Հանրագիտարան

Պղինձ

Պղինձը կարմիր, կռելի, փափուկ մետաղ է: Այն բնութագրվում է մեծ խտությամբ, հալման և եռման բարձր ջերմաստիճաններով: Լավ ջերմա-էլեկտրահաղորդիչ է, քիմիապես քիչ ակտիվ:

Պղինձը բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Դեռևս քարեդարյան մարդը կարող էր քարե գործիքների օգնությամբ բնածին պղնձին իր ուզած ձևը տալ: Պղնձից կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումով սկսվել է պղնձի դարը, որը տևել է մինչև մ. թ. ա. IV հազարամյակի վերջը:

 

Հին եգիպտացիները պղինձն ստանում էին Սինայի թերակղզու, հույները՝ Կիպրոսի (այստեղից էլ՝ պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», քիմիական նշանը՝ Cu) հանքերից: Մ.թ.ա. III հազարամյակում հայտնաբերվել է անագի, կապարի և այլ մետաղների հետ պղնձի համաձուլվածքը՝ բրոնզը, սկսվել է բրոնզի դարաշրջանը:
 
Պղինձը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, այդ հատկությամբ զիջում է միայն արծաթին: Պղինձը սառեցնելիս կարծրանում է, փափկությունը վերականգնում են ջերմամշակմամբ: Պղինձը քիմիապես պասսիվ է: Չոր օդում չի օքսիդանում, խոնավության առկայությամբ պատվում է հիմնային կարբոնատի՝ (CuOH) 2CO3-ի կանաչ շերտով: Պղնձի միացությունները թունավոր են:
 
Պղնձի միացություններն օգտագործվում են անօրգանական ներկեր, արհեստական մետաքս ստանալու, բույսերի հիվանդությունների, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար, կաշվի և մորթու արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ:
 
Պղինձը կարևոր կենսատարր է, այն մտնում է ֆերմենտների բաղադրության մեջ և մասնակցում բազմաթիվ կենսական շարժընթացների: Պղինձ միկրոտարրը խթանում է բույսերի աճն ու զարգացումը, բարձրացնում՝  ցրտադիմացկունությունը:
 
Պղնձի անբավարարության դեպքում որոշ բույսեր հիվանդանում են, մարդկանց և կենդանիների մոտ առաջանում է սակավարյունություն, արագանում են օքսիդացման շարժընթացները, թուլանում է ոսկրածուծի արյունաստեղծ գործառույթը: Պղնձի մեծ պարունակությունը, սակայն, նույնպես վնասակար է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: