Հանրագիտարան

Կրոմլեխ

Կրոմլեխ - (բրետոն. crom - սեղան, lech - քար), նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ է: Սովորաբար բաղկացած են խոշոր ( մինչև 5-7 մ բարձրության), մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ կազմող առանձին կանգնած քարերից:

 Շրջանի կենտրոնում երբեմն լինում է դոլմեն կամ մենհիր: Հաճախ դեպի կրոմլեխ տանում են երկու կողմից մենհիրներով շրջապատված պողոտաներ: Կրոմլեխները պեղելիս գտնվել են քարե գործիքներ, կմախքներ և խեցեղեն: Կրոմլեխները տարածված են Եվրոպայում, Անդրկովկասում, հանդիպում են նաև Ասիայում և Ամերիկայում: Ենթադրվում է, որ կրոմլեխները ծառայել են թաղման կամ կրոնական արարողությունների համար: Այլ տեսակետի համաձայն դրանք կապված են արևի պաշտամունքի հետ և արևի տաճարներ են:

 

Կրոմլեխները Հայաստանում
Հայաստանում կրոմլեխները կազմում են ուրույն խումբ: Ունեն 3-ից 30 մ տրամագիծ, շրջանաձև շարված սև , անտաշ քարերի բարձրությունը սովորաբար չի անցնում 0,5 մետրից, առանձին դեպքերում հասնում է 3 մ: Հաճախ հանդիպում են լավ մշակված քարերով, կանոնավոր շարված պարսպով կրոմլեխներ (Աղավնատուն, Շամիրամ): Հայաստանի կրոմլեխների մեծ մասի քարերի շարքում կամ կենտրոնում կա մեկ ուղղահայաց մենհիր: Կրոմլեխները Հայաստանում հայտնի են հիմնականում Աշտարակում, Տավուշում, Սյունիքում, Սևանի ավազանում: Առանձին վայրերում հանդիպում են դամբարանաբլուրների վրա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: