Հանրագիտարան

Երկաթ

Երկաթը քիմիական տարր է, որի նշանն է Fe, ատոմային թիվը՝ 26: Երկաթը պարբերական համակարգի ութերորդ խմբի տարր է: Այն սպիտակ, արծաթափայլ, պլաստիկ մետաղ է:

Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքներն ընդգրկված են սև մետաղաձուլության մեջ: Կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումը երկաթից սկիզբ դրեց երկաթի դարին, որը հաջորդեց բրոնզի դարին: Հայկական լեռնաշխարհում երկաթագործությունը բարձր զարգացման է հասել ուրարտական ժամանակաշրջանում:

 
Երկրակեղևում իր պարունակությամբ (4,65% ըստ զանգվածի) երկաթը մետաղների մեջ գրավում է երկրորդ տեղն ալյումինից հետո: Բնության մեջ երկաթը բնածին վիճակում հազվադեպ է հանդիպում: Այն հիմնականում տարածված է միացությունների ձևով:
 
Հայտնի է երկաթ պարունակող 300 միներալ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն գորշ երկաթաքարը (լիմոնիտ՝ Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (արյունաքար կամ հեմատիտ՝ Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ՝ Fe3O4), երկաթի կամ ծծմբի հրաքարը (պիրիտ՝ FeS2), երկաթի սպաթը (սիդերիտ՝ FeCO3 ), երկաթի սուլֆիդը (FeS):
 
Երկաթի համաշխարհային ընդհանուր երկրաբանական պաշարները կազմում են մոտ 400 մլրդ տ: Խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ավստրալիայում և այլ երկրներում: Երկաթի հանքեր կան նաև Հայաստանում:
 
Երկաթ պարունակվում է նաև կենդանի օրգանիզմներում, առկա է արյան հեմոգլոբինի բաղադրության մեջ: Այն տեղափոխում է թթվածինը թոքերից դեպի հյուսվածքները, նյութափոխանակության արգասիք ածխաթթվական գազը՝ հյուսվածքներից դեպի թոքերը:
 
Երկաթը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, շատ պլաստիկ է, ուստի հեշտությամբ գլանվում, ձգվում և կոփվում է: Երկաթը մագնիսանում է և ապամագնիսանում, այդ պատճառով լայն կիրառություն ունի տարբեր էլեկտրական սարքերում ու մեքենաներում:
 
Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է գլխավորապես զանազան նյութերի՝ ազոտի, թթվածնի, ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի, ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած: Դրանց նույնիսկ չափազանց փոքր քանակները խիստ փոխում են երկաթի հատկությունները:
 
Այժմ գիտնականներն ստանում են երկաթի այնպիսի տեսակներ, որոնք չեն ժանգոտում, չեն վախենում կրակից ու թթուներից, ինչպես նաև վերադասավորում են իրենց ատոմներն այնպես, որ տասնապատիկ անգամ ամուր դառնան:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: