Հանրագիտարան

Ադամանդ

Ադամանդ (հին հուն. «անկոտրելի» բառից), ածխածնի ալոտրոպ վիճակը, որը հանդիպում է որպես հանքանյութ։

 

Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։ Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում է գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։ Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։

 
Գնահատում
 
Թանկարժեք քարերի քաշն ընդհանրապես որոշվում Է կարատներով (իտ.՝ carato, եղջրենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր)։ Մեկ կարատը մոտավորապես 0,2 գրամ է։ Գոյություն ունի առևտրային գնացուցակների համակարգ, ըստ որի՝ որոշվում Է այս քարերի արժեքը։
 
Աադամանդը նկարագրում են՝ հիմք ընդունելով դրա չորս հիմնական բնութագրերը՝ գույնը (colour), մաքրությունը (clarity), երեսակումը (cut) և քաշը՝ կարատը (carat)։ Այս բնորոշումներին համապատասխան դասակարգումն ունի 4C անվանումը։
 
Մեկ կարատ քաշով ալմաստը կարող է արժենալ 350-ից 3000 դոլար, նույն քաշի ադամանդը կարժենա արդեն 3000-ից 7000 դոլար։ Ադամանդի գնահատումը կատարվում է «Տավերնեի օրենքով»։ Ըստ դրա՝ քարի գինը հավասար է բյուրեղի զանգվածին՝ մեկ կարատի հիմնական գնով քառակուսի աստիճան բարձրացված։
 
Մշակում
 
Ադամանդներն ունեն մշակման դասական եղանակ։ Թանկարժեք քարերն այնպես պետք Է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա։
Կա ադամանդների մշակման երկու հիմնական եղանակ՝ ադամանդի երեսակում և վարդաձև երեսակում։
 
Մշակման առաջին ձևի կիրառման դեպքում ադամանդը երեսակվում է երկու բազմանիստ բուրգերի (ինչպես ամբողջական, այնպես էլ հատած) տեսքով։ Այդ բուրգերը հանդես են գալիս որպես հիմք։ Բուրգերի գագաթի և պավիլիոնի երեսակները դասավորված են մի քանի շարքով։ Ավելի տարածված է դրանց եռաշարք դասավորությունը։
 
Լրիվ երեսակման դեպքում ադամանդը սովորաբար ունենում է 57 երեսակ, ավելի պարզ երեսակման դեպքում՝ 17։ Վարդաձև երեսակված ադամանդն առանձնանում Է հարթ հիմքով, քարի ներքևի մասը բաղկացած Է մանր եռանկյուն եզրահատածներից։ Հայտնի ադամանդներից հենց վարդաձև է երեսակված «Օռլով» ալմաստը։ Ի դեպ՝ վարդաձև երեսակված ադամանդը ճիշտ է ալմաստ անվանել։
 
 
Ադամանդին առնչվող հավատալիքներ
 
Ադամանդին առնչվող կան մի շարք հավատալիքները։ Այսպես, ադամանդը համարվում է արևի քար, այն շնորհում է առաքինություն, տղամարդկություն և հաղթանակ, վանում Է մեղքերը։ Հանցագործի ձեռքին ադամանդը գործում Է նրա իսկ դեմ։
 
Երբեք երջանկություն չի բերում նրան, ով այն գնել է. դրանք անհրաժեշտ է նվիրել։ Իր ներսում բծեր ունեցող ադամանդը համարվում Է ճակատագրական քար։ Ըստ Բուֆլերի՝ «Երջանկությունը նման է ադամանդի, բավականությունը՝ ջրի կաթիլի», իսկ ըստ Կոկո Շանելի՝ «Ադամանդներն առավելագույն արժեք են նվազագույն չափերի մեջ»։
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: