Հանրագիտարան

Կոթող

Ուղղաձիգ կանգնեցրած քարե քառանիստ, բազմանիստ, կլոր սյուն կամ տախտակ է, որն ունի հիմնականում հիշատակային նշանակություն:

 

Ծագել է ուղղաձիգ կանգնեցված բրոնզեդարյան խորհրդանիշ մենհիրներից: Ժամանակի ընթացքում քարագործության զարգացման հետ կոթողները ծածկվել են պատկերաքանդակներով և արձանագրություններով (հիերոգլիֆ, սեպագիր): Կոթողների պաշտամունքային նշանակությունը երբեմն արտահայտվել է կենդանակերպ (հայկական վիշապները), երբեմն մարդակերպ (ուրարտական կուռքերը):
 
Հայկական լեռնաշխարհի կոթողների հիմնումն ու պաշտամունքը հատուկ է ուրարտական շրջանին, որ հայտնի է Ալթըն- Թեփեի պեղումների նյութերից: Վանի ուրարտական կոթողների սեպագիր արձանագրությունները ունեն պաշտոնական ռազմազեկուցային բովանդակություն և ժամանակի պետական ու շինարարական գործունեության մասին կարևոր աղբյուրներ են: Արտաշես Ա -ի հողային ռեֆորմի առթիվ կանգնեցված արամեական արձանագրությամբ քարետախտակ կոթողները սահմանաբաժան դեր են կատարել: Այս հին հայկական «արձանները» 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո հիմք են հանդիսացել հուշարձանների կազմավորման համար:
IV - VII դարերում կանգնեցվում են բազմաթիվ պատկերազարդ, նուրբ հյուսվածքային ստելաներ, սյունակոթողներ և կամարակապ կառույցներ: Հաճախ ստելաները և այլ կոթողները ավարտվում են ազատ թևերով ծավալուն խաչերով, որ փոխարինում է անտիկ շրջանի կոթողը պսակող քանդակին: Այս խաչերը հիմք են ծառայել VIII- IX դարերի նոր տիպի կոթողի՝ խաչքարի ստեղծմանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: