիճանի հետաքրքիր համալիր, հուշարձանների ու հնությունների բնական մի վիթխարի թանգարան, որի ուսումնասիրությունը տակավին ավարտված չի կարելի համարել։
 
Բայց և այնպես Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Անիի վերաբերյալ բազմազան տեղեկություններ են հաղորդել V—XVIII դարերի հայ շատ թե քիչ հայտնի գրեթե բոլոր պատմագիրները՝ սկսած Ղ. Փարպեցուց, վերջացրած Աբրահամ Կրետացիով, չհաշված հիշատակարաններն ու մանր ժամանակագրությունները, որոնք ևս պարունակում են այդ կարգի մի շարք նյութեր ու հաղորդագրություններ։ Քաղաքի առանձին հարցեր լուսաբանվում են պեղումների ընթացքում հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների (գործիքներ, իրեր, զարդեր, արհեստավորական արտադրանքի մնացորդներ, շենքերի ավերակներ և այլն) և վիմագիր արձանագրությունների հիման վրա։ Անիի վերաբերյալ շատ են հիշատակություններն օտար աղբյուրներում`   վրացական, բյուզանդական, արաբական, պարսկական պատմագիրների ու ժամանակագիրների երկերում։
 
Անիագիտության մեծագույն երախտավորը ակադեմիկոս Ն. Մառն է, որը 1892 — 1893 և 1904 — 1917 թթ, հնագիտական պեղումներ է կատարել քաղաքի ավերակներում, մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր կարգի սկզբնաղբյուրների հիշատակությունները և դրանց հիման վրա գրել «Անի» կապիտալ աշխատությունը, որն իր մեջ ամփոփում է քաղաքի համառոտ պատմությունն ու համակողմանի հնագիտությունը։ Բայց ակադեմիկոս Մառը Անիի միայն սոսկ հետազոտողը չէ։ Նա հանգանականությամբ հավաքված և իր հնագիտական արշավախմբին տրամադրված համեստ միջոցների հաշվին զգալի վերանորոգման աշխատանքներ է կատարել`   որոշ հուշարձաններ պահպանելու համար։ Անիում ստեղծվել էին թանգարաններ (Մանուչեի մզկիթում, հատուկ այդ նպատակի համար կառուցված շենքում և Մայր եկեղեցում), որտեղ կենտրոնացրել էին արշավախմբերի ընթացքում հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները։ Նրա առաջարկով 1917 թ. ստեղծվեց Անիի գիտահետազոտական ինստիտուտը, բայց այդ նպատակի համար Պետրոգրադից Թբիլիսի ուղարկված նյութերը խառը իրադրության հետևանքով տեղ չհասան։
 
Այժմ վաղեմի մայրաքաղաքից 2—3 կմ արևմուտք գտնվող թուրքական Անի անշուք գյուղում ստեղծված է մի խղճուկ պանսիոնատ, որտեղ այցելում են զբոսաշրջիկներ ամենատարբեր եըկրներից`   Անիի ավերակները դիտելու համար, իսկ նրա հուշարձանների ու հնությունների պահպանման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ամենազոր ժամանակը և մարդու ավերիչ ձեռքը անխնա ոչնչացնում են այդ անզուգական հնություններն ու հուշարձանները։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: