Հանրագիտարան

Երերույքի տաճար

Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի ՀՀ Շիրակի մարզում, Անիպեմզա գյուղի մոտ, Ախուրյանի ձախ ափին։ Կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում: Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից: Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը:

 

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա: Ունեցել է վեց սյուն: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է: Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է: Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է: Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա: Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է: Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա: Նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ: Մի քիչ ներքևում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն: Իսկ ավելի հեռու, դեպի հարավ – արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր:
Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները: Թվագրվում է մոտավորապես 5-րդ դարով: Տաճարի մասին պատմիչները լռում են: Գոնե մեզ հասած ձեռագիր մատյաններում նրա մասին որևէ հիշատակություն չի հանդիպում: Նրա մուտքերից մեկի ձախ կողմում պահպանված արձանագրությունից տեղեկանում ենք, որ 11-րդ դարում Բարգրատունյաց Հովհաննես – Սմբատ արքայի կինը ներդրումներ է կատարել՝ տաճարի վերանորոգման համար: 2010-2011-ին աշխատել են Շիրակի Երկրագիտական թանգարանի և Ֆրանսիայից՝ Պրովանսի համալսարանին կից գործող “Միջերկրականի շուրջ գտնվող երկրների միջնադարյան հնագիտության լաբորատորիայի” մասնագետները:
 
Եկեղեցին գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան: Դրանք, ինչպես նաև դրանց կապը տաճարի հետ մասնագետներն առայժմ համարում են առեղծվածային: Երերույքի տաճարի տարածքում չնայած նախկինում շուրջ մեկ դար աշխատել են հնագետները, սակայն նրանց ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփ հրատարակված չեն:
 
Տաճարի հարևանությամբ՝ գետնի վրա նկատելի են անցքեր, որոնց ներքևում բավականին ընդարձակ սրահներ կան: Երկու քարայրների մուտքերը ավելի ցածրադիր մասում են: Նրանցից մեկի մուտքը փլուզված է և դժվարությամբ կարելի է ներս մտնել: Իսկ վերը նշված անցքերը երդիկի դեր են կատարել:
 
Դրանց շնորհիվ այրերի ներսում բավականին լուսավոր է: Պատերի վրա փորվածքներ են արված այնպես, որ կարելի է նստել կամ ինչ որ առարկաներ դնել: Սրահներից մեկում իրար դեմ դրված են քարի կտորներ, որոնք արտաքնապես նման են սեղանի և թիկնակներով երկու աթոռի: Սակայն, հավանաբար, սրանք ինչ–որ շինության բեկորներ են եղել:
2011-ին կատարված պեղումների ժամանակ (պեղվել են եկեղեցու հարավային եզրի տարածքը) նկատվել էին վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ: Դա շատ ընդարձակ մի դամբարանադաշտ է, որտեղ 7-8 պատվանդան կա: Դրանք քառակուսի են, որոնց վրա հավանաբար եղել են բարձր հուշարձաններ՝ սյան կամ կոթողի ձևով, այսինքն ամեն մի պատվանդանի վրա պետք է պատկերացնել խորանարդ հիմք, որի վրա բարձրանում է քառակող մի կոթող կամ ութանիստ սյուն: Դրա վրա ևս մի խոյակ կա՝ ծայրին քարե նախշ: Դեռևս հայտնի չէ, թե ինչի համար են դրանք կանգնեցվել՝ արդյոք մահարձանայի՞ն հուշարձաններ են, թե՞ խորհրդանշական: Հայտնի չէ նաև դամբարանադաշտի ու բազիլիկի ժամանակագրական և գործառութային կապը:
 
Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ: Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ: Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրի Տոնապետյանը, 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում: Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել: Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում: Իսկ ֆրանսիացի մարդաբան Պոլ Բելեն նշել է, որ լավ պահպանված կմախքները և ընդհանուր գերեզմանները հարուստ նյութեր են տալիս՝ թաղման հայկական ծեսերի մասին պատկերացում կազմելու, ինչպես նաև թվագրման համար: Մի քանի թաղումներում գտնվել են երեխաների կմաղքներ, որոնք փաթաթված են եղել պատանով: Թաղման կարգը նույնն է, ինչ Ֆրանսիայում՝ երեխաները պառկած են մեջքի վրա, գլուխը դեպի արևմուտք, ձեռքերը՝ կրծքի վրա խաչված, կամ մեկը դեպի վիզը, մյուսը՝ դեպի որովայնը ձգված: Դա ընդհանուր քրիստոնեական երևույթ է: Ավելի խոր, հետևաբար՝ երևի ավելի հին շերտում հայտնաբերվել են մեծ դամբարաններ՝ հավանաբար մեծահասակների: Դատելով շարվածքից ու քարերի դասավորությունից՝ ենթադրվում է, որ այնտեղ թաղվածները հասարակ մարդիկ չեն:
Այս ու այնտեղ սփռված քանդակազարդ քարերը ցույց են տալիս, որ այստեղ բացառապես վաղ քրիստոնեական շրջանի մնացորդներ են: Այսինքն միջնադարյան և ուշ միջնադարյան հետքեր շատ քիչ կան: Կարելի է ասել, որ այս համալիրն ապրել ու զարգացել է վաղ քրիստոնեական, նախաարաբական շրջանում: Հետագայում ևս իր գործունեությունը ծավալել է հատկապես Անի մայրաքաղաքի ծաղկման շրջանում՝ 10-11-րդ դարերում, նաև ավելի ուշ՝ 13-րդ դարում, սակայն նվազ աշխուժությամբ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: