Հանրագիտարան

Արծաթ

Արծաթն ազնիվ, թանկարժեք, սպիտակափայլ, գեղեցիկ տեսքով մետաղ է: Արծաթի քիմիական նշանն է Ag, ատոմային թիվը՝ 47։

Արծաթի խտությունը 10,5 գ/սմ3 է, կարծրությունը`   25 կգուժ/մմ2: Արծաթը կտրվում է դանակով,1գ-ը ձգվում է շուրջ 1800 մետր և գլանվում մինչև 0,00025 մմ հաստությամբ նրբաթիթեղի: Անդրադարձման գործակիցը 95-97% է, կայուն է հիմքերի, օքսիդների, կոռոզիայի նկատմամբ, բայց լուծվում է խիտ ազոտական թթվում, կալիումի ցիանիդի լուծույթում, օդի աննշան ծծմբային գազից սևանում է:

 

Արծաթից պատրաստում են սեղանի սպասք և տարբեր զարդարանքներ: Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր: Մ.թ.ա. 2500թ.-ին շատ երկրներում արծաթն օգտագործվել է որպես մետաղադրամ: Արծաթից պատրաստված գեղարվեստական առարկաներ են գտնվել նաև Էրեբունիում, Երզնկայում (մ. թ. ա. V-IV դարերում), Արտաշատում (մ. թ. ա. II-I դարերում):
 
Բնության մեջ արծաթը հանդիպում է ինչպես բնածին վիճակում, այնպես էլ միացությունների ձևով (արգենտիտ, պիրարգիրիտ, կերարգիրիտ): Արծաթի հիմնական մասը կորզվում է այլ մետաղների (ցինկ, կապար, կոբալտ, պղինձ) արդյունահանման ժամանակ: Արծաթի հանքաքարի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Մեքսիկայում, Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում:
 
Ի տարբերություն այլ մետաղների՝ արծաթը գրեթե ամբողջությամբ անդրադարձնում է իր վրա ընկած տեսանելի լույսը: Այդ հատկության շնորհիվ այն օգտագործում են հայելիների արտադրությունում: Առաջին հայելիները եղել են արծաթե փայլաթիթեղները: Հետագայում մշակվել են արծաթապատող լուծույթներ, որոնք (չնչին փոփոխություններով) պահպանվել են մինչև մեր օրերը:
 
Մանրէասպան հատկությունների շնորհիվ արծաթն օգտագործվում է բժշկության մեջ: Այն հականեխիչ միջոց է լորձաթաղանթի համար: Նրա միջոցով վարակազերծում են ջուրը, սակայն Ag+ իոնների մեծ կոնցենտրացիան մարդու համար թունավոր է: Լյապիսը (արծաթի նիտրատը՝ AgNO3) օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես հականեխիչ և աղաղող նյութ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: