Հանրագիտարան

Տուֆ

Տուֆը (փխրաքար) առաջանում է ցամաքում հրաբուխների ժայթքման շիկացած նյութերի բեկորների թրծման-եռակցման (հրաբխային տուֆ) և դրանց`   ջրային ավազաններում նստվածքներով ցեմենտացման (տուֆիտ) հետևանքով:

Ապարային միացություններ են: Հրաբխային տուֆերը կարող են ունենալ տարբեր որակական հատկանիշներ: Հայաստանում կան տուֆի տասնյակ հանքավայրեր: Ըստ հատկանիշների՝ հայկական տուֆերը բաժանում են 5 տեսակի՝

 

- Անիի (դեղնա նարնջագույն երանգների),

- Արթիկի (վարդագույն, մանուշակագույն երանգների),

- Երևանի (կարմիրի տարատեսակներ, սև, անցումնային շագանակագույն երանգներ),

- Բյուրականի (վարդագույն՝  սև բծերով, մուգ մոխրագույն՝ սև բծերով),

- Ֆելզիտային (նախշավոր):

 
Տուֆը հիանալի շինանյութ է, համեմատաբար հեշտ կտրվում ու սղոցվում է, բայց և բավականաչափ ամուր է ու լավ է դիմանում եղանակի փոփոխություններին: Ծակոտկենության շնորհիվ տուֆը ձմռանը շենքի ներսը պահպանում է ցրտից, ամռանը՝ շոգից:
 
Տուֆե պատերը «շնչում են», այսինքն՝ դրանց միջով բնական օդափոխություն է կատարվում: Շատ երկրներում, որտեղ բնական շինաքարեր չկան, մարդիկ ստիպված են դրանք պատրաստել արհեստական եղանակով, օրինակ`    աղյուսը կաղապարում են կավից և թրծում վառարաններում: Մինչդեռ տուֆը բնությունն ինքն է թրծել հրաբխի կրակով, իսկ գեղեցկությամբ այն նույնիսկ չես համեմատի աղյուսի հետ:  
 
Հրաբխային ծագման այդ ապարը մեր երկրում կիրառվող հիմնական շինաքարն է: Տուֆի գեղեցիկ գույների հարուստ ընտրությունը թույլ է տալիս օգտագործել այն ներքին հարդարման համար։ Դեռ հնում հայերը գնահատել են տուֆի արժանիքները և դարեր շարունակ օգտագործել որպես շինանյութ, ստեղծել են ճարտարապետական կոթողներ:
 
Ներկայումս նույնպես տուֆը լայնորեն օգտագործվում է շինարարության, քանդակագործության, կիրառական արվեստի և այլ բնագավառներում: Արտադրվում են ոչ միայն որմնաքարեր, այլև երեսպատման գեղազարդիչ սալեր, իսկ տուֆի խիճն ու ավազը թեթև բետոնների լավ լցանյութ են: Հայկական տուֆերն առաքվում են մի շարք երկրներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: