Հանրագիտարան

Ակն

Ակնը հիշատակվում է նաև Մարընտունիկ անունով և Ակին տարբերակով։ Թուրքերն աղավաղելով կոչել են Էգին, իսկ այժմ՝ վերանվանել Քեմալիե։ Հավանաբար Ակն է կոչվել քաղաքի միջով հոսող Ակնաղբյուրի անվան հետ կապված։

Կիսավանդական պատմության համաձայն, Անիի ողբալի կործանումից հետո նրա բնակիչների մի մասը եկել է այստեղ և հանդիպելով սառնորակ ու քաղցրահամ աղբյուրի՝ դրա մոտ էլ հիմնել է նոր քաղաքը, այն կոչելով Ակն։ Այլ պատմության համաձայն այս քաղաքը հիմնադրել են ոչ թե անեցիները, այլ Վասպուրականի Արծրունիները, որոնք իրենց թագավորությունը 1021 —1022 թվական ներին Բյուզանդիային հանձնելով՝ Սեբաստիայի հետ միասին իբրև փոխհատուցում ստացել էին նաև Ակնի շրջանը։

Ակնի մասին տեղեկություններ են հաղորդում շատ աղբյուրներ։ Դրանցից ոմանք երբեմն այն համարել են գյուղաքաղաք, իսկ մյուսները՝ քաղաք, որ ավելի ճիշտ է։
 
Ակնը գտնվում է Արևմտյան Եփրատի (Կարասու) ափին, Տավրոսյան և Անտիտավրոսյան լեռնաշղթաների միջև, Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին։ Բարձրությունը ծովի մակարդակից ավելի քան 1000 մետր է։ Քաղաքը տեղադրված է գեղատեսիլ զառիթափ լեռնալանջի վրա, ամֆիթատրոնի ձևով։ Նրա ստորին մասը`   Եփրատի ափին տարածվող թաղերի և գետի երկու ափերով ձգվող լեռնագյուղերի բարձրադիր լանջերին եղած քաղաքամասերի բարձրությունների տարբերությունները նույնպես հասնում է 1000 մետրի։ Ցածրում, գետի ափին, հաջողությամբ աճում է խաղողը, մինչդեռ լեռնագագաթներին հաճախ նույնիսկ գարին չի հասունանում։ Քաղաքն ունի հորդառատ բազմաթիվ աղբյուրներ և աննման օդ։ Քաղաքի մեջ մի քարաժայռի տակից բխում է սառնորակ, բարեհամ աղբյուր, որ հայտնի է Ակն կամ Ակնծով անունով։ Գետակ կազմող այդ աղբյուրը միանալով Խնկաձոր կոչված առվին՝ խլացուցիչ շառաչով գահավիժելով զառիթափ լեռնալանջով՝ թափվում է Եփրատի մեջ։ Քաղաքի թաղերի միջև և շրջակայքում տարածվում են բազմաթիվ այգիներ ու պարտեզներ։ Այդ բոլորը մի առանձին հմայք են տալիս Ակնին, այն դարձնելով պատմական Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը: Քաղաքի շրջակայքում կան պղնձի երևակումներ և բովեր, որոնք մշակվել են հին ժամանակներից։
 
Հնում Ակնը մտնում էր Փոքր Հայքի Երկրորդ Հայք (ըստ Հուստինիանոսի վարչական վերափոխման՝ Երրորդ Հայք նահանգի) պրովինցիայի մեջ: Նոր ժամանակներում մտել է երբեմն Էրզրումի, երբեմն՝ Խարբերդի, երբեմն Էլ՝ Սեբաստիայի նահանգի (վիլայեթի) մեջ, լինելով Ակնի գավառակի (գավառի) կենտրոնը։ Ակնի եկեղեցական թեմն ունեցել է հայտնի առաջնորդներ, որոնցից նշանավոր է հատկապես հայկական մշակույթի երախտավոր Գարեգին Սրվանձտյանը։
 
XIX դարի սկզբին քաղաքն ունեցել է շուրջ 10000 բնակիչ, որից մոտ 5500–ը՝ հայեր, 1880 թվականի տվյալներով ունեցել է 5442 հայ և 4286 թուրք ու հույն բնակիչ, XIX դարի վերջերին նրա բնակչությունը հասնում էր 20 հազար մարդու, որի կեսը հայեր էին, իսկ մյուս կեսը՝ թուրքեր ու մասամբ հույներ2: Ակնեցիները պանդխտել են Պոլիս։ Պանդուխտների քաղաք էր Ակնը և պանդխտությունը նրա գլխավոր աղետներից մեկն էր։ Ակնեցիք ունեին իրենց բարբառը։ 1896թ. փետրվարի 3–ին թուրք հրոսակները հարձակվում են Ակն քաղաքի, իսկ քրդերը՝ նրա շրջակայքի հայկական գյուղերի (Լիճք, Բինկյան, Զմարա, Կասմա, Ապուչեխ, Կամարակապ և այլն) վրա՝ կոտորելով բնակիչներին և կողոպտելով ու հրդեհելով տները։ Միայն զոհվածների թիվը հասել էր 3000 մարդու։ Հետագա երկու տասնամյակների ընթացքում քաղաքը նորից վերաշինվել է։ Սակայն Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի հետ միասին Ակնը նույնպես ենթարկվում է 1915 թվականի մեծ աղետին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 400-ի հասնող տարագրված ակնեցի հայեր նորից են վերահաստատվում իրենց հայրենի քաղաքում, սակայն թուրքական նոր բռնությունների հետևանքով դրանց զգալի մասը լքում է Ակնը և դիմում արտագաղթի։ 1929 թվականի տվյալներով Ակնում մնացել էր միայն 41 հայ բնակիչ։ Նրա հայ բնակչության մեծ մասը գրագետ էր։
 
Ակնը վարելահող գրեթե չունի։ Նրա հայ բնակչությունը վարպետ արհեստավորներ ու առևտրականներ էին։ Գրեթե բոլոր քաղաքացիներն ունեին իրենց պարտեզներն ու փոքրիկ այգիները։ Կարևոր զբաղմունք էր նաև շերամապահությունը։ Արհեստներից տարածված էին դերձակությունը, ջուլհակությունը, կոշկակարությունը, դարբնությունը, երկաթագործությունը, մանածագործությունը և այլն։ XIX դարի վերջերում Ակնում հաշվվում էին մինչև 300 խանութներ, կրպակներ, արհեստանոցներ ու պանդոկներ։ Քաղաքն ուներ ներքին աշխույժ առևտուր։ Նրա արտահանած ապրանքներից կարևոր էին բամբակյա ու մետաքսյա գործվածքները, կաշվե ու մորթե մուշտակները և այլ ապրանքներ, որոնք հիմնականում վաճառվում էին Խարբերդում, Սեբաստիաւում, Երզնկայում և այլ քաղաքներում։
 
Ի հակադրություն վաղեմի փառքի, ներկայումս մի անշուք գավառական քաղաք է, որ ինչպես ասվեց, թուրքերը պաշտոնապես կոչում են Քեմալիե: Մեզ հետաքրքրող ժամանակներում՝ XIX դարում և XX դարի առաջին քառորդում, Ակնը ձգվում էր 4 — 5 կմ երկարությամբ, բաժանված լինելով երկու թաղի՝ Վերին և Ներքին։ Վերին թաղում էր գտնվում Բերդի աղբյուրը (Ժամու աղբյուրը)։ Քաղաքի այս թաղի հայությունը երկար ժամանակ դիմադրում էր թուրքերի հարձակումներին, սակայն 1896 թվականի կոտորածների ժամանակ գրեթե ամբողջովին բնաջնջվեց և բոլոր շենքերը հրկիզվեցին թուրքական զորքի ձեռքով, միայն մնացին ս. Աստվածածին եկեղեցու չորս պատերը, թուրքերը հայոց այդ եկեղեցու փլատակների տեղում կառուցեցին իրենց զորանոցը։ Ներքին կամ Վարի թաղն ավելի ջրառատ էր և այգիներով ու պարտեզներով հարուստ։ Այս թաղում էր գտնվում 1874 — 76 թթ. կառուցված ս. Գևորգ եկեղեցին։ Քաղաքի արևմտյան կողմը պարսպապատ էր, իսկ արևելյան կողմը բնականից անմատչելի է. այս մասում Եփրատի ապառաժոտ ու անդնդախոր ձորն է։ Ակնը մաքուր քաղաք էր, բարեկարգ, սալահատակված փողոցներով։ Տները մեծ մասամբ երկհարկ և եռահարկ էին, քարաշեն։ XIX դարի սկզբներին ուներ մինչև 2200 տուն, որոնք շինված էին առվի երկու ափերին, զառիվայր լեռան լանջին՝ աստիճաններով։ 1300 — 1321թթ. Անիից այստեղ տեղափոխված հայերը հիմնադրել էին իրենց թաղամասը ս. Հակոբ եկեղեցիով։
 
Ակնը հայտնի էր իր ճարտարապետական մի շարք կառույցներով՝ վանքերով, եկեղեցիներով, կամուրջներով, շրջակայքի հնություններով։ XI դարում Ակնում կառուցել են Նարեկա վանքը (Ռշտունիքի համանուն վանքի անունով), իսկ ավելի ուշ ս. Նշան վանքը (Վարագի ս. Նշան վանքի անունով)։ Հիշատակությունների համաձայն Ակնում եղել է Անի անունով մի բերդ։ Ուշադրության արժանի է քաղաքում բարձրացող լեռան կատարի հսկայական ժայռը, որը շղթաներով շրջափակել էին, ստորոտում գտնվող մզկիթը նրա հնարավոր փլուզումից վնասազերծելու համար։
 
XIX դարի վերջերին ուներ երկու գործող եկեղեցի՝ ս. Աստվածածին (կամ Մայր տաճար) և ս. Գևորգ անուններով, որոնցից առաջինը գտնվում էր Վերին թաղում, իսկ երկրորդը՝ Վարի: Հնում քաղաքում գոյություն ուներ նաև ս. Հովհաննես Ոսկեբերան հայրապետի անունով եկեղեցի, որ հրկիզվել էր 1655 թվականին։ Քաղաքն ուներ մի շարք մզկիթներ։ Դրանցից ճարտարապետական առումով հետաքրքրություն էր ներկայացնում միայն մեկը, որ հնում հայկական եկեղեցի էր՝ ս. Հակոբ անունով և թուրքերի կողմից վերածվել էր մզկիթի:
 
Քաղաքի բուն տարածքում Եփրատ գետի վրա կար երկու կամուրջ։ Այդ կամուրջներից մեկը քարակերտ էր, որի մի հիմքը բնական ապառաժն է, իսկ մյուսը՝ քարաշեն։ Երկրորդ կամուրջը փայտաշեն էր։ Դրանցից առաջինը կոչվել է Շրզուի կամուրջ կամ Նոր կամուրջ, իսկ երկրորդը՝ Հին կամուրջ։
 
Ակնի շրջակայքում կան մի շարք գյուղեր, քարաշեն մատուռներ-ուխտատեղեր`   ս. Հակոբ, ս. Փրկիչ, Նարեկա, ս, Կողմոս, ս. Դամինոս, ս. Թալալու և այլն։ Ակնի արվարձաններից են՝ Ինջի–դուզին, Տափուռը, Արեգին, Բերդաթաղը։
 
Ակնը նշանակալի դեր է խաղացել հայ մշակույթի զարգացման մեջ։ Նախ և առաջ հայտնի էր իր ժողովրդական երգերով, անտունիներով, տաղերով։ Ժողովրդական շատ երգիչներ է տվել Ակնը։ Նա հայոց մշակույթի պատմության մեջ իրավամբ համարվում է երկրորդ Գողթն, գուսանների նշանավոր կենտրոն, որտեղ նույնպես դարեր շարունակ պահպանվել էին ու բերնեբերան հաղորդվում էին հեթանոսական զանազան երգեր։ Գողթնի նման Ակնում նույնպես հեթանոսական կենցաղի մնացորդները պահպանվում էին մինչև մեր օրերը։
 
Ակնը գրչության կենտրոն էր։ Մեզ են հասել այստեղ գրված ձեռագրեր, հիշատակարաններ։ XIX դարում և XX դարի սկզբներին այստեղ գործում էին երկսեռ երկու վարժարան՝ Նարեկյան և Ներսիսյան, ինչպես և չորս մասնավոր դպրոցներ, որոնք բոլորը միասին 1872—73թթ. ունեին 360 աշակերտ։ Եկեղեցիներին կից XIX դարի երկրորդ կեսում գործում էին երկու «դպրատուն»։ Այստեղ կազմակերպվել էին ազգային չորս ընկերություններ՝ Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամյան և Նարեկյան։ ԱՄՆ գաղթած ակնեցիները 1945 թ. հիմնել են Ակնա Հայրենակցական միությունը։ Իսկ դրանից շատ առաջ, 1898 թ. նրանք Բոստոնում կազմակերպել էին Ակնա ուսումնասիրաց ընկերությունը։ 1870 թվականից քաղաքում լույս են տեսել «Ծաղիկ», «Եփրատ», «Մտրակ» թերթերը։
 
Ակնը տվել է հայ մշակույթի ականավոր շատ գործիչներ Ա. Արփիարյան, Մ. Մեծարենց, Գ. Զոհրապ, Սիամանթո, Ա. Չոպանյան, Մինաս Չերազ, Ն. Գալանտերյան (կոմպոզիտոր), Երեմիա Չելեպի Քյոմուրճյան, Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմելյան, Լևոն Գասպարյան (բժիշկ) և ուրիշներ։ Մասնագետ երից շատերը ակնեցի են համարում նաև միջնադարյան հայ մեծ բանաստեղծ նահապետ Քուչակին։ Մոտ 200 տարի Ակնը ամիրայական նշանավոր գերդաստաններ է տվել Պոլսին, Զմյուռնիային և վաճառաշահ այլ քաղաքների։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: