Հանրագիտարան

Ոսկի

Ոսկին (լատ.`   աուրում) քիմիական տարր է, որի նշանն է Au, ատոմային թիվը՝ 79: Այն համեմատաբար փափուկ, ծանր (p=19,32 գ/սմ3), դեղին մետաղ է: Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է`   1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարուրությամբ լար:

Ոսկին ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, սակայն զիջում է արծաթին: Քիմիապես պասսիվ է, նույնիսկ խոնավության առկայությամբ չի օքսիդանում: Չի լուծվում ջրում, ալկալիներում և թթուներում, սակայն լուծվում է արքայաջրում (աղաթթու-ազոտական թթու-ջուր):

 
Ոսկին մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է: Բնության մեջ ոսկին հանդիպում է և՛ բնածին, և՛ քիմիական միացությունների ձևով: Բնածին ոսկու խոշոր կտորներին տրվում են հատուկ անուններ և պահվում են թանգարաններում:
 
Ավստրալիայում հայտնաբերված ամենախոշոր կտորները՝ «Հոլտերմանի սալը» (93,5 կգ) և «Ցանկալի անծանոթը» (71 կգ) չեն պահպանվել: Ռուսաստանում բնածին ոսկու ամենախոշոր (36 կգ) կտորը գտնվել է Ուրալում 1842թ.-ին և կոչվել է «Մեծ եռանկյուն»:
 
Աշխարհում ոսկու հիմնական պաշարները գտնվում են Ռուսաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Կանադայում: Կենսոլորտում ոսկին տեղաշարժվում է օրգանական միացությունների և գետաջրերի հետ: Որոշ բույսեր, օրինակ՝ ձիաձետը և եգիպտացորենը կուտակում են ոսկի:
 
Ոսկին օգտագործվում է զարդեր պատրաստելու, զարդարանքի և սպասքի առարկաները ոսկեզօծելու, ոսկու համաձուլվածքներն օգտագործվում են դրամ, մեդալներ հատելու, ատամնապրոթեզային սկավառակներ պատրաստելու համար, միացությունները՝ լուսանկարչության և բժշկության մեջ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: