Հանրագիտարան

Ալաշկերտ

Ալաշկերտը տարբեր ժամանակներում հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք։ Այն համապատասխանում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակված Անաշա կամ Ալաշա քաղաքին, որ հետագայում հայտնի է ղարձել Վաղարշակերտ, իսկ ապա՝ Ալաշկերտ անունով։

Արևմտյան Հայաստանի հազարավոր անունների նման Ալաշկերտի անունը ևս թուրքական տիրապետության շրջանում «թուրքացվել» է։ XV դարից թուրքերն այն կոչել են Թոփրախկալա (հողե բերդ)։ Նրանք այդ անունն են տվել նաև ուրարտական ժամանակներից ժառանգված Վանի միջնաբերդին և Վաղարշավան քաղաքին (որ հետո կոչվեց Հասանկալա)։ Մասամբ այդ է պատճառը, որ որոշ ուսումնասիրողներ Վաղարշավան–Հասանկալան շփոթել են Ալաշկերտ–Թոփրախկալայի հետ։

Ալաշկերտը գտնվում է համանուն դաշտում, նրա հյուսիսային ծայրաշրջանում, Սուկավետ լեռնագագաթի ստորոտին, Արածանիի աջակողմյան վտակ Շառիան գետի վտակներից մեկի հովտում։ Ծովի մակերևույթից բարձրությունն ավելի քան 1700 մ է։ Կլիման զով է, նման Շիրակի դաշտի կլիմային։ Շրջակայքում փռված են սևահողային արգավանդ ընդարձակ դաշտեր։ Քաղաքին հարակցող վայրերն աղբյուրաշատ են, իսկ բուն Ալաշկերտը սակավաջուր է։ Հնում շրջակայքի աղբյուրներից կավե խողովակներով խմելու ջուր էին բերել քաղաք և այդ հնադարյան ջրմուղի մնացորդները նշմարվում էին մինչև մեր դարի սկիզբը։
 
Ալաշկերտը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն գոյություն ունի դեռևս ուրարտական ժամանակներից՝ VIII դարից (մ. թ. ա.): Ըստ հայկական աղբյուրների Ալաշկերտը հիմնադրվել է II դարի վերջում (մ. թ.) Վաղարշ թագավորի ձեռքով և նրա անունով էլ կոչվել է Վաղարշակերտ։ Համանուն շրջանի հետ միասին Վաղարշակերտ-Ալաշկերտը մինչև 439 թվականը պատկանում էր Լուսավորչի տան կաթողիկոսներին, որոնց վերջին ներկայացուցիչ Սահակ Պարթևի մահից հետո, նրանց պատկանող մյուս տիրույթների հետ միասին, Վաղարշակերտը նույնպես անցնում է Մամիկոնյանների ձեռքը։ VII դարում այն գրավում են արաբները, IX—XI դարերում մտնում էր Բագրատունիների թագավորության մեջ, XI—XII դարերում այստեղ իշխում էին սելջուկ թուրքերը, XIII դարի սկզբներին օտարի տիրապետությունից ազատագրվում է Զաքարյան իշխանների կողմից, սակայն նույն XIII դարում գրավում են մոնղոլները, XIV—XV դդ. ընկնում է թուրքմենական ցեղերի, իսկ դրանից հետո՝ օսմանյան թուրքերի տիրապետության տակ։ Նոր ժամանակներում Ալաշկերտը ռուսների կողմից մի քանի անգամ (1828, 1877 — 78, 1914թթ.) ազատագրվում է թուրքական լծից, բայց շատ կարճատև ժամանակով և նորից է անցնում Թուրքիայի տիրապետության տակ։
 
Ուրարտական սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկություններից և հնագիտական նյութերից երևում է, որ Ալաշկերտը VIII—VII դարերում (մ. թ. ա.) եղել է բերդաքաղաք և ուրարտական կայազորի տեղադրավայր։ Հետագայում Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Բագրևանդ ընդարձակ գավառի կենտրոնն էր և վերջինիս հետ միասին մինչև 439 թվականը, ինչպես ասվեց, պատկանում էր Լուսավորչի տան կաթողիկոսներին, իսկ դրանից հետո նախ անցնում է Մամիկոնյան նախարարական տանը, իսկ VIII դարի վերջերից, կամ IX դարից՝ Բագրատունիներին։ Ալաշկերտը զգալի դեր է խաղացել նաև իբրև հոգևոր կենտրոն։ VII դարից ի վեր, երբ Ներսես Տայեցի Շինող կաթողիկոսն այստեղ կառուցեց ս. Աստվածածին կաթողիկե եկեղեցին՝ այն դարձել էր Բագրևանդի ու Արշարունիքի եպիսկոպոսանիստը։ Թուրքական տիրապետության շրջանում Ալաշկերտը դարձյալ վարչական առումով ուներ որոշակի նշանակություն, այն Էրզրումի գավառի Ալաշկերտի գավառակի (կազա) կենտրոնն էր, որ երբեմն մտել է նաև Բայազետի գավառի մեջ, իսկ 1877—1878 թվականներին, երբ ժամանակավորապես Ռուսաստանին էր միացված Էրզրումի նահանգը և վերջինիս տարածքից կազմվել էր համանուն մարզը, Ալաշկերտը նույնանուն օկրուգի կենտրոնն էր:
 
Հին և միջնադարյան Վաղարշակերտ–Ալաշկերտի բնակչության թվի վերաբերյալ մեզ տեղեկություններ չեն հասել։ Ըստ երևույթին այդ ժամանակներում Ալաշկերտն էլ Հայաստանի միջնադարյան մյուս գյուղաքաղաքների նման ունեցել է առ առավելն մինչև 10 հազար բնակիչ։ Նոր ժամանակներում այն երբեք այդքան բնակիչ չի ունեցել։ Ըստ հիշատակությունների, XVIII դարի վերջերին Ալաշկերտն ունեցել է 1300 տուն կամ 6500 — 7000 բնակիչ (մեկ ծուխը հաշվելով շուրջ 5 բնակիչ)։ 1877—1878 թվականներին նա ուներ 1863 բնակիչ, որի մոտավորապես կեսը հայեր էին, իսկ մյուս կեսը՝ քրդեր ու թուրքեր1: XX դարի սկզբին նրա բնակչության թիվը շուրջ երկու հազար մարդու էր հասնում, իսկ մեր դարի 60–ական թվականներին մոտ 4000 մարդու, գրեթե բացառապես քրդեր ու թուրքեր։
 
Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի նման թուրքական կառավարողների գործադրած բռնությունների, հարստահարության և բացահայտ ցեղասպանության հետևանքով Ալաշկերտը զրկվել է հայ բնակչությունից։ Նրանց մի մասին այնուամենայնիվ հաջողվել է գաղթել ու բնակություն հաստատել ներկայիս ՀՍՍՀ–ի տարածքում: Այսպես, 1829 և 1878 թվականներին Ալաշկերտից բավական թվով հայեր գալիս ու բնակվում են այժմյան Մարտունու և Հոկտեմբերյանի շրջաններում։ Մարտունու շրջանում, որ այն ժամանակներում մտնում էր Նոր Բայազետի գավառի մեջ, նրանց զբաղեցրած տարածքը հայտնի դարձավ Նոր Ալաշկերտ անունով։ Մյուս համեմատաբար մեծ գաղթը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914 —1915 թվականներին։ Սակայն Արևելյան Հայաստան գաղթած բնակչությունը Ալաշկերտ ի հայ բնակչության միայն մի մասն էր կազմում, նրա մնացած մասը 1895 և 1915 թվականներին բնաջնջվեց թուրքական ցեղասպանների կողմից։
 
Առաջին համ աշխարհային պատերազմի ընթացքում ցարական կառավարությունը ջանքեր է գործադրում Ալաշկերտի հովտում 50 հազար կազակներ վերաբնակեցնելու համար`   այդ նպատակով այստեղ կառուցելով գյուղեր ու ճամբարներ, բայց 1917 թվականի ղեպքերը կասեցնում են Նիկոլայ II–ի մտադրությունները։
 
Ալաշկերտի բնակչության տնտեսությունը ոչնչով չէր տարբերվում Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ գյուղաքաղաքների տնտեսության ճյուղերից։ Այստեղ նույնպես բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը անասնապահությունը, արհեստներն ու առևտուրն էր։ Երկրագործության համար Ալաշկերտի բնակլիմայական պայմանները բացառիկ են. նրա շուրջը տարածվում են սևահողային ընդարձակ հարթություններ, որոնք իրենց բերրիությամբ ոչնչով չեն զիջում հնագույն ժամանակներից երկրագործության կարևոր շրջան դարձած Շիրակի դաշտին։ Արհեստներից Ալաշկերտում հայտնի էին պղնձագործությունը, թիթեղագործությունը, դարբնությունը, կոշկակարությունը, կավագործությունը, ներկարարությունը, համետագործությունը, զինագործությունը, դերձակությունը և այլն։ Սակայն քաղաքի արհեստագործության նշանակությունը սահմանափակվում էր համանուն գավառի շրջանակներով, արհեստավորների ու արհեստանոցների թիվը փոքր էր և նրանք հազիվ բավարարում էին տեղական բնակչության կարիքները։ Ալաշկերտը գտնվում էր Արածանի և նրա աջակողմյան վտակ Շառիանի հովտով ձգվող առևտրական քարավանային ճանապարհի վրա ու մասնակցում էր միջազգային առետրին։ Նոր ժամանակներում այստեղով էր անցնում Էրզրում—Մակու ճանապարհը։ Քաղաքն ուներ երկու շուկա, որոնցից մեկը հինն էր, որ գտնվում էր բերդի ստորոտին և ավանդության համաձայն ունեցել է 1500 կրպակ ու խանութ: Վաղեմի այս շուկայի ավերակների վայրում տարբեր ժամանակներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ արծաթյա դրամներ։ Իսկ մյուսը նոր շուկան էր, XIX դարում և XX դ. սկզբներին ունենալով 100 խանութ ու կրպակ, որոնցից 20-ը կտորեղենի և նույնքան էլ մրգավաճառի։ Քաղաքում գործում էին ճաշարաններ, չորս գինետուն, սրճարաններ և այլն։
 
Ալաշկերտի շենքերի մեծագույն մասը պարզապես գյուղական խրճիթներ էին, իսկական հյուղեր։ Սրբատաշ քարից կառուցված էին միայն մի քանի շենքեր, որոնք ոչնչով չէին փոխում գյուղաքաղաքի ընդհանուր խղճուկ տեսքը։ XX դարի սկզբներին քաղաքն ուներ մի շարք շեն ու ավերված թաղեր՝ Բելջան, Սորանցոց. Դարաղաչի, Գետի, Միրանի և այլն։
 
Ալաշկերտի հնություններից և պատմական հուշարձաններից են բերդը, եկեղեցիների ավերակները, ուրարտական սեպագիր մի քանի արձանագրություններ: Նրա բերդը, որ հիմնադրվել էր տակավին ուրարտական ժամանակներում, գտնվում էր բուն քաղաքից 2 — 2,5 կմ հեռավորության վրա, Սուկավետ լեռնագագաթի մոտ, մի սրածայր լեռան վրա։ Այն կառուցված է եղել կրաքարով և սովորական ցեխի շաղախով։ Ավանդության ասելով, որպեսզի բերդի պարիսպը չքանդվի, նրա կառուցման ժամանակ իբր շարվածքի մեջը դրել են մի ողջ աղջկա և երբ հետագայում, այնուամենայնիվ, պարիսպը քանդվել է, իբր շատերը տեսել են աղջկա գլխի տեղն ու պահպանված մազերը։ Այդ բերդը նախմեծապես տուժել էր 1828 թ. ռուսական զորքերի գրոհի հետևանքով և ապա միանգամից փլվել։ XIX դարի վերջերին դեռևս նշմարվում էին բերդի ջրատար խողովակների, գետնուղիների հետքերը, պարիսպների ավերակները, զանազան նշանակության շենքերի փլվածքները։
 
XIX դարի վերջերին և XX դ, սկզբներին տակավին պահպանվել էին նաև VII դարում կառուցված և մի քանի դար եպիսկոպոսանիստ դարձած՝ գմբեթավոր ս. Աստվածածին եկեղեցու, ինչպես նաև ս. Կիրակոս վանքի ավերակները։ Ալաշկերտը նոր ժամանակներում ուներ նաև մի կիսավեր փայտածածկ եկեղեցի, որ մի քանի անգամ քանդվել էր թուրքական և քրդական խուժանի կողմից, իսկ 1889թ.՝ հրդեհվել։ Քաղաքի ս. Խանում կոչված աղբյուրի մոտ կար ընդարձակ հին հայկական գերեզմանոց, որտեղ պահպանվել էին նաև մի ոչ պակաս հին եկեղեցու հիմնապատերը։
 
Ալաշկերտում 1880-ական թվականներին գործում էր մի հայկական վարժարան, իսկ նույն դարի վերջերին և XX դարի սկզբներին այստեղ կային երկու հայկական և մեկ թուրքական կրթարաններ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: