Հանրագիտարան

Տաճար

Տաճարն անտիկ շրջանի պաշտամունքային կառույց է. կապվում է հեթանոսական կրոնի հետ՝ որպես ծիսական տուն, կուռքերի մեհյան, որտեղ զոհասեղան կար, և զոհ էր մատուցվում: Եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների վայր:

 

Լավագույն տաճարների նախաստեղծ հորինվածքը երկայնական կառույց է՝ սյունաշարային տարբեր համակարգերով. այդպիսի օրինակներով հայտնի են Հին աշխարհի երկրները՝ Եգիպտոսը, Միջագետքը, Հունաստանը, Հռոմը: Հին Հայաստանում նշանավոր էին Էրեբունի ամրոցի Սուսիի և Խալդիի (մ. թ. ա. VIII դար), Գառնիի (I դար) տաճարները: 
Հայկական բարձրավանդակում տաճարաշինությունը ծաղկում է ապրել մ. թ. ա. III–I և մ. թ. I դարերում: Տաճար են կոչվում հիմնականում Զվարթնոցի, Ավան-Հռիփսիմեի, Բագարանի և այլ կենտրոնագմբեթ հորինվածքով, սրբագործված վայրերում (որոնց նախապատմությունը կապված է հեթանոսական կրոնի հետ) կառուցված և Հայ առաքելական եկեղեցու մայր եկեղեցիները: Հայկական միջնադարյան տաճարները (Էջմիածնի Մայր տաճարը, Անիի Մայր տաճարը, Աղթամարը և այլն) իրենց բազմազան և ինքնատիպ հորինվածքներով քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության լավագույն նմուշներից են:
Հետագայում աստիճանաբար ընդլայնվել է «տաճար» եզրույթի կիրառման շրջանակը, իսկ նոր ժամանակներում գրեթե վերացել է «տաճար» և «եկեղեցի» հասկացությունների տարբերությունը: 
«Տաճար» արտահայտությունը կիրառվում է  և՜ որպես այլ կրոնական ուղղությունների պաշտամունքային կառույցների ավանդական անվանում (բուդդայական տաճար, Փարիզի Աստվածամոր տաճար, Վասիլի Երանելու տաճար և այլն), և՜ փոխաբերական իմաստով (սրբության տաճար, լույսի տաճար, փառքի տաճար և այլն): Հուդայականության մեջ հայտնի է միայն Երուսաղեմի տաճարը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: